Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ներկայացրեց ՔՊ-ի՝ ՀՀ պատմության մեջ «պատմական, աննախադեպ ձեռքբերումները»՝ աշխարհում 11-րդ երկիրը լինելուց մինչեւ խոսքի ազատություն ու ժողովրդավարություն

Հոկտեմբեր 29,2022 13:10

Մարզահամերգային համալիրի դահլիճում այսօր ՔՊ կուսակցության 6-րդ համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում խոսեց նախկինում եղած կոռուպցիայի մասին ու գնահատականներ տվեց, որ նախկինում մարդը ազատ չէր, ընտրությունները կեղծվում էին, պետական մակարդակում մարդկանց ազատությունը սահմանափակվում ու ոտնահարվում էին պետական լծակներով, իսկ տեղական մակարդակում՝ քրեական խմբավորումների եւ լծակների  գործադրմամբ. «Այդ անազատությունը արտահայտվում էր ոչ միայն հանրային, քաղաքական, այլեւ տնտեսական գործունեության մեջ, որովհետեւ տնտեսությունը խստորեն կառավարվում ու քվոտավորված էր: Մարդիկ ներդրումներ իրականացնում էին բացառապես իշխանության վերնախավի թույլտվությամբ: ՔՊ հիմնադիրները որոշեցին, որ այդպես պետք է չլինի, դրա դեմ պետք է պայքարել, որովհետեւ ընտրությունների շարունակաբար կեղծումները, ապօրինությունները, կոռուպցիան, մենաշնորհները խաթարում են մեր երկրի ապագան: Մենք տեսնում էինք, որ մեր աչքի առաջ քայքայվում են մարզերն ու հեռավոր բնակավայրերը, փակվում ու քայքայվում են դպրոցները, երեխաների շրջանում անգրագիտությունը մեծ տեմպերով ծավալվում է, մարդիկ զրկվում են կրթություն ստանալու իրավունքից, ՀՀ-ն կորցնում է իր ինքնիշխանությունն ու սուվերենությունը՝ հետեւողականորեն դառնալով միջազգային իզգոյ»:

Նա ասաց, որ իրենց պես շատ ուժեր էին մտածում, բայց իրենք առաջինն էին, որ փորձեցին հասկանալ՝ ի՞նչն է սխալ անում ընդդիմությունը, որ հաջողության չի հասնում. «Մեր ընկալմամբ մեր պետական հիմքերի հիմքն են սահմանադրության ոչ փոփոխելի հոդվածները ու քանի դեռ այդ հիմքը խաթարված է, մենք ըստ էության պետություն ու պետական ապագա չունենք: Ճիշտ էինք մտածում ու մեր հետագա խնդիր հռչակեցինք պետության հիմքը նորոգելու հարցը եւ հանրության առաջ հանդես եկանք կոնկրետ ծրագրով: Այն ներկայացրեցինք ՔՊ հիմնադիր համագումարում, որը տեղի ունեցավ 2015-ի մայիսի 31-ին»:

Նա հայտարարեց, որ ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է, երկու խորհրդարանական ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ են անցկացրել ու միջազգային դիտորդների կողմից դրանք գնահատվել են ազատ, արդար, թափանցիկ. «Մեր կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ-ն այսօր վստահ եւ հպարտորեն դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին: Ամենատարբեր վարկանիշներում մենք գուցե դեռ առաջատար եռյակում չենք, բայց շատ պատվավոր տեղեր ենք զբաղեցնում ժողովրդավարության, ընտրությունների ազատության, խոսքի եւ մամուլի ազատության չափանիշներով, ինտերնետի ազատության, տնտեսական ազատության չափանիշներով: Այսօր ժողովրդավարության, դատական անկախության միջազգային ռեյտինգներում մենք շատ դեպքերում առաջ ենք նույնիսկ ԵՄ մի շարք երկրներից: Սա մի փաստ է, որ պետք է արձանագրենք»:

The 6th Congress of the Civil Contract Party took place at the Sports and Concerts Complex named after K. Demirchyan in Yerevan, Armenia

Փաշինյանը խոսեց տնտեսական ազատության ցուցանիշից՝ ասելով, որ աշխարհում 11-րդ երկիրն ենք ու այսօր գտնվում ենք տնտեսական երկնիշ աճի փուլում. «Շատերը ասում են, որ կառավարությունը չէ հեղինակը տնտեսական աճի՝ որպես քննադատություն: Իրականում սա կոմպլիմենտ է, իրականում կառավարության թիվ 1 խնդիրն է չխանգարել տնտեսությանը զարգանալու: Մենք հավատարմորեն մնացել ենք այդ գծի վրա: ՀՀ-ում չկան տնտեսական մենաշնորհներ, չկան արտահանման եւ ներմուծման քվոտաներ»:

Փաշինյանը խոսեց նաեւ ՔՊ հիմնադիր ծրագրում կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին դրույթից. «Այսօր ՀՀ հանրային կյանքի, պետական քաղաքականության մեջ կանանց դերը շարունակաբար մեծանում է: ՔՊ-ն ստեղծել է պայմաններ, կայացրել որոշումներ, որոնք ի ցույց են դնում, որ մենք հավատարիմ ենք մեր գրած տեքստերին: ՀՀ-ում առաջին անգամ Երրորդ հանրապետության պատմության մեջ եւ ընդհանրապես Վճռաբեկ դատարանի դատախազը կին է, գլխավոր դատախազը կին է, գլխավոր դատախազի տեղակալը կին է, սրանք պատմական աննախադեպ փաստեր են: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը կին է, ԲԴԽ-ում առաջին անգամ իրավաբան գիտնականների կազմում ընտրվել է կին, ՄԻՊ-ը կին է, իհարկե, սա բացառիկ չէ»:

Նա նաեւ վստահեցրեց, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ընտրվել է կին քաղաքապետ, ունենք կին մարզպետ, կին նախարար. «Մեր ընկալման մեջ գաղափարը կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հնարավորությունների հավասարումն է, բայց մենք որեւէ մեկի թեկնածություն չենք պաշտպանում՝ ուղղակի կին լինելու պատճառով: Պարզապես մենք քաջալերում ենք կանաց, որ հավակնեն տղամարդկանց հետ այդ կարգավիճակներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31