Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ անձնական կարծիքն արտահայտել եմ՝ ես կողմնակից չեմ որեւէ միջանցքի՝ Հայաստանի տարածքով, ես չեմ կարող ասել, որ բոլորը այդպես են այդ հարցը ՌԴ-ում հասկանում». Զատուլին

Հոկտեմբեր 28,2022 23:10

«Հայաստանի ներկայիս իշխանությունները կրակի հետ են խաղում, ի՞նչ կլինի, եթե գազի գինը 150 $ դառնա»,- այսօր ռուս-հայկական «Լազարյան» ակումբի նիստում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա ներկայացրեց սոցհարցման տվյալներ՝ ցույց տալու, թե ՌԴ-ի վարկանիշը որքան է ընկել՝ 14% է, այն դեպքում, երբ ԱՄՆ-ինը 12% է, ընդ որում, մի քանի տարի առաջ ՌԴ-ի վարկանիշը 60% է եղել:

Թե ինչպես կարող են իրավիճակը շտկել, Բագրատյանի խոսքով երկու հարց կա, որոնց պատասխանը կարեւոր է ՀՀ-ի համար. «Մենք ուզում ենք իմանալ՝ ՌԴ-ն կո՞ղմ է միջանցքին, թե՞ չէ, որովհետեւ վարչապետը սլաքներն ուղղում է ՌԴ-ի կողմ: Մենք ուզում ենք հասկանալ՝ ի՞նչ նկատի ունեք, երբ ասվում է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք է խոստացվել, որովհետեւ երբ փաստաթուղթը կարդում ենք, նման կետ չկա: Ուզում ենք իմանալ՝ կա՞ այդ մասին համաձայնություն Փաշինյանի ու Ալիեւի միջեւ եւ ՌԴ-ին երաշխավո՞ր են խնդրել դառնալ: Դա շատ կարեւոր է: Միջանցք նշանակում է Սյունիքը կտրել Հայաստանից ու թողնել ՀՀ-ին 20 հազար քառակուսի կմ:

Փաշինյանը իր թերթում, «Հավաստի աղբյուրի» անվան տակ գրել է, որ ՌԴ-ն կողմ է միջանցքին, որովհետեւ այդ դեպքում կունենա վերահսկողություն ՀՀ-ի նկատմամբ: Ինչո՞ւ է ՌԴ-ն ուզում վերահսկողություն սահմանել ՀՀ-ի նկատմամբ, հրաժարվո՞ւմ է իր դաշնակցային պայմանագրերից»:

Բագրատյանն ասաց, որ նշում են, թե չսպասեք, որ Հայաստանի համար ՌԴ-ն փչացնի իր լավ հարաբերությունները Ադրբեջանի, Թուրքիայի հետ, բայց մենք դա չէինք սպասում, պարզապես ուզում ենք հասկանալ՝ ՀՀ ինքնիշխանության վատթարացում լինելո՞ւ է, ի՞նչ նպատակ ունի ՌԴ-ն:

Ի պատասխան՝ ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն ասաց. «Ինչ վերաբերում է միջանցքին, այո, որոշակի միֆեր կան ու տարակարծություններ, թե ով ինչ է հասկանում այդ կոմունիկացիաների տակ, ցամաքային ճանապարհվ տրանզիտ ճանապարհը, հանդիսանո՞ւմ է միջանցք, թե՞ չի հանդիսանում: Իմ անձնական կարծիքն արտահայտել եմ՝ ես կողմնակից չեմ որեւէ միջանցքի՝ Հայաստանի տարածքով: Ես չեմ կարող ասել, որ բոլորը հենց այդպես են այդ հարցը ՌԴ-ում հասկանում: Ինձ թվում է, հայկական պաշտոնական մարմինների կողմից պետք է իրենց դիրքորոշումը հստակ հայտնեն, օրինակ, թող ասեն՝ մենք դեմ ենք՝ այս-այս պատճառներով: Ելնելով այն բանից, թե ինչ ասեց ՌԴ նախագահը՝ եթե դուք դեմ ենք, մենք չենք կարող պնդել, որովհետեւ մենք մեր դաշնակիցների հետաքրքրությունից ելնելով ենք առաջնորդվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31