Լրահոս
Օրվա լրահոսը

«Օգնելով թուրքերին նվաճել Արցախը՝ Պուտինը ենթադրում էր, որ Հայաստանը, նոր պատերազմի ահից, հավերժ կառչած կմնա Ռուսաստանից»

Հոկտեմբեր 29,2022 14:00

«Կողմնորոշման վերաբերյալ եթե Հայաստանը որոշում ունենար, ոչ միայն ինչ-որ պատգամավորի մուտք կարգելեր, այլ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս կգար, բազան կհաներ ու հազար ու մի բան». «Առավոտի» զրուցակիցն է «Հայկական ընտրություն» նախաձեռնության համակարգող Արմեն Աղայանը:

– Առաջիկայում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ ՌԴ նախագահի հովանու ներքո: Նախորդ՝ Պրահայում, ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ կայացած հանդիպումից, դրա արդյունքներից, ռուսական մամուլում տպագրված արտահոսքից՝ Արցախի հարցի կարգավորման ՌԴ-ի եւ հավաքական Արեւմուտքի տեսլականների մասին եւ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ առաջին անգամ ՌԴ-ի կողմից արված բավական բաց տեքստով հայտարարություններից հետո, ի՞նչ քայլերի կդիմի ռուսական կողմը, ի՞նչ ակնկալել այս հանդիպումից:

– Ոչ մի բան էլ չենք կարող ակնկալել։ Ռուսաստանին դուրս են մղում ամեն տեղից, Ռուսաստանն ինքն է իրեն ամեն տեղից դուրս մղել՝ պատերազմ սանձազերծելով Ուկրաինայի դեմ։ Բայց դեմքի պահպանման եւ Արեւմուտքի մուտքը խանգարելու խնդիր ունի։ Այս հանդիպումը կազմակերպվում է հենց այդ նպատակով՝ թե իբր ես դեռ դերակատար եմ ու այս տարածաշրջանը դեռ իմն է։ Թեեւ, վաղուց իրենը չէ։ Նպաստելով Հայաստանի պարտությանը 2020 թվականի պատերազմում, հենց ինքն իր մնացած բաժնեմասը նվիրեց Թուրքիային՝ պայմանով, որ հայերի համար շարունակվի փրկիչ համարվել ու այդպիսով ձեւական ներկայություն պահպանել։ Բայց հիմա փրկիչ ձեւանալն էլ չի ստացվում։

Օգնելով թուրքերին նվաճել Արցախը՝ Պուտինը ենթադրում էր, որ Հայաստանը, նոր պատերազմի ահից, հավերժ կառչած կմնա Ռուսաստանից։ Դրան պետք է ծառայեին նաեւ Բաքվի շարունակական ոտնձգությունները Արցախում, Սյունիքում, Վայքում, Գեղարքունիքում։ Բայց հակառակ արդյունքը ստացվեց։ Եռօրյա մարտերից հետո ոչ թե Մոսկվայից, այլ Վաշինգտոնից հնչած հեռախոսազանգերը կասեցրին թուրքերի առաջխաղացումը։ Իսկ ՀԱՊԿ-ի մերժումը հակառուսական տրամադրություններ առաջացրեց անգամ ռուսամետ հայերի մոտ։ Եթե Հայաստանի պարտված կառավարությունը 2020-ից Մոսկվայից էր խաղաղություն եւ անվտանգություն մուրում, հիմա հույս ունի անվտանգության երաշխիքներ ու խաղաղություն ստանալ Արեւմուտքից։ Ուստի, հիմա Մոսկվան Հայաստանին սանձելու խնդիր էլ ունի։ Եվ բացատրելու, որ «Արեւմուտքը հեռու է, իսկ ինքը՝ մոտիկ», որ «եթե Արեւմուտքից ձեռ չքաշենք, ինքը կհեռանա ու թուրքը մեզ կուտի»։
Վերջապես Ռուսաստանը պարտավորություններ ունի Թուրքիայի հանդեպ, որ դեռ ամբողջությամբ չի կատարել։ Դեռ պետք է Հայաստանին միջանցք պարտադրի, նաեւ այնպիսի սահմաններ, որոնք ամբողջությամբ կլինեն թուրքերի վերահսկողության տակ։ Իսկ դրա համար նախ պետք է այնքան ճնշել, որ Երեւանը Արեւմուտքի հետ որեւէ հույս չկապի։

– Եռակողմ հանդիպումից առաջ ուշագրավ էր ռուսաստանցի գործիչներին Հայաստանում անցանկալի անձ հայտարարելու գործընթացը: Առավել զավեշտալին, թերեւս, ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինին անցանկալի անձ հայտարարելն՝ այն էլ ԱԺ արտաքին կապերի վարչության պետի մակարդակից: Դրան Հայաստանում հետեւեց արեւմտամետ գործիչների հրճվանքը, ռուսամետ գործիչների հիասթափությունը. Ձեր դիտարկումներով՝ ինչի՞ մասին է այս ամբողջը, մանավանդ, որ Կոնստանտին Զատուլինը ՌԴ-ում, այսպես ասենք, «գլխավոր դերակատարում» ունեցող գործիչներից չէ:

– Թե արեւմտամետների հրճվանքը, թե ռուսամետների ոչ թե հիասթափությունը, այլ մեղադրանքները անտեղի են։ Սա բոլորովին էլ կողմնորոշման փոփոխություն չի նշանակում։ Ավելի ճիշտ, կողմնորոշման փոփոխությունը սրանով չի դրսեւորվում։ Հայաստանը, ինքնիշխանության իր ներկայիս մակարդակով, ընդունակ չէ անգամ կողմնորոշում փոխել։ Ամեն բան որոշվում է Երեւանից շատ հեռու։ Անգամ կարելի է պնդել, որ Հայաստանի հովանավորի հարցն այսօր ավելի շատ որոշվում է Ուկրաինայում, ու պայմանավորված է ռուսական բանակի անհաջողություններով։

Կողմնորոշման վերաբերյալ եթե Հայաստանը որոշում ունենար, ոչ միայն ինչ-որ պատգամավորի մուտք կարգելեր, այլ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս կգար, բազան կհաներ ու հազար ու մի բան։

Իսկ Զատուլինի մուտքն արգելելը նույն պատճառն ուներ, ինչ ֆրանսիահայ դաշնակցական Մուրադ Փափազյանի վերաբերյալ նույնպիսի որոշումը։ Պատճառը՝ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված ու իր կողմից վիրավորանք ընկալվող քննադատություններն էին մարդկանց կողմից, որոնք Նիկոլի կարծիքով դա անելու իրավունք չունեն։

– ՀՀ իշխանությունը խոսում է Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության մասին, Բաքուն հրաժարվում է խոսել Ստեփանակերտի հետ՝ համարելով, որ Արցախի հարցը լուծված է եւ այնտեղ բնակվողներն էլ իրենց պետության քաղաքացիներ են, իսկ Ստեփանակերտում՝ Ադրբեջանի կազմում լինելը մոռացված գաղափար են անվանում եւ Արցախի ապագան առանց ՌԴ-ի չեն տեսնում. ո՞ւր են տանում մեզ այս իրողությունները:

– Նման բաներ ասելով՝ ՀՀ իշխանությունը ստորաբար կեղծում է ու խաբում։ Արցախը, փաստացի եւ համարյա իրավաբանորեն հանձնելուց, մնացած Հայաստանից ֆիզիկապես կտրելուց, 100 հազար արցախցիներին ու հայկական բանակի մի քանի հազար թերզինված մնացորդը պատանդ թողնելուց հետո մենք ինչպե՞ս կարող ենք հուսալ, որ Բաքուն Ստեփանակերտի հետ կխոսի։ Ստեփանակերտը մինչեւ 2020-ը ՀՀ կողմից վերահսկվող տարածք էր, որի տեղական ղեկավարությունը Երեւանի կողմից ներկայացվում էր որպես արցախահայերի ներկայացուցիչ։ 2020-ից հետո Արցախն ի՞նչ է, ոչինչ։ Ինչպես տասնամյակներ առաջ ԼՂՀ անկախության թատրոնը հորինվեց՝ Արցախը Հայաստանից կտրելու ու, ի վերջո, հանձնելու համար, այնպես էլ հիմա ՔՊ-ական ապազգային խմբակը՝ խոսելով Բաքու-Ստեփանակերտ ուղղակի երկխոսության մասին, փորձում է հարցի բաց լինելու տպավորություն ստեղծել, ու այդպիսով, իր վրայից գցել Արցախը Ադրբեջանի գերիշխանության ներքո ճանաչելու մեծագույն անիծյալ դավաճանությունը։

Եթե Հայաստանը շուտով չվերականգնի ինքնիշխանությունը, բանակը ու ինչ-որ հրաշքով չազատագրի առնվազն Քարվաճառն ու Քաշաթաղի հյուսիսը, օտար երաշխիքներով մեզ դժվար թե հաջողվի այնտեղ հայություն պահպանել։ Իսկ կարգավիճակի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է։

– Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար դեռեւս կա՞ն քայլեր, որոնք անելու պարագայում, հայկական կողմերն ավելի շահեկան դիրքերում կհայտնվեն, թե՞ ամբողջությամբ կախված ենք տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական խաղացողների շահերի բախումից:

– Ամեն բանի մասին խոսելն իմաստ ունի միայն ինքնիշխանության վերականգնումից ու իսկապես ազգային կառավարության ունենալուց հետո։ Մինչ այդ մեր փոխարեն որոշում են ուրիշները։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31