Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեռ Կամսարն աստիճանաբար պոկեց ինձ գորշ ամբոխից եւ դարձրեց ինքնուրույն մտածող անկախ մի անհատ». Վանուհի Կամսար

Հոկտեմբեր 29,2022 13:30

Փաստ է, որ իր կենդանության օրոք Լեռ Կամսարին արգելվեց «ընթերցողների դուռը թակել… Այդպես էլ մեռավ ԳՐԱԿԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ… Ստիպված ապրեց եւ ապրում է ժամանակից դուրս… »:

Վերջապես ընթերցողի սեղանին է մեծանուն երգիծաբան Լեռ Կամսարի թոռնուհու՝ Վանուհի Կամսարի կենսագրական գիրքը: Կենսագրությունը տպագրվում է առաջին անգամ: Գիրքը երեք գլուխներից է բաղկացած՝ «Վասպուրականը 20-րդ դարասկզբին», «Լեռան լռությունը», «Համաներված տառապյալը»:


Գրքի՝ «Ինչպես գտա իմ Լեռ Կամսարին» առաջաբանում Վանուհի Կամսարը հիշում է, թե երբ է առաջին անգամ «հանդիպել» պապին. «Արամ պապիս գիտեի եւ սիրում էի ծնված օրվանից, բայց այ, Լեռ Կամսարին հանդիպեցի 12 տարեկան հասակում, երբ նա նոր էր մահացել (Արամ Թովմասյանը մահացել է 1965թ. նոյեմբերի 22-ին-Ռ.Մ.): Դպրոց գնալու ճանապարհին Լենինի հրապարակին հարող կրպակում հանկարծ տեսա նրա «Մարդը տանու շորերով» գիրքը: Զարմացա ու արմացա, քանի որ գիտեի, որ գիրքն արգելանքի տակ էր, որը եւ դարձել էր նրա մահվան պատճառը: Պարզվեց, որ կրպակներին եւ գրադարաններին բաժանելուց հետո են գլխի ընկել, որ պետք է կանխել գրքի տարածումը»:

Հեղինակը ոչ այն է հումորով, ոչ այն է հումորի տակ թաքցրած հուզմունքով նկարագրում է իր հաջորդ հանդիպումը նշանավոր պապի խորհրդավոր ճամպրուկի հետ, որը նրա մահվան օրը տարվել էր Շուշան մորաքրոջ տուն: Բայց երբ թաքուն բացում է պարանով կապված, կնքված «գանձարանը», որպեսզի Վանից բերված նրա թվացյալ ոսկեղենը գտնի, թղթե պատառիկներ են ընկնում ձեռքը. «Մեկ էլ մտքովս անցավ կարդամ, գուցե գրված է Վանում թողած մեր հարստության տեղի մասին: Հազիվ կարդում եմ ձեռագիրը՝ «Պրոլետարիատը մի կեղտոտ քուրջ է, որի ծալքերում բնակռած Լենինի եւ Ստալինի նման պարազիտներ ծծում են իր իսկ արյունը…»:

1965 թվականն է, եւ հեղինակը ներկայացնում է այն սարսափը, այն զգացողությունները, երբ առաջին անգամ ծանոթանում է գրառումներին… «Ատելությունը» պապի նկատմամբ խորանում է, երբ հայրն իրենց տան առաջին «կահույքը» գնեց՝ «Օպտիմա» գրամեքենան, որով հայրը մինչեւ ուշ գիշեր տպագրում է հոր ձեռագրերը: Այդ ձեռագրերը յոթ օրինակից էին, մի օրինակը տրվում էր Նաթան հորեղբորը, մեկը՝ Նորա հորաքրոջը, մնացածը թաքցվում տարբեր տեղերում…

Հեղինակը միամիտ լավատեսությամբ փորձում է Կամսարի գանձերը բաժանել խմբագրություններին, մարդկանց:
«Անցած դարի 70-ականներին պարզվեց, որ «գտածոս» ոչ մի խմբագրության էլ առանձնապես չհուզեց, հրաժարվում էին տպագրել: Որոշ ժամանակ պահում էին իրենց մոտ՝ ասելով, թե կորել է (ճարպիկներն ուղարկում էին Սփյուռքի թերթերին), կամ, լավագույն դեպքում, հետ էին վերադարձնում: Չէի նահանջում, շրջում էի բոլոր խմբագրություններով»:

Խորհրդային միության փլուզումից հետո փոխվեց վերաբերմունքը Կամսարի նկատմամբ: Ըստ Վանուհի Կամսարի՝ թերթ ու հանդես չկար, որ չուզենար երգիծաբանի գործերը տպեր. «Կամսարը դարձել էր խմբագրությունների ամենասպասված եւ ամենագնահատված հեղինակը»: Սակայն դրան զուգահեռ, 1988 թվականին, Գրականության ինստիտուտը թոռնուհու խնդրանքի նկատմամբ քար անտարբերություն է դրսեւորում, իսկ խնդրանքը հետեւյալն էր՝ տեր կանգնել նրա անտիպ ժառանգությանը:

Տխուր-ուրախ պատում էր ասես, վասպուրականցի Տեր Թովմաս Թովմաղյանների ընտանիքում ութ զավակների ծնունդը: Կրտսեր զավակն էր Արամը՝ Լեռ Կամսարը: Ահավասիկ Գեւորգյան ճեմարանում նրա ուսանելը՝ Խրիմյան Հայրիկի հանձնարարականով եւ մասնավոր կարգադրությամբ: «Ճեմարանական առաջին օրը նա զարմանքով իմանում է, որ իր ազգանունը փոխվել է: Տեր Թովմասի գերդաստանը Թովմաղյան կամ Թումաղյան է: Նայած, թե «վյուն» մասնիկը որտեղ եւ ինչ կերպ է դրվել կամ կարդացվել…»,- գրում է հեղինակը: Պարզվում է՝ խորհրդային անձնագրերի ստացման գործընթացների ժամանակ «միլիցիայի վրիպակի» պատճառով նա դառնում է «Թովմասյան»:

Գրքում նրա բանտային կյանքի մանրամասներից կան, մեղվապահությամբ իր օրվա հացը վաստակելու, Տորֆի անպատուհան բարաքներում անցկացրած կյանքի մասին (1939-1952-ին եղել է Գեղարքունիքի աքսորավայրերում. Բասարգեչար, Տորֆ, Մազրա-Ռ.Մ.)… որը բաղնիք էր, եւ որտեղից երբեմն-երբեմն գաղտնի եկել է Երեւան՝ ընտանիքի մոտ:

Գրքում «Հավելված» խորագրի տակ, հեղինակը զետեղել է Կամսարի անպատասխան նամակները, դիմումները՝ ուղղված «երկնային ու երկրային բազմապիսի աստվածներին»: ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Իվանովիչ Միկոյանին նա դիմել էր այսպես. «Ինքնաֆելիետոն դիմումի փոխարեն», իսկ ՀՍՍՌ-ի Կենտկոմի քարտուղար Սուրեն Թովմասյանին ուղղված նամակում խոսելով «ամնիստիայով ընձեռված ազատության» մասին, բարձրաձայնում է, թե իր ազատվելուց առաջ եւ հետո փոխվել է վերաբերմունքը իր նկատմամբ, գրում է. «Ուրեմն, մի աշխատանք ձեռք բերելու համար իմ կողմից ծեծված են բոլոր դռները, մնում են բախելու եւս երկու եւ վերջին դռները: Եթե չբացվեն..եւ այս ամենը Բերիայի եւ Խանջյանի մասին խոսողին հակահարված չտալու համար»: Ահա թե ինչու են դրանք, ըստ հեղինակի, ոչ միայն վավերագրեր, այլ՝ նաեւ գեղարվեստական գործեր:

Ի դեպ, 1955-ին Հայկական ՍՍՀ Գերագույն դատարանի հատուկ կոլեգիայի 4/3 1936 թվի դատավճռով Արամ Թովմասի Թովմասյանի նկատմամբ գործը կարճվել է՝ հանցանքն ապացուցված չլինելու պատճառով, եւ նա պաշտոնապես համաներում է ստացել:

Գիրքն ավարտվում է հազվագյուտ լուսանկարներով:

Գիրքը հրատարակել է «Արեգ» հրատարակչությունը՝ «Վարք մեծաց» շարքով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31