Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Քոչարյանը Լազարյան ակումբում խոսեց հանրային ալիքներով հակառուսական քարոզչության մասին

Հոկտեմբեր 28,2022 22:30

Այսօր ռուս-հայկական «Լազարյան» ակումբի նիստում քաղաքագետ Տիգրան Քոչարյանը ռուս գործընկերներին ներկայացրեց Հայաստանում հակառուսական տրամադրություն ստեղծող հասարակական, քաղաքական գործիչների անուններ՝ ապացուցելու համար, որ բոլորովին էլ խոսքը 10 մարգինալների մասին չէ, եւ նրանք իշխանական պրոպագանդայի մաս են. «Եկեք տեսնենք ինչ է կատարվում, ես դուրս եմ գրել այն փորձագետներին, որոնք գնում են Հանրային հեռուստաընկերություն եւ այն փորձագետներին, որոնք գնում են «Freenews», որը պատկանում է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի կնոջը»:

Ըստ այդմ, նա սկսեց թվարկել վերջին 1 ամսվա ընթացքում այդ մեդիաներում հյուրերին, որոնց եթեր են տվել՝ Ստյոպա Սաֆարյան, Դավիթ Ստեփանյան, Արծրուն Հովհաննիսյան, Վովա Վարդանով, Արա Պապյան, Արմեն Հովհաննիսյան, Արմինե Մարգարյան…:

Նրա խոսքով՝ ««Freenews»-ում մեկ ամսվա ընթացքում 10 հաղորդումների հյուր են եղել Տիգրան Խզմալյանը, Լեւոն Շիրինյանը, Արեգ Քոչինյանը, Զարեհ Սինանյանը, Վիլեն Գաբրիելյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Ազատ Արշակյանը, Արամ Զավենի Սարգսյանը, Ստեփան Գրիգորյանը, Արման Բաբաջանյանը, Ռուբեն Մեհրաբյանը…Սրանք ալիքներ են, որտեղ կողմնակի մարդկանց չեն թողնում:

Որպեսզի վիճակագրությունը որոշակի լինի, ես դուրս եմ գրել, որ 1 ամսվա ընթացքում Առաջին ալիքում եղել է 14 փորձագետ հակառուսական ուղղության, Փաշինյանի իշխանության 10 ներկայացուցիչ, 1 հոգի Խոսրով Հարությունյան, մեկը՝ ընդդիմադիր պատգամավոր: Դա՝ Պետրոս Ղազարյանի մոտ: Իսկ այն դեբատներին, որտեղ 4 հոգի են մասնակցում ու 2-2 պետք է լինեն, 24 փորձագետներից 19-ը հակառուսական հայացքներով են եղել, մեկ ընդդիմադիր է եղել եւ Ալեքսանդր Իսկանդարյանը, որը ոչ պրոռուսական հայացքներ ունի, ոչ հակառուսական: «Freenews»-ում 17 փորձագետներից 11-ը հակառուսական ուղղության են, 3 իրավաբան, 2 ադրբեջանագետ եւ 1 հոգեբան, ընդամենը մեկ չեզոք մարդ»: Սա ներկայացնելով՝ Տիգրան Քոչարյանն ասաց, որ այստեղից երեւում է՝ Հայաստանում կա՞ հակառուսական տրամադրություն, թե՞ չկա, ընդ որում, այն ԶԼՄ-ներում, որոնք իշխանական են:

Տիգրան Քոչարյանը ռուս գործընկերների համար նաեւ ընթերցեց, թե Արեգ Քոչինյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Տիգրան Խզմալյանը, Շիրինյանը, Արամ Սարգսյանը եւ այլք ֆեյսբուքյան իրենց էջերում ինչ գրառումներ են անում ու ինչպես են ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսում, հակառուսական տրամադրություններ տարածում ու այդ մարդիկ հետո հանդիպումներ են ունենում Փաշինյանի հետ:

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը արձագանքեց, որ իրենց համար շատ ինֆորմատիվ ելույթ էր. «Մենք 2018-ից սկսած մինչեւ հիմա չենք ունեցել պատրանքներ այդ քաղաքական ուժի հետ կապված: ՌԴ-ն չի ցանկացել Հայաստանի հետ հարաբերությունները փչացնել ու դրսեւորել է իմ կարծիքով ավելորդ կոռեկտություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ.Գ.  Պետրոս Ղազարյանն այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Ու սա ասում է մարդ, ով երեկ մերժեց հյուր լինելու հրավերը, ինչպես այդ քննարկմանը նստած շատերը։

Օպոնենտներից թռնելը և մենախոսության մեջ սեփական փաստարկները պաշտպանելու տխմար սովորությունից, եթե կարողանաք դուրս գալ, մեր եթերը միշտ բաց կգտնեք ձեր և բոլորի համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սաթենիկ says:

    Կարելի է լինել հակա ամեն ինչին, բայց հայ լինելով լինել հակահայ՝ անբացատդելի է։ Ստալինյան ռեժիմի ժամանակ, ասում են սմենաշատ մատնագրերը հայերն են գրել։ Ապշում էի, ո՞նց կարելի էր։ Պարզվում է՝ կարելի է։ Ողբալի է

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31