Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Պետք է մեկընդմիշտ մերժվեն այն առաջարկներն ու սկզբունքները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Արայիկ Հարությունյան

Հոկտեմբեր 29,2022 11:00

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին ժամանակներս, առանց չափազանցության, ողջ հայության ուշադրությունը սևեռված է հայ-ադրբեջանական բանակցություններին։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին մի քանի ուժային կենտրոնների կողմից ներկայացվել են առաջարկություններ՝ կարգավորման առանցքային հարցերի վերաբերյալ։

Առաջարկված սկզբունքներն ու մոտեցումները, դրանց ընդունման և իրացման դեպքում, վճռորոշ նշանակություն են ունենալու թե՛ Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի, և թե՛ Հայաստանի ու տարածաշրջանի մյուս երկրների համար։

Հենց այդ պատճառով էլ մենք սխալվելու իրավունք չունենք, քանի որ ցանկացած սխալ կարող է ճակատագրական դառնալ։ Մենք վստահ ենք, որ պետք է մեկընդմիշտ մերժվեն այն առաջարկներն ու սկզբունքները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, զրկում են հակամարտության արդարացի կարգավորման հեռանկարներից և կասկածի տակ են դնում Արցախի գոյությունը։ Եվ դա բխում է ոչ միայն Արցախի Հանրապետության շահերից, այլև՝ ողջ հայության, քանի որ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը ձևավորում են մեկ միասնական հայրենիք և արժեքների ու շահերի անբաժանելի ամբողջություն:

Ողջունում ենք Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դեռ սույն թվականի սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ՝ Ռուսաստանի կողմից ներկայացված սկզբունքների և պարամետրերի հիման վրա, և պատրաստ է դա վերահաստատել հոկտեմբերի 31-ին Սոչիում սպասվող բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։

Անշուշտ, մենք կուզեինք բանակցային գործընթացի արդյունքում հասնել ղարաբաղյան հակամարտության արդարացի ու վերջնական կարգավորման և Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի միջազգային ճանաչման: Սակայն, հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու սահմանափակ հնարավորությունները, մեր կարծիքով՝ ռուսաստանյան առաջարկություններն առավելապես համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և կասկածի տակ չեն դնում նրա ապագան։

Հույս ենք հայտնում, որ հոկտեմբերի 31-ին կայանալիք եռակողմ գագաթնաժողովի արդյունքում կհաջողվի ամրապնդել այն տարրերը, որոնք վերաբերում են Արցախի ճակատագրին։ Առաջին հերթին, խոսքը վերաբերում է Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի առաքելության անժամկետ երկարաձգման մասին։ Արցախում նրանց գտնվելը կենսական նշանակություն ունի, քանի որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության համար պատասխանատվության էական բաժինը կրում են ռուս խաղաղապահները։ Երկրորդ առանցքային պարամետրը հանդիսանում է Արցախի առնվազն ներկայիս կարգավիճակի պահպանումը։

«Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը որոշակի հույսեր է ներշնչում, որ այդ նպատակները միանգամայն իրականանալի են։

Ակնկալում ենք, որ կայանալիք բանակցությունների ժամանակ լիովին կպաշտպանվեն Արցախի Հանրապետության կենսական շահերը և, առաջին հերթին, Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և այդ իրավունքի իրացման արդյունքների միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։

Վստահ ենք, որ համատեղ ջանքերով կհաջողվի թույլ չտալ Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ ուժի անօրինական կիրառման հետևանքների լեգիտիմացումը՝ դրանով իսկ պայմաններ ապահովելով մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ ու բարեկեցիկ ապագայի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31