Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիի ուկրաինական գույները (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 28,2022 23:50

Թբիլիսիի խանութներից մեկում ինձ մոտեցավ 60-65 տարեկան վրացուհի մի կին եւ վրացերենով ինչ-որ բան ասաց՝ հայացքով ցույց տալով ձեռքիս բլուզը, որը մանրակրկիտ ուսումնասիրում էի ու չէի կողմնորոշվում՝ գնե՞լ, թե՝ ոչ: Ժպտացի: Կինը նորից շարունակեց վրացերենով խոսել՝ ակնհայտորեն պնդելով բլուզի մասին իր հայտնած կարծիքը: Ռուսերենով պատասխանեցի, որ վրացերեն չեմ հասկանում, եթե կարելի է՝ իր համար նախընտրելի այլ լեզվով շարունակել: Կինը համառ էր. եվս մի քանի նախադասություն «շպրտեց» վրացերենով, ապա «վրացական անգլերենով» շարունակեց:

Կրկին ժպտացի, ներողություն խնդրեցի՝ ասելով, որ իմ՝ անգլերենի իմացությունը չի բավարարում իրեն հասկանալու համար, եթե դժվար չէ՝ «խոսակցությունը» ռուսերենով շարունակենք: Կինը դարձյալ ինչ-որ բան ասաց, որից ես առանձնացրի «սոմխեթի՞» հարցական բառը: Միանգամից կառչեցի հասկացածս բառից ու ասացի՝ այո, հայ եմ ու ոչ տեղացի, Երեւանից եմ հյուր եկել՝ մի քանի օրով: Կինը ժպտաց ու բավական մաքուր ռուսերենով շարունակեց. «Այդ դեպքում, կարելի է ձեզ հետ ռուսերեն խոսել»:

Պատմեց, որ Լենինգրադում է ապրել երկար տարիներ, այնտեղ է ասպիրանտուրան ավարտել ու, հավանաբար, կանխելով հնարավոր հարցս՝ ասաց. «Երբ մենք այնտեղ էինք սովորում եւ ապրում, իրենք պահանջում էին, որ իրենց լեզուն սովորենք, որպեսզի հաղորդակցվենք. հիմա, իրենք են եկել այստեղ ապրելու, աշխատելու՝ թող մեր լեզուն սովորեն եւ մեզ հետ մեր լեզվով խոսեն»: Կինը նկատի ուներ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Վրաստան, հատկապես, Թբիլիսի տեղափոխված ռուսներին: Իսկ Վրաստան տեղափոխված ռուսները շատ են. Վրաստանի ՆԳՆ-ի հրապարակած պաշտոնական տեղեկություններով, 2022 թվականի մարտ-հունիս ամիսներին Վրաստան ժամանած ռուսների 18%-ը՝ ավելի քան  53 հազար մարդ, մնացել է երկրում:

Պատճառները տարբեր են՝ սկսած նրանից, որ Վրաստանում հարկային դաշտն ավելի ազատ է: Պաշտոնական տվյալներով՝ այս տարի Վրաստան այցելությունների քանակով առաջին տեղում  հենց ռուսներն են։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի տվյալներով, Վրաստանում այսօր գործում է մոտ 13500 ռուսական ընկերություն, դրանց կեսը գրանցվել է Վրաստանում ռուս-ուկրաինական պատերազմից հետո: Գրանցված ընկերությունների 90%-ից ավելին ԱՁ-ներ են:

Վրաստանում նաեւ շատ ուկրաինացիներ կան: Նրանց նկատմամբ վերաբերմունքն ավելի բարյացակամ է: Իրենց մոտ տեղափոխված ռուսներին էլ այստեղ վատ չեն վերաբերվում, բայց՝ լրագրող-զբոսաշրջիկիս տպավորությամբ, որը ձեւավորվեց տարբեր զրույցների արդյունքում, Թբիլիսի տեղափոխված ռուսները բավական զգուշավոր են իրենց շփումներում, արված արտահայտություններում, հաճախ չեն վարանում ամեն նախադասության վերջում ներողություն խնդրել իրենց երկրի ղեկավարների՝ Վրաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի համար:

Շատ վրացիներ Ռուսաստանին համարում են «բռնազավթիչ», իսկ ռուսերենը՝ «օկուպանտի լեզու»:

Օգոստոսի 2-ին OC MEDIA-ն տեղեկացրել էր, որ Թբիլիսիի քաղաքապետարանը և Աջարիայի զբոսաշրջության վարչությունը դադարեցրել են ուկրաինացի փախստականների համար հյուրանոցներում տեղավորման և սննդի ֆինանսավորումը։ Թբիլիսիի քաղաքապետարանը հուլիսի 17-ին հայտնել է, որ առողջապահության նախարարությունը կհոգա ուկրաինացի փախստականների մասին օգոստոսից, և որ այժմ նրանց երեք ամիս կտրամադրվի 300 լարին (100 դոլար) յուրաքանչյուր ընտանիքի և 45 լարի (15 դոլար) յուրաքանչյուր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար հաջորդ ամսվա համար: Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (UNHCR) նույնպես կտրամադրի 235 լարի (80 դոլար) յուրաքանչյուր անձի համար երկու ամսվա համար: Քաղաքապետարանը նաև հաղորդել է, որ ուկրաինացիները դեռ իրավունք կունենան անվճար ճանապարհորդել հասարակական տրանսպորտով և օգտվել քաղաքային մանկապարտեզներից, արվեստի և սպորտի դպրոցներից: Թբիլիսիի քաղաքապետարանը հայտնել է, որ մինչ այժմ մայրաքաղաքում ավելի քան 5 000 ուկրաինացի փախստականների բնակարանաշինության և կերակրման վրա ծախսել է 14 միլիոն լարի (մոտ 5 միլիոն դոլար):

Ռուսների եւ ուկրաինացիների ներգաղթի արդյունքում, 2022 թվականի մարտից Թբիլիսիում բնակարանների գները գրեթե կրկնապատկվել են, 2-3 անգամ թանկացել են նաեւ սննդամթերքը, առաջին անհրաժեշտության ապրանքները: Գնաճի մեծ տեմպը պահպանվում է:

Թբիլիսին այս օրերին ողողված է «Փառք Ուկրաինային» գրառմամբ պաստառներով եւ ուկրաինական դրոշի գույներով՝ ամենատարբեր դրսեւորումներով: Քիչ չեն նաեւ «նոր ՌԴ»-ն խորհրդանշող դրոշները՝ սպիտակ եւ կապույտ գույներով. այստեղ հավատում են, որ դա իրականություն կդառնա:

Ի դեպ, Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հուշաքար է տեղադրված՝ ի հիշատակ ազգությամբ վրացիների, ովքեր մասնակցել եւ զոհվել են Ուկրաինայում՝ ՌԴ-ի սկսած պատերազմում: Այդ պատերազմում մինչ օրս 21 վրացի է զոհվել: Հուշաքարի մոտ զոհվածների լուսանկարներն են, մոմեր, ծաղիկներ՝ նաեւ ուկրաինական դրոշի գույներով: Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ նաեւ ի պաշտպանություն Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի բողոքի ցույցն է շարունակվում:

Ամեն դեպքում, միանշանակ պնդել, որ Վրաստանում ամբողջությամբ հակառուսական տրամադրություններ են, չի կարելի. հասարակության մի ստվար մասն էլ պրոռուսական տրամադրություններ ունի: Վրացական հասարակությունն էլ, ինչպես հայկականը, երկու մասի է բաժանված:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Թբիլիսի-Երեւան

Հ. Գ. Հայաստանցի լրագրողները Թբիլիսիում էին գտնվում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած՝ հակամարտությունների թեմայով Վրաստանում հոկտեմբերի 9-15 կայացած լրագրողական շրջայցի շրջանակներում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31