Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լազարյան ակումբի» հաջորդ նիստը կարող է կայանալ նկուղում». Լիկա Թումանյանի մտահոգությունը Զատուլինը փարատեց՝ ասելով՝ նկուղում չենք, նախագահական դահլիճում ենք

Հոկտեմբեր 28,2022 22:03

Այսօր ռուս-հայկական «Լազարյան» ակումբում ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը հորդորեց 1 րոպե լռությամբ հարգել ռուս հերոս զինվորների հիշատակը, որոնք Ուկրաինայում կռվում են ՆԱՏՕ-ի, հավաքական Արեւմուտքի դեմ ու կռվելով այնտեղ՝ նրանք, ըստ Գեղամյանի, «պաշտպանում են նաեւ Հայաստանի պետականությունը»:

Լրագրող Լիկա Թումանյանն ասաց, որ ՌԴ-ն պետք է վերանայի իր մոտեցումները, որովհետեւ ասել՝ ձեր իշխանություններն են, դուք եք ընտրել, գնացեք ինչ ուզում եք արեք, կամ ասել՝ куда они денутся, այդ տարբերակներն անցել են արդեն: Ըստ նրա, ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու վրա չեն կարող աչք փակել ու դա մասնավոր դեպք համարել, որովհետեւ արդեն շատ հայ գործիչների նկատմամբ էլ են նույն կերպ վարվել ու եթե լռեն, «Լազարյան ակումբի» հաջորդ նիստը կկայանա նկուղում:

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է հասկանալ ՌԴ-ի նպատակները, ուզո՞ւմ է ՌԴ-ն մնալ տարածաշրջանում, լինել Հարավային Կովկասում, որովհետեւ երբ ՌԴ-ից ասում են՝ մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերը, մենք էլ կարող ենք ասել, որ այստեղ չենք կարող ավելի ռուս լինել, քան ռուսները: Նա հիշեցրեց, որ հայերին մեղադրում էին, որ միաժամանակ երկու աթոռի վրա են փորձում նստել՝ ՌԴ-ի ու Արեւմուտքի ու զգուշացնում էին, որ այդ վիճակով երկար չեն մնա, մինչդեռ հիմա այդ ընտրությունը ՌԴ-ի առաջ է, ՌԴ-ն պիտի որոշի՝ մնո՞ւմ է այստեղ, թե՞ չէ:

Զատուլինը, ի պատասխան հարցի՝ ՌԴ-ն ուզո՞ւմ է մնալ Կովկասում, թե՞ չէ՝ ասաց, որ հեշտ է դրա պատասխանը գտնել՝ հաշվի առնելով, որ ՌԴ-ն խաղաղապահներ է ուղարկել Ղարաբաղ. «Մի քիչ տարօրինակ է, որ հարց է առաջանում, թե մենք պատրաստվում ենք հեռանալ ու միաժամանակ ուղարկում ենք խաղաղապահների հակամարտության գոտի»:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի մեկուսացմանը, նա ասաց, որ ՌԴ-ում տեսակետներ կան, որ պետք է պահել Ադրբեջանի հետ հարաբերությունները ու պատմեց. «Տարիներ առաջ մեր ազգային գործիչներից մեկը՝ գրող, գլխավոր խմբագիր, Բաքվում համաժողով էր անցկացնում, որը կոչվում էր՝ «Ադրբեջանը միակ դաշնակիցն է ՌԴ-ի»: Նրա մոտ այդպիսի պատկերացում կար»: Նա ասաց, որ ինչ անուն էլ տան Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ՌԴ հարաբերություններին, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չեն ու չեն կարող թվարկել ՀՀ-ի հետ համագործակցության փաստաթղթերի ամբողջական փաթեթը, բացի այդ, Հայաստանում կա՝ Գյումրիում 102-րդ ռազմաբազան»:

Ինչ վերաբերում է նկուղներում «Լազարյան ակումբի նիստն անելուն, նա արձագանքեց, որ հիմա բոլորովին էլ բունկերում կամ նկուղում չեն, Մոսկվայում «Россия сегодня» մամուլի կենտրոնի նախագահական դահլիճում են, որտեղ պատահական չեն կարող հայտնվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31