Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնականությունը ենթադրում է բոլորի ներգրավվածությունն ու գործունեությունը․ «Հրապարակ»

Հոկտեմբեր 29,2022 10:40

Հոկտեմբերի 28-31-ը Երեւանում ընթանում է Հայաստան-Սփյուռք համաժողովը, որը նոր անվանում ունի` Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Ակնառու է, որ սփյուռքը երբեք այսքան բաժան-բաժան չի եղել: Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը Հանրայինին տված հարցազրույցում հայտարարում էր, թե երկու կաթողիկոսներն ու ՀՅԴ-ն, տարբեր պատճառաբանություններով, մերժել են համաժողովին մասնակցելու հրավերը։ Ի վերջո, տարիներ շարունակ, երբ Հայաստանն ուներ սփյուռքի նախարարություն, ինչպե՞ս են համախմբել սփյուռքը, կազմակերպել դրամահավաքներ, համազգային համատեղ միջոցառումներ անցկացրել, ամեն տարի նույն`Հայաստան-Սփյուռք համաժողովներ արել, երբեմն՝ նաեւ Արցախում։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ նախկին սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, «Կայունություն» կուսակցության նախագահ, 2018-ից հետո ՀՀԿ-ից դուրս եկած եւ Փաշինյանին ողջունած Ֆիրդուս Զաքարյանից:

– Հայաստանը, նաեւ՝ սփյուռքը հայտնվել են խիստ պառակտված իրականությունում: Քաղաքական անհաշտություններ, վեճեր, տարաձայնություններ մշտապես եղել են, սակայն սփյուռքի նախարարությունը վճռական պահերին տարբեր շերտերի, տարբեր հայացքներ ունեցող գործիչների կարողացել է համախմբել մեկ վայրում, մեկ գաղափարի շուրջ…. այսօր իրավիճակ է փոխվել: Կպատմե՞ք` ինչպե՞ս էիք համակարգում այդ ամենը, եւ ինչո՞ւ սփյուռքի հարցերի հանձնակատարն ի վիճակի չէ պատշաճ կատարել իր աշխատանքը:

– Կարծում եմ, որ մեծ ցանկության դեպքում այսօր եւս հնարավոր էր համախմբել բոլորին: Ցավում եմ խորապես` տեսնելով այդ ամենը: Լսեցի Զարեհ Սինանյանի այն հայտարարությունները, երբ նշում էր, թե որոշ օղակներ չեն մասնակցելու համաժողովին, սակայն ապահովվել է միասնականությունը: Իմ կարծիքով` սա շատ սխալ մոտեցում է, քանի որ միասնականությունը ենթադրում է բոլորի ներգրավվածությունն ու գործունեությունը: Կարող են մշտապես տարբեր կարծիքներ հնչել, սակայն գոնե այս օրերին կարելի էր համախմբվել եւ մտքեր փոխանակել: Իմ կարծիքը հետեւյալն է` անհրաժեշտ ջանքեր չեն ներդրվել:

– Անհրաժեշտ ջանքեր չներդնելն անփորձությա՞ն, թե՞ գիտակցված խառնակչության արդյունք է….

– Անհաշտություններ միշտ են եղել: Սրանից շատ տարիներ առաջ էլ եղել են օղակներ, որոնք այս կամ այն պատճառով մերժել են համաժողովին մասնակցելու հրավերը, սակայն նախարարը դրանք լրիվ հարթել է, անգամ գնացել, հանդիպել է մարդկանց հետ, եւ միասնական մթնոլորտն իսկապես կայացել է: Հայաստան-Սփյուռք համաժողովները մշտապես անցկացվել են բարձր մակարդակով: Հակված չեմ մտածել, որ այսօր հատուկ, միտումնավոր փորձում են պառակտում մտցնել: Սա ավելի շատ անփորձության արդյունք է: Գուցե խորությամբ չեն ընկալում միասնականության կարեւորությունը: Մի տեսակ մատների արանքով են նայում. դե կգան` կգան, չեն գա` ոչինչ…. սա եւս սխալ մոտեցում է:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31