Այսօր՝ 2022 թվականի հոկտեմբերի 28-ին, Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը ջերմորեն նշանավորեց մեր ժողովուրդների 30-ամյա բարեկամությունը՝ Տավուշի մարզի սահմանամերձ Խաչարձան գյուղում։
Տոնակատարության անցկացման համար Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան լեռնային հեռավոր գյուղը պատահական չէր ընտրել. տարիներ առաջ հայկական ծագումով արգենտինացի չորս ընտանիքներ արգենտինացի բժիշկ Դանիել Ստամբուլյանի նախաձեռնությամբ, ով այնտեղ գյուղի կանանց համար կատարեց գինեկոլոգիական առաջին հետազոտությունները, և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ իրականացրեցին համայնքի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնք ընդմիշտ փոխեցին տեղի բնակիչների կյանքի որակը՝ սկսած հոսող ջրի ապահովումից մինչև բժշկական կենտրոնի, մանկապարտեզի, առաջին կարգի սպորտային կենտրոնի կառուցում, դպրոցի վերանորոգում և բարեկարգում, փողոցների սալահատակի նորոգում և զանազան այլ աշխատանքներ։
Կարդացեք նաև
Լեռնային այս համեստ ու գողտրիկ գյուղը, որի բնակիչների 80%-ը մասնակցել է 2020 թվականի Ադրբեջանի հետ պատերազմին, բաղկացած է 150 տներից, որոնք սփռված են գյուղի գլխավոր զարկերակի՝ «Արգենտինայի Հանրապետություն» անունը կրող և դեպի սոճու փարթամ անտառներով շրջապատված լեռները ոլորվող փողոցի երկու կողմերում:
Գյուղի երեխաները հպարտությամբ շրջում են Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկներով։ Եվ դա պատահական չէ, քանի որ արգենտինական Կալցյան, Թերզյան, Դեմիրճյան և Ավագյան ընտանիքների շնորհիվ նրանք իրենց կյանքի առաջին տարիներից սկսած տարատեսակ օգնություն են ստանում՝ պարենայինից մինչև համալսարանական կրթության աջակցություն:
Հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա էին տեղական իշխանության ներկայացուցիչներ և Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, հնչեցին դեսպանի և գյուղապետի ողջույնի խոսքերը: Բայց միջոցառումն ամենից առաջ ժողովրդական էր, որն իր մեջ ներառեց գյուղի աշակերտների գեղեցիկ մի հանդես, երևանաբնակ ուսանողների համերգ, ովքեր կատարեցին իսպաներեն և հայերեն երգեր, իսկ կատարումների ընթացքում համտեսվեցին երկու երկրների ավանդական ուտեստներ, ցուցադրվեցին արգենտինացի նկարիչ Արազ Հաջյանի լուսանկարները և որ ամենանշանակալիցն է՝ հնչեցին տեղի բնակիչների պատմություններն այն մասին, թե ինչպես է Արգենտինայից եկած օգնությունը տարեցտարի բարելավել իրենց կյանքը: Սա ֆիզիկապես միմյանցից հեռու, բայց զգացմունքներով ու հույզերով միմյանց անչափ մոտ երկու մշակույթների իրական գեղեցիկ միաձուլում էր:
Արգենտինայի Դեսպանություն