Շիրակի մարզի մի քանի դպրոցներում՝ Արթիկի թիվ 4, Ոսկեհասկի, Աղինի, Իսահակյանի, Սարակապի, տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթները չեն կայացել։ Ավելին, ձախողվում են կառավարման խորհրդի այն անդամների պատճառով, որոնք ընդգրկված են Շիրակի մարզպետարանից ու համայնքապետարաններից, վերջիններս մրցույթներին պարզապես չեն ներկայանում։ Մրցույթի՝ երկրորդ անգամ չկայանալուց հետո էլ ընթացակարգային խախտում են թույլ տալիս՝ եռօրյա ժամկետում նոր մրցույթ չհայտարարելով։
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը՝ նշելով, որ տվյալ դպրոցներից պարբերաբար ահազանգ է հնչում իրենց կուսակցության գրասենյակ։
Մհեր Մելքոնյանի մեկնաբանմամբ, սա հատուկ ձեռագիր է, որով ազատվում են այդ դպրոցների գործող տնօրեններից, որոնք տնօրենի պաշտոնում կրկին իրենց թեկնածությունն են առաջադրել կամ էլ ժամանակ են շահում, որպեսզի ՔՊ-ն այդ ընթացքում գտնի իր «սրտի թեկնածուին»։
«Իշխող թիմը 2018 թվականի իշխանազավթումից հետո քաղաքական բոլոր ամբիոններից հայտարարում է, որ դպրոցները պետք է ապաքաղաքականացնել, քանի որ նախկինները դպրոցները վերածել են կուսակցական մարմինների։
Ցավոք սրտի, 4,5 տարի անց մենք փաստացի տեսնում ենք, որ ճիշտ հակառակն են անում․ այդ խոստումը, համաձայն որի՝ դպրոցներն ապաքաղաքականացնում են, իրականությունը չի համապատասխանում։
Դպրոցները սկսել են շատ լուրջ և ցինիկ ձևով քաղաքականացնել, փոխել տնօրեններին և ուսմասվարներին և դպրոցներում տեղավորել ՔՊ-ին երդում տված անձնավորություններով։
Մարզի կրթական համակարգում բազում խնդիրներ կան և վերջին օրերին շատ ահազանգեր ենք ստացել մարզի շատ դպրոցներից, որ մրցույթներ չեն կայանում։ Խոսքը Արթիկի թիվ 4, որտեղ արդեն երկու անգամ մրցույթ չի կայանում, Ոսկեհասկի, Աղինի, Իսահակյանի, Սարակապի դպրոցների մասին է։
Գրեթե երկու տարի Շիրակի մարզի դպրոցներում կառավարման խորհուրդներ չեն գործել, դրանից հետո ձևավորել են, բայց երբ խորհուրդների կազմը նայում ես, ՔՊ-ականներից են կազմված կամ քպամերձ շրջանակից այնպիսի մարդիկ են, որոնք դպրոցների հետ ընդհանրապես կապ չեն ունեցել և հիմա ընդգրկվել են դպրոցների կառավարման խորհրդի կազմում»,- ասում է Մհեր Մելքոնյանը։
Նրա մեկնաբանմամբ՝ պատահականություն չի կարող լինել դպրոցների կառավարման խորհրդի կազմերում Շիրակի մարզպետարանի ու համայնքապետարանների ներկայացուցիչների չներկայանալը։ Ըստ նրա, գուցե մտածես, թե առաջին անգամ պատահականություն էր, որ վերջիններս մրցույթի օրը չեն եկել, բայց երբ նույնը կրկնվում է երկրորդ անգամ, հասկանալի է, որ սա կատարվում է միտումնավոր։
«Իմ կարծիքով՝ այս ժեստով իրենք ցույց են տալիս, որ դեմ են առաջադրված թեկնածուին և ժամանակ են շահում, որպեսզի փորձեն իրենց թեկնածուներին մասնակից դարձնել գործընթացին։ Գուցե գործող իշխանության հարմար թեկնածուները դեռ հավաստագիր չունեն, հիմա ժամանակ շահելով՝ կփորձեն հետագայում օժանդակել հենց այդ թեկնածուներին տնօրեն ընտրվելու գործընթացում»։
Մհեր Մելքոնյանը հատուկ անդրադարձավ նաև Արթիկի թիվ 4 դպրոցի տնօրենի մրցույթի ձախողմանը, այն երկու անգամ էլ չի կայանում՝ կառավարման խորհրդի իշխանական ներկայացուցիչների չներկայանալու պատճառով։
Ըստ ՀՅԴ-ականի, կեղծ լուրեր են տարածում, թե Նունե Գրիգորյանը, որը դպրոցի տնօրենն էր, այժմ էլ միակ թեկնածուն է, ՀՅԴ-ական է, այդ պատճառով էլ կուսակցությունը հիմնովին վերանորոգել է դպրոցի շենքը։
«Դպրոցը վերանորոգվել է «Հայ Կրթական հիմնարկության» և բարերարների միջոցներով, բայց այդ գործընթացի նախաձեռնողը եղել է ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեն։
Ես եմ անձամբ դիմել և խնդրել բարերարներին, որ վերանորոգեն Արթիկի թիվ 4 դպրոցը։ Փորձում են տնօրեն Նունե Գրիգորյանի անունը շահարկել, թե իբրև դաշնակցական է, ես պիտի հերքեմ․ տնօրենն ընդհանրապես ՀՅԴ-ի անդամ չի եղել։
Մենք՝ որպես կուսակցության ներկայացուցիչներ, բարձր ենք գնահատում տնօրենի աշխատանքը, վերանորոգումից հետո բազմաթիվ անգամներ այցելել եմ դպրոց և տեսել, թե ինչպես է Նունե Գրիգորյանը հետևողական աշխատանք տանում դպրոցի պահպանման համար, ուղղակի երախտապարտ ու շնորհակալ եմ իրեն, որ այդպես է պահել դպրոցը, ու այն փոխանցելու է գալիք սերունդներին։ Շատ տհաճ է, որ շահարկելով ՀՅԴ-ի անունը՝ փորձում են արդարացնել իրենց կողմից տնօրենի մրցույթների ձախողումը։
ՀՅԴ-ի աշխարհասփյուռ կառույցը մշտապես նպաստել է Հայաստանում դպրոցաշինությանը և թե մյուս կրթական ծրագրերին։ Ես օրինակ՝ շատ ուրախ եմ, որ Արթիկն անմասն չի մնացել այդ ամենից, մենք միշտ նպաստել ենք ազգային դաստիարակությանն ու կրթությանը, առանց դրանց մենք հետագայում լուրջ խնդիրներ կունենանք», -ասաց Մհեր Մելքոնյանը։
Վերջինս նախազգուշացրեց, որ ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեն հետևողական է լինելու թվարկված, ինչպես նաև մյուս դպրոցներում մրցույթների կայացմանը։
«Հետևողական ենք լինելու, որ օրենքի խախտումներ այլևս չլինեն և վերջ դրվեն նման քմահաճո երևույթներին»,- ասաց մեր զրուցակիցը։
Aravot.am-ը պարզաբանումներ ստացավ նաև Շիրակի մարզպետարանից, մեզ փոխանցեցին մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետևյալ պարզաբանումը․
«Շիրակի մարզպետարանի ենթակայության թվով 64 դպրոցներում հունվարից մինչ օրս մրցույթների արդյունքներով դպրոցների տնօրեններ են նշանակվել, որոնցից 17-ի մրցույթները՝ Լանջիկ, Տուֆաշեն, Ձորակապ, Հարթաշեն, Բերդաշեն, Կամո, Գոգհովիտ, Հովտուն, Հովունի, Այգաբաց, Ջաջուռ, Մեղրաշատ, Հովտաշեն, Ճաղկուտ, Գեղանիստ, Վարդաքար, Գյումրու թիվ 19, անցկացվել են սեպտեմբերից մինչ օրս և տնօրենների մրցույթները կայացել են, նշանակումներն էլ արված են։
Այս վիճակագրության մեջ հարկ եմ համարում նշել, որ եղել են օրեր, որ հայտարարված են եղել միանգամից մեկ տասնյակից ավելի դպրոցների տնօրենների մրցույթներ, ընդամենը մեկ օրինակ՝ հոկտեմբերի վեցին, երբ ձեր նշած դպրոցում՝ Արթիկի թիվ 4-ում, մրցույթ է հայտարարված եղել, նույն օրը մարզի թվով 12 դպրոցներում՝ Զառիշատ, Կառնուտ, Ջաջուռ, Իսահակյան, Կամո, Գյումրու 19, Գոգհովիտ, Բերդաշեն, Հովունի, Ամասիա, Հովտուն ևս մրցույթներ են անցկացվել, ինչը նշանակել է, որ մարզպետարանի ներկայացուցիչների մի մասը եղել է այլ մրցույթի։ Դրանից զատ որևէ նկատառում տեսնել այս ծավալի աշխատանքներում առնվազն անտեղի է, քանզի խորհուրդներն ինքնուրույն մարմիններ են, իսկ անդամներն անհատներ, որոնք կարող են և այլ՝ առավել կարևոր աշխատանքով պայմանավորված, չներկայանալ տվյալ մրցույթներից որևէ մեկին»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ