Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյան․«Անընդունելի եմ համարում, որ այսպիսի միջոցառմանն Արցախ բառը չի հնչել ու չի հնչում»

Հոկտեմբեր 29,2022 11:45

Երեւանում մեկնարկել է Համաշխարհային հայկական գագաթնաժողով-2022-ը, որին մասնակցում են 600-ից ավելի մասնակիցներ՝  50 երկրներից։

Գագաթնաժողովի առաջին պանելային քննարկմանը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից առցանց տեսակապի միջոցով միացավ գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը։

«Ես մտածում էի՝ ես ինչպե՞ս պետք է ներկայանամ, ե՛ւ Հայաստանից եմ, ե՛ւ սփյուռքից, ե՛ւ Արցախից։ Մտածում էի՝  120 հազար մարդ, որ ապրում է Արցախում, իրենք որտե՞ղ են, իրենք ՀՀ քաղաքացի են, բայց ապրում են Արցախում։ Մենք խոսում ենք Հայաստան-սփյուռք հարաբերություններից, բայց Արցախը որտե՞ղ է, ո՞ր մասն է, իրենք հայաստանցի՞ են, թե՞ սփյուռք են դարձել։ Անընդունելի եմ համարում, որ այսպիսի միջոցառման մեջ Արցախ բառը չի հնչել ու չի հնչում»,-այսպես սկսեց իր խոսքը Ռուբեն Վարդանյանը։

Ապա նա Ավետարանից մի պատմություն պատմեց՝ զուգահեռներ տանելով ներկա իրավիճակի հետ․«Մի մարդ իր ճանապարհին տեսնում է մի խումբ մարդկանց, որոնք ինչ-որ բանով են զբաղված։ Մոտենում ու առաջին մարդուն հարցնում է՝ ի՞նչ ես անում։ Նա  ասում է՝ քար եմ քարշ տալիս։ Երկրորդին է նույն հարցը տալիս, նա էլ պատասխանում է՝ փող եմ վաստակում, ընտանիքս պահելու համար։ Երրորդին է հարցնում, նա էլ պատասխանում է՝  եկեղեցի եմ կառուցում։ Մենք նույն ձեւ պետք է փոխենք մեր մտածելակերպը, որ մենք պետություն, հայրենիք ենք կառուցում, ոչ թե փող ենք աշխատում, քար ենք քարշ տալիս»։

Վարդանյանի դիտարկմամբ՝ պետություն կառուցելը կենաց չէ, դա ամենօրյա գործ է,  եւ պատասխանատվությունն է  բոլորի։

«Մենք պետք է հասկանանք, որ այսօրվա իրավիճակը մենք ենք ստեղծել, ոչ թե՝ մեր թշնամին, մենք ենք մեղավոր եւ մենք են հասել այս իրավիճակին, որ երեսուն տարի չենք փորձել անել այն, ինչ պիտի անեինք, կառուցեինք երկիր, որը պիտի սիրենք, հպարտ լինենք ծառայելու եւ տեր լինենք մեր հայրենիքին։ Ոչ թե սեփականատեր, այլ տեր, որ պատասխանատվություն է կրում։ 2002 թվականից մենք մեծ թվով մարդկանց ասում ենք, որ մենք ունենք լուրջ խնդիր, անկախություն ենք ստացել, բայց չենք կառուցում ոչ միայն պետություն, նաեւ հասարակություն, որի մեջ կան պետական եւ ոչ պետական կազմակերպություններ, եւ այդ  ինստիտուցիոնալիզայի մոտեցումը, որ դա ոչ թե անձնական է, այլ իսկապես պետական, հայրենասեր, ինստիտուցիոնալ մտածելակերպ պիտի լինի։ Սա ենք փորձում անել քսան տարի»,-ասաց Վարդանյանը։

Նա ասաց, որ այդ տարիներին 700 նախագիծ են իրականացրել, որոնց համար ծախսվել է 400 մլն դոլար, դրանցից 150-ը տապալվել են, 200-ը մինչ օրս շարունակվում են․«Ու պիտի պատրաստ լինենք, ու պիտի չնեղանաս, թե՝ ինձ լավ չեն ընդունել, ինձ պետությունը շնորհակալություն չի ասել, շքանշան չի տվել կամ ինձ չի հրավիրել ինչ-որ միջոցառմանը։ Ես դա չեմ ընդունում։ Եթե դու սիրում ես քո հայրենիքը, իրավունք չունես ասել նման բաներ»։

Վարդանյանի խոսքով․« Ինձ սպանում է անտարբերությունը, որ մեր մեջ կա, եւ մենք չենք հավատում ոչ մեկին, մենք անտարբեր ենք՝ ինչ է կատարվում մեր շուրջը։ Առանց հավատալու՝ մենք ոչ մի բան չենք կառուցելու։ Մենք չենք հավատում մեր ապագային, չենք տեսնում մեր ապագան երկարաժամկետ։ Քսան տարի է՝ խոսում ենք, որ պետք է մտածենք, որ  այսօր ինչ պիտի անենք, այլեւ այն, որ ինչ անում ենք, ինչպես է օգնելու քսան տարի հետո։ Դրա համար մեր կրթական  բոլոր ծրագրեր բոլորը նույն բանի մասին են՝ ոնց ենք ստեղծում նոր սերունդ, որը ուրիշ արժեքներով, գիտելիքով կարող է հաջողության հասնի։ Ոչ թե գործ կպցնելով, արագ փող աշխատելով ապրենք, այլ ոնց անենք, որ կարողանանք ունենանք երկիր, որ մարդիկ սիրեն իրենց երկիրը։ Մենք չենք սիրում Երեւանը, մենք չենք սիրում մեր հայրենիքը։ Մենք չենք սիրում մեր հայրենիքը, երբ թույլ ենք տալիս մարդիկ ինչ-որ բաներ են անում, ու մենք ասում ենք՝ ի՞նչ անենք, պետությունը պիտի որոշի։ Այդ անտարբերությունը եւ զգացողությունը, որ ես պատասխանատու չեմ, ինչ- որ մեկն է պատասխանատու, դա ամենադժվար բանն է»։

Նրա կարծիքով՝ մենք կորցրել ենք  հարգանքը դեպի աշխատանքն ու աշխատող մարդը․«Մի անգամ Սինգապուրի վարչապետի հետ մի քանի հոգով ընթրիքի էինք, ես միակ հայն էի։ Նա ասաց՝ Ռուբեն, դուք պիտի իմանաք՝ մեզ համար հայը Սինգապուրում դա սպիտակ մարդու օրինակն է։ Որովհետեւ կրթված, աշխատող մարդիկ են եղել, հայերն են դատավոր եղել, հյուրանոց են կառուցել, եկեղեցի են կառուցել։ Մենք կորցրել ենք հարգանքը այդ հայի նկատմամբ, որը կրթված եւ աշխատող է, հարգանքը դեպի գիտելիքը, աշխատանքը, ավանդույթներն ու  արժեքները։ Ամոթ բառը մոռացել ենք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31