Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուշքի եկ, վերանում ես…

Հոկտեմբեր 29,2022 13:00

Մենք, դարեր ի վեր, մեր ունեցածը նվիրեցինք, աշխարհով մեկ ցրիվ տվեցինք մեր ձեռքով, ու կեղծ բարեպաշտի կոծով կական բարձրացրինք մեզ թալանողների մասին: Գոնե՝ ոչ նրանց դեմ, այլ՝ մասին:

Մենք ուրացանք մեր գրերը եւ նորից հայտնաբերեցինք դրանք, որ ընդամենը փրկօղակ ունենանք եւ ոչ թե փաստենք, որ այդ գրերով են եղել այն իմաստասիրական կոթողները, որոնցից քարեր տանելով օտարներն ստեղծեցին իրենց աստվածներին, էպոսները, կտակարանները, աստղադիտարանները:

Մենք մեր հավատքի անունը դրեցինք հեթանոսական եւ ուրացանք, բայց նույնը փոխ առանք օտարից, ով հասցրել էր մեր հերոսաշունչ սրբերին անվանափոխել, յուրացնել, նրանց էությունից վերացնել հերոսությունը՝ թողնելով խեղճ ու կրակ նահատակների կերպարներ:
Այդպես ձեռնտու էր մեզ, որ արդարացնենք մեր կամովին հալածյալ ու նահատակ լինելը:

Մեր հայրենիքի աշխարհագրական տեղի ընձեռած հնարավորությունները մենք չկարողացանք օգտագործել, օտարները մեկընդմեջ տիրացան, իրար ձեռքից խլելով վայելեցին, եւ այդ ընթացքը դեռ շարունակվում է:

Մենք, իբրեւ թե այս լեռնաշխարհի տերեր, ինքներս ենք օտարներին խնդրել, որ գան, մեկ ուրիշ օտարից խլեն մեր հայրենիքն ու չտան մեզ, այլ թույլ տան, որ մեր տան մեջ մեր մահով մեռնենք:

Հիմա մենք ուզում ենք եվրոպացի դառնալ՝ ազգայինը սպանելով: Այնինչ ոչ Եվրոպային, ոչ Ասիային, ոչ հյուսիսին եւ ոչ էլ՝ հարավին, դիակ պետք չէ: Եթե մումիա լինեիր, կվերցնեին, կդնեին թանգարանում, բայց դու ընդամենը հնադարից մեր օրերին հասած ինքնասպան ես՝ հանուն հազար սիրեկան ունեցած օտարների սիրուն: Նրանք համբերատար կսպասեն, որ փչես վերջին շունչդ ու գերեզմանիդ վրա իրենց պալատները կկառուցեն:

Քեզ հասցրել ես հոգեվարքի եւ վերջին շունչ-ազգային արմատներդ չորացնելով, սպանելով, ուզում ես, որ քո անձնազոհությունը գնահատեն ու թթվածնի դիմա՞կ հպեն քթիդ, վերքիդ սպեղանի՞ դնեն: Բա դարերով արնահոսած վերքերիդ ո՞վ է դեղուդարման անելու: Տասներկու մայրաքաղաք ես ունեցել եւ ամաչելու փոխարեն հպարտանում ես դրանցով: Որտե՞ղ են հիմա դրանք՝ մայրաքաղաքներդ, քանի՞սն են քեզ մնացած հողակտորի սահմաններում: Բա չե՞ս հասկանում, որ զիջելով, զիջելով, զիջելով՝ վերանո՛ւմ ես…

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Այս մտքերը կարելի է համարել մեր ազգային պահվածքի ճշգրիտ ռենտգեն հետազոտությունը, որը բացահայտում է պատմության մարաթոնում թույլ տված մեր բախտորոշ սխալները, որոնք էլ կարծես դարերի ընթացքում վերածվել են ազգային կենսակերպի: Ինչքան լավ կլիներ, որ այս հոդվածը կարդային աշխարհի բոլոր հայերը և յուրաքանչյուրն իր հերթին փորձեր գտնել մեր վտանգված ընթացքի հնարավոր բարելավումը: Իսկ անտարբերներին խնդրում եմ, որ ժամանակ առ ժամանակ թեկուզ միայն կարդան այս հոդվածի վերնագիրը՝ ուշքի եկ, վերանում ես…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31