Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Եթե Նիկոլ Փաշինյանը ենթադրաբար վարչական սահմանները ճանաչեց միջպետական սահման, դա հակասահմանադրական եւ քրեորեն պատժելի արարք կլինի»

Հոկտեմբեր 28,2022 21:44

«Դեբատ» բանավիճային ակումբում այսօր հրավիրված «ՀՀ տարածքային ամբողջականության անվտանգային այլ երաշխիքները» թեմայով քննարկմանը մասնակցեցին «Մոդուս Վիվենդի» ՀԿ նախագահ, ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը եւ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ, պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Արա Պապյանը ասաց. «Դուք քննարկման մեջ ներառել եք տարածքային ամբողջականություն բառակապակցությունը, հետեւաբար, առաջինը պետք է հստակեցվի, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքը, որի ամբողջականության մասին խոսվում է: Սա ամենալուրջ հարցն է այս ամբողջի մեջ: Երբ իշխանությունը խոսում է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին, նախ պետք է հստակեցվի, թե որն է այդ իրավա-քաղաքական հիմքը, որի հիման վրա այդ ամբողջը պետք է տեղի ունենա:

Եթե մենք ընդունում ենք սովետական վարչական սահմանները որպես Ադրբեջանի եւ Հայաստանի սահման, հստակ խնդիրներ են ծագում: Առաջին. Ադրբեջանը ինքը 1991 թվականի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի պետականության վերականգնման իր առաջին իսկ փաստաթղթով հրաժարվել է սովետական իրավա-քաղաքական հենքից: Եւ ըստ էության, վարչական սահմաններ չեն կարող լինել:

Երկրորդ. այն բոլոր հղումներին, որոնք կատարվում են ԱՊՀ հիմնադիր փաստաթղթին՝ Ալմա-Աթայի հռչակագրին, պիտի հստակ ասել. այդ հռչակագիրը ամբողջական փաստաթուղթ է եւ չի կարելի միջից հանել երկու բառ ու դրա վրա հղում կատարել: Այնտեղ, այո, կա գոյություն ունեցող սահմանների ճանաչում ձեւակերպումը, բայց էլի հարց է առաջանում, թե որն էր տվյալ պահին գոյություն ունեցող սահմանը, եթե Ադրբեջանը հրաժարվել է սովետական սահմաններից: Եվ մյուս կետը: Այդ հղումը կամ պարտավորությունը եւս 9 կամ 8 այլ պարտավորությունների հետ միասին է: Չի կարող Ադրբեջանը կամ, օրինակ, Հայաստանը, ոտնահարել իր պարտավորությունների մի զգալի մասը, բայց այդ փաստաթղթի վրա հղում կատարել: Օրինակ, այնտեղ կողմերը պարտավորվում են իրար նկատմամբ չկիրառել տնտեսական պատժամիջոցներ, հարգել ժողովուրդների կամ ժողովրդի ինքնորոշման սկզբունքը եւ այլն: Այդ ամբողջը ոտնահարվել է: Հետեւաբար, միջազգային փաստաթղթին մոտենալ որպես ճաշացանկի եւ ասել, թե որն եմ ընտրում, սխալ է:

Հայաստանի Հանրապետությունը չի կարող, չպիտի խուսափի խաղաղության պայմանագիրը ստորագրելուց: Բայց պիտի ասի, որ այո, կողմնակից է խաղաղության պայմանագիրը կնքելուն, համաձայն է սահմանը հստակեցնելուն ու սիրով դա կանի: Բայց անելու համար եւ անելուց առաջ պետք է հստակեցնել, թե որն է դա:

Աշխարհում մի մարմին կա, որն իրավունք ունի որոշելու որեւէ փաստաթղթի կարգավիճակը: Դա ՄԱԿ-ի արդարադատության դատարանն է: Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ուներ ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ կոչով դիմել վեհաժողովին եւ ասել, որ ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան հոդվածի հիման վրա որպես վեհաժողով ՄԱԿ-ը կարող է դիմել ՄԱԿ-ի արդարադատության դատարան եւ քննության վերցնել հայ-ադրբեջանական սահմանի հարցը, թե որ փաստաթղթերն են իրավական եւ օրինական: Ասեր, որ ինքն անձամբ չի ընդունում ստալինյան-բոլշեւիկյան քաղբյուրոյի կողմից գծված սահմաններն ու գծերը: Այստեղ նաեւ ուրիշ հարցեր կան: Մասնավորապես, այն ժամանակ 40 տոկոս հայ բնակչություն ունեցող Նախիջեւանի հարցը, որն ընդհանրապես հայկական ինքնավարություն էր Ադրբեջանի, կամ Զակֆեդերացիայի կազմում: Այսինքն, չէր կարող ադրբեջանական լինելով՝ ինքնավարություն ունենալ Ադրբեջանի կազմում: Այս ամբողջի մեջ այս հա՞րցն ուր է մնում:

Այսինքն, խնդիրը հայկական սահմանների հարցը ներկայացնելն է: Երբ որ մեր իշխանությունն այս քաղաքական ճանապարհով գնում է, սա պարզապես բերելու է նրան, որ մենք հարկադրված ենք լինելու ընդունել Ադրբեջանի եւ Ռուսաստանի՝ մեզ պարտադրած պայմանները, որոնք շատ-շատ վատն են»:

Բանախոսը նաեւ հատուկ ընդգծեց, որ այսօր կա հայկական պետականություն, որը 1920 թվականին օկուպացվել է 11-րդ ռուս-թուրքական կարմիր բանակի կողմից, դեօկուպացիայի է ենթարկվել 1991 թվականին: Եվ ավելին, որ աշխարհը Հայաստանը ճանաչել է որպես գրավյալ երկիր, ինչի վերաբերյալ կա Միացյալ Նահանգների 1959 թվականի հուլիսի 17-ի օրենք, որն առայսօր գործում է եւ ամեն տարի նախագահը հղում է տալիս, որով Հայաստանը հռչակվել է գրավյալ կամ օկուպացված երկիր:

«Հետեւաբար, դնել ու ենթադրություններով ինչ-որ վարչական սահմանների շուրջ սկսել բանակցել, ես հարց եմ բարձրացնում: Եթե  Նիկոլ Փաշինյանը 29,8 հազար քկմ տարածքով այս սահմանները ճանաչեց որպես միջպետական սահման, դա քրեորեն պատժելի արարք է, որովհետեւ հակասահմանադրական է: Մեր սահմանադրությունը միանշանակ ասում է, որ սահմանի փոփոխությանը վերաբերող հարցերը կարող են լուծվել միայն հանրաքվեի միջոցով: Ես վաղը կդիմեմ դատարան, կվերցնեմ տեսակետ, որ Հայաստանի սահմանները չեն համապատասխանում Սովետական Հայաստանի վարչական սահմաններին, որը նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանությունը Սահմանադրությունն են խախտել, փոփոխել են Հայաստանի Հանրապետության սահմանները առանց հանրաքվեի»,-ասաց Արա Պապյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31