Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյան. «Ես իրատես եմ եւ չեմ կարծում, որ խաղաղության պայմանագիրը մինչեւ տարեվերջ կստորագրվի»

Հոկտեմբեր 28,2022 23:59

«ՀՀ տարածքային ամբողջականության անվտանգային երաշխիքները» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման եւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, որին անշեղորեն գնում է Հայաստանի իշխանությունը, ասաց. «Երբ մենք միտք ենք արտահայտում, աշխատում ենք դրա տակ ինչ-որ բան դնել, որպեսզի այդ միտքը հիմնավոր լինի: Ես Արարատի շրջանի Սուրենավան գյուղի բնակիչ եմ եղել Սովետական Միության ժամանակ եւ շատ լավ գիտեմ, թե Արարատի եւ Արտաշատի միջեւ մոտավորապես մինչեւ կոնկրետ ծառը որ շրջանում էր: Հետեւաբար, նույն կերպ էլ մեր հանրապետության, մեր հայրենիքի այն շրջանները, որոնք սահմանակից են Ադրբեջանի համապատասխան շրջանների հետ, այնտեղ էլ է պարզ է, թե թուրքը որ վարչական սահմանի մեջ է եղել: Բայց պետական սահման չի եղել: Հիմա փնտրտուքի մեջ, թե ինչը հիմք ընդունել սահմանների ճշգրտման, սահմանազատման խնդիրները լուծելու համար, իմ կարծիքով բոլոր դեպքերում առաջին պլան գալիս է հենց Սովետական Միության վարչական տարածքային բաժանումը: Եվ դրա վրա պետք է հենվել, երբ Ադրբեջանն ասում է, թե ինքը չի ճանաչում այդ ամեն ինչը»:

Բանավեճի կողմ, «Մոդուս Վիվենդի» ՀԿ նախագահ Արա Պապյանը հարցրեց, թե այդ սովետական վարչական տարածքային բաժանման գծերը, որոնք սահման չեն, պարբերաբար փոփոխվել են: Հետեւաբար, իշխանությունը ո՞ր ժամանակահատվածն է համարում, որ պիտի ճանաչվի: Օրինակ, նույն անկլավների պարագային, դա սկզբից չի եղել: Հայաստանը եղել է 30 հազար 500 քկմ կամ ավելի, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է 29,8 հազար քկմ, ինչին պատգամավորը պատասխանեց, որ բոլոր դեպքերում ինքն էլ 29,8 հազար է լսել: «Ես չեմ կարող ասել, թե որ թվականի քարտեզներն են հիմք ընդունվում: Դա հսկայական քրտնաջան աշխատանք է, որը ժամանակ է պահանջում: Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»: Իսկ հարցադրմանը, թե մտադրություն եւ ցանկություն կա մինչեւ տարեվերջ պայմանագիրը ստորագրել, պարոն Աղազարյանը պատասխանեց, որ ինքը ռեալիստ է եւ չի կարծում, թե փաստաթուղթը մինչեւ տարեվերջ կստորագրվի:

Խոսելով խաղաղության պայմանագրի փաստաթուղթը ստորագրելու եւ վարչական սահմանները ճանաչելու վտանգի մասին, անգամ սահմանների ճշգրտումը հետագային թողնելով, արդյո՞ք դրանով չի ստացվում, որ Հայաստանի զորքերը 30 տարի շարունակ գտնվել են օտար երկրի տարածքում` պարոն Աղազարյանն ասաց. «Հայաստանի զորքերը երբեք չեն գտնվել օտար երկրի տարածքում: Արցախի մեր հայրենակիցները, օգտվելով ինքնորոշման իրենց իրավունքից, հայտ են ներկայացրել անկախանալու համար եւ այդ որոշումը նոր ձեւավորված ադրբեջանական իշխանությունները ընդունել են սվիններով, արյան մեջ խեղդել այդ որոշումը: Ամբողջ աշխարհից եւ հատկապես մեր հայրենիքի այս հատվածից, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն, բազմաթիվ հայորդիներ գնացել են Արցախի պաշտպանության բանակ եւ իրենց համար ստեղծել են անվտանգության գոտի»:

Իսկ այն, որ այս խնդրով միջազգային դատարանի որոշում կա ընդդեմ Հայաստանի, իշխող կուսակցության ներկայացուցիչը ասաց, որ դա տեղի է ունեցել էնօրյա բարձրաստիճան պաշտոնյաների` ավար բաժանելու եւ ձեռքերն ուրիշների կրակի վրա տաքացնելու մոլուցքից: «Երբ որ Արցախի ժողովուրդը, պաշտպանության բանակը, աշխարհից եւ հատկապես Հայաստանից գնացած հայորդիների եւ նրանց մի մասի նաեւ արյան շնորհիվ ստեղծեց պաշտպանության գոտի, մեր որոշ իշխանավորներ, որոնք այսօր էլ մեր հետ ապրում են, փորձեցին ավար բաժանել, որ իրենք են ազատագրել: Այ, այդ բաները հիմք հանդիսացան ոչ հայանպաստ որոշումների, որը մեր տունը քանդեց»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, որ եթե նախկինները ավար բաժանելով էին զբաղված եւ դա սխալ էր ու դրա համար ենք հիմա այս իրավիճակում հայտնվել, ապա ի՞նչն է խանգարում այսօրվա իշխանությանը` հրաժարվել ավար բաժանելու արատավոր երեւույթը մերժելուց, կանգնեցնել կորուստների շղթան եւ հայանպաստ քաղաքականություն վարել: Օրինակ, Արցախը Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ էր ու Շուշին էլ Արցախում էր: Եվ եթե համարում են, որ ԼՂԻՄ-ը Ադրբեջան չի եղել, ինչո՞ւ հիմա քաղաքն ադրբեջանցիներից ազատելու եւ  Շուշին Արցախին վերադարձնելու պահանջ չի դրվում, Հովիկ Աղազարյանը պատասխանեց, որ ինքը չի ասել, թե ԼՂԻՄ-ը Ադրբեջանի մաս չի եղել, այլ վարչական իմաստով եղել է:  «Ինչ վերաբերում է Շուշիին, դուք ինչ-որ իմաստով հետ եք գնում: Հա, կարելի է նաեւ այդ հարցը քննարկել, որ Շուշին պետք է դիտարկել ԼՂԻՄ-ի մաս եւ այդ տեսանկյունով նայել ինքնորոշմանը: Բայց այդ դեպքում կառաջանա ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը»,-պատասխանեց պարոն Աղազարյանը:

Իսկ ավար բաժանելու քաղաքականությունից հրաժարվելու մասին ասաց. «Մենք հիմա դա էլ անում ենք: Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային որեւէ խնդիր, պահանջ չունի, բնականաբար, չհաշված այս վերջին ներխուժումները: Դրանք օկուպացված տարածքներ են եւ նրանց զորքերը գտնվում են մեր սուվերեն տարածքում: Սա էլ մի կողմ թողնելով` ասում ենք, որ ենթադրենք ` այդ հարցը լուծվում է, կարող է որոշակի հարցեր լինեն, բայց գլոբալ իմաստով մենք Ադրբեջանի հետ տարածքային խնդիր չունենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31