Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Մադոյանը հավատարիմ է իր սկզբունքին՝ յուրաքանչյուր համերգին պրեմիերա

Հոկտեմբեր 29,2022 12:30

Օրերս Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնում ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանի այս տարվա հերթական մենահամերգն էր։ Մինչ համերգը դասական երաժշտության երկրպագուների շրջանում շշուկներ էին պտտվում, հետաքրքրվելով, թե այս անգամ ինչ անակնկալ է պատրաստել երաժիշտը։ Ու թեեւ հայտագրի վրա նշված էր, որ ծրագրում միայն Պագանինիի ստեղծագործություններն են, ֆանատ հանդիսատեսներից ոմանց հաջողվել էր ճշտել, որ համերգում առաջին անգամ կհնչեն Պագանինիի գործերը՝ գրված տարբեր օպերաների արիաների թեմաներով։ Եվ սա առաջին դեպքը չէ. նման հետաքրքրությունը սկսվեց հատկապես Գինեսի ռեկորդների գրքում 2019թ. ջութակահարի ամրագրած ռեկորդից հետո։ Հիշեցնենք, որ 2017-ին նա Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը 33 ժամ 2 րոպե 41 վայրկյան անընդմեջ անգիր նվագել է շուրջ 60 ստեղծագործություն, այդ թվում՝ 4 հայ կոմպոզիտորի գործեր։ Միառժամանակ անց ջութակահարը մեկ նվաճում էլ ունեցավ. մեկ երեկոյի ընթացքում անգիր կատարելով Պագանինիի բոլոր՝ 6 ջութակի կոնցերտները։

Լուսանկարը՝ Օպերային թատրոնում կայացած համերգից:

Անդրադառնալով թատրոնում կայացած երեկոյին, որտեղ Նիկոլայ Մադոյանը հանդես եկավ օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, նշենք, որ ըստ էության ճիշտ էր հանդիսատեսը. առաջին անգամ ներկայացվեցին Պագանինիի Ինտրոդուկցիաներ եւ վարիացիաներ Ռոսինիի «Տանկրեդ» օպերայի «Սրտային թրթիռ», Վեյգլի «Նավաստիի սերը» օպերայի «Նախքան պարտավորություն ստանձնելը», Ռոսինիի «Մոխրոտը» օպերայի «Օջախի մոտ ես արդեն չեմ տրտմում բնավ», դարձյալ Ռոսինիի՝ «Մովսես» օպերայի Աղոթքի արիաների թեմաներով (այս ստեղծագործությունը կատարվում է ջութակի մեկ լարի վրա) եւ լռեցնելով բրավոների ու բիսերի տարափը, ծրագրից դուրս հնչեցրեց Պագանինիի «Հավերժական շարժումը» (դո մաժոր)։

Հիշեցնենք, որ Մադոյանը օպերայի նվագախմբի հետ եւ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, միառժամանակ առաջ, դարձյալ առաջին անգամ, հանդես էր եկել «Երաժշտական մարգարիտներ» ծրագրով, ներկայացնելով իսկապես մարգարիտներ՝ Բրամսի «Հունգարական պար», Մենդելսոնի «Երգ առանց խոսքի», Մուսորգսկու «Հոպակ», Մասնեի «Մտորում» ստեղծագործությունները։ Եվ ինչո՞ւ առաջին անգամ։ Որովհետեւ այս գործերը մատուցվեցին ոչ թե միայն ջութակի եւ ռոյալի ընկերակցությամբ, այլ նվագախմբի հետ։

Հիշյալ ստեղծագործություններն ու Պագանինիի ինտրոդուկցիաներն ու վարիացիաները ջութակի եւ նվագախմբի համար գործիքավորել է կոմպոզիտոր Աշոտ Բաբայանը։ Կայացած համերգից հետո հիշեցինք, որ, եթե չենք սխալվում՝ գարնանը, ջութակահարը Երեւանի պետական կամերային նվագախմբի հետ՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, հանդես էր եկել Վիվալդիի ծրագրային կոնցերտների կատարումով՝ «Փոթորիկը ծովի վրա», «Որսը», «Կկուն», նաեւ հնչեցրել էր մեկ մաս Վիվալդիի հանրահայտ «Գլորիայից», որտեղ Մադոյանին ընկերակցել էր սոպրանո Սոֆյա Սայադյանը։ Մեզ հետ զրույցում Նիկոլայ Մադոյանը հիշեցրեց նաեւ, դարձյալ այս տարի, օպերային թատրոնի նվագախմբի հետ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան) իր բեմելը՝ նվիրված լեգենդար կինոգործիչ Արտավազդ Փելեշյանի հոբելյանին։ Այդ երեկո հնչեց Փելեշյանի սիրված գործերից՝ Վիվալդիի «Տարվա եղանակները»։ Ընդ որում, այս վերնագրով հանճարեղ ֆիլմ ունի Փելեշյանը։

Կատակեցինք, թե՝ վատ է սովորեցրել հանդիսատեսին, նրանք ջութակահարի յուրաքանչյուր համերգից ակնկալում են նոր բան՝ պրեմիերա։ Մեր զրուցակիցը լուրջ արձագանքեց. «Վերջերս հայտնաբերել եմ Վիվալդիի ուշ շրջանի կոնցերտները, որոնք մեծամասամբ ինքն էր կատարում։ Ցանկություն ունեմ առաջիկայում դրանք առաջին անգամ մեր հանդիսատեսին հրամցնել՝ նույնպես օպերային թատրոնի նվագախմբի ընկերակցությամբ, Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։ Ավելին՝ Պագանինին ունի գործեր՝ գրված սոլո ջութակի, երգչախմբի եւ նվագախմբի համար, օրինակ՝ հենց «Սանբեռնար մենաստանը» եւ այլն։ Ճիշտ է, այս մասին դեռ չեմ ասել մաեստրո Դուրգարյանին, բայց, վստահ եմ, նա կհամաձայնի…»։

Հետաքրքրությանը՝ աշխարհի լավագույն նվագախմբերի եւ դիրիժորների, այդ թվում՝ Կլաուդիո Աբբադո, Լեոպոլդ Հագեր, Հելմուտ Մյուլլեր-Բրյուլ, Ռիչարդ Հիքոքս, Քուրթ Մազուր, Վալերի Գերգիեւ… հետ համագործակցած երաժիշտը, ստացվում է, որ վերջին շրջանում նախընտրում է Կարեն Դուրգարյանին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա այդպես է, պատճառն էլ մեկն է՝ սկսած դիսցիպլինայից մինչեւ ստեղծագործությունների այնպիսի մեկնաբանում, որը մեկը մեկին համընկնում է իմ պատկերացումներին»։ Նկատեցինք, որ վերջին շրջանում կարծես կրճատվել են ջութակահարի հյուրախաղերը։ Այդ առիթով Նիկոլայ Մադոյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Նոյեմբերին Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ մեկնում եմ Գերմանիա, հանդես կգանք մի քանի քաղաքներում՝ Բեռլինում, Շտուտգարդում, Մյունխենում, մատուցելով Մենդելսոնի ջութակի կոնցերտը (ռե մինոր)։ Համերգները կղեկավարի ճանաչված դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը։ Գերմանիայից հետո նախատեսված են հյուրախաղեր Իտալիա ու Դանիա»։

Ռեպլիկին՝ իսկ որեւէ հայ կոմպոզիտորի գո՞րծ…, ջութակահարը փաստեց, որ դրանք անպակաս են իր նվագացանկից, իսկ կայանալիք հյուրախաղերի ծրագրում ընդգրկել է Կոմիտասի հայկական ժողովրդական երգերի հավաքածուից մշակումներ եւս։ Տեղեկացրեց նաեւ, որ եվրոպական հեղինակավոր ձայնագրման ստուդիաներից մեկը (անունը չբարձրաձայնեց) կթողարկի իր հերթական CD-ն, որում տեղ կգտնեն Տիգրան Մանսուրյանի Սոնատը դաշնամուրի ու ջութակի համար եւ Ռոբերտ Ամիրխանյանի Ռապսոդիան՝ ջութակի եւ նվագախմբի համար. «Մեծ ցանկություն ունեմ Ռապսոդիան ձայնագրել օպերայի նվագախմբի հետ, մաեստրո Դուրգարյանի ղեկավարությամբ»։ Ասվածը հստակեցնելով էլ նշեց, որ հայ հեղինակների ստեղծագործությունների ձայնագրությունը ստուդիայի առաջարկն է, բանակցություններն էլ ընթանում են։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31