ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Համաշխարհային համահայկական գագաթնաժողովում
Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Արցախի հարգելի՛ նախագահ,
Տիկնայք եւ պարոնայք,
Կարդացեք նաև
Ողջունում եւ շնորհավորում եմ բոլորիս 5 տարի ընդմիջումից հետո մայր հայրենիքում կրկին այս ձեւաչափով հանդիպելու համար:
Համաշխարհային համահայկական գագաթնաժողովն իր հնչեղ անվանը համապատասխան պետք է կարողանա միավորել, մեկ տեղում հավաքել աշխարհով մեկ սփռված հայ միտքը, ուժը եւ միասնականությունը: Այս հարթակը միմյանց ճանաչելու, նոր կամուրջներ ստեղծելու, եղած կապերը վերաթարմացնելու լավ առիթ է, որը պետք է օգտագործել ամբողջ ծավալով: Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք սեփական ընտանիքի օրինակով օտարության մեջ պահել ու պահում են իրենց հայկականությունը, երեխաների ու թոռների հետ խոսում են հայերեն:
Երեւի թե այստեղ չկա մարդ, ում տան ամենաերեւացող անկյունում հայ լինելը փաստող գեղանկար, հուշանվեր կամ նմանատիպ այլ ապացույց չլինի: Հատկապես օտարության մեջ է արթնանում հայրենիքի հանդեպ մեծ կարոտը, ու հեռվից այն ոչ միայն քաղցր, այլեւ երանելի է թվում:
Հայրենիքի համար այս դժվար ու ծանր օրերին նման հանդիպումներն առավել պարտավորեցնող են: Մեզ պատուհասած պատերազմը, սահմանին տիրող անհանգստությունը, արցախահայության ամենօրյա վախերն ու չլուծված բազում խնդիրները բոլորինս են: Այս պարագայում մի կողմ պետք է դրվի քաղաքացիությունը եւ առաջնահերթությունը տրվի ազգությանը, որ հնարավոր լինի համատեղ ուժերով հաղթահարել փորձությունները, որոնք մեկ բառով չարիք կկոչեմ:
Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, այս զգացմունքային մոտեցմանը զուգահեռ՝ հայրենիքից դուրս ապրողների համար հաճախ այն պատկերվում է միտումնավոր խտացված գույներով, հատկապես, երբ տեղեկատվական դարում երեւույթները ոչ ճիշտ ներկայացնողների պակաս չկա:
Ի պաշտոնե հաճախ եմ շփվում Սփյուռքը ներկայացնող մեր հայրենակիցների հետ: Նրանց մտավախությունները, հարցադրումները հիմնականում պտտվում են մեր երկրում բուն դրած անհանդուրժողականության, անվտանգային հարցերի եւ վերջնական խաղաղության ուշացման շուրջ: Ցավոք, մեր հանդիպումները փաստում են, որ ինտերնետը որքան կրճատում ու աննշան է դարձնում հայրենիք-Սփյուռք հեռավորությունը, նույնքան կարող է վնասել անհավանական կեղծ լուրերով: Ամեն դեպքում կարող եմ հավաստիացնել, որ Սփյուռքը պահում է իր սթափ միտքն ու ճիշտ դատողություններ անում:
Ես շնորհակալություն եմ հայտնում աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հոգեւոր հայրերին, հայկական կրթօջախների մանկավարժներին, բարերարներին, որոնք կարողանում են երեխաներին սիրել տալ դեռ չտեսած հայրենիքը, շնորհակալ եմ բոլոր այն սրտացավ հայերին, որոնք հայրենիքին անհանգստացնող յուրաքանչյուր դրվագում առանց տատանվելու ներկա են:
Արդյունավետ աշխատանք եմ մաղթում բոլորին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ