Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ հասկանալ՝ այդ սկզբունքները, որոնց մասին հայտարարում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մնացե՞լ է, թե՞ չէ». Շարմազանով

Հոկտեմբեր 28,2022 20:00

Այսօր ռուս-հայկական «Լազարյան» ակումբում ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ՊՆ նախկին նախարար,  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթից հետո նոստալգիկ տրամադրությամբ հիշեց, թե ինչպես էին ինքը, Օհանյանը եւ Բակո Սահակյանը նախաճաշում Ղարաբաղում խաղաղ երկնքի տակ՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ. «Ես դրա մասին եմ հիմա հիշում ու հույս ունեմ, որ այդ ժամանակները հետ կգան»: Սեյրան Օհանյանն էլ հուշեց, որ նաեւ Շուշիում են իրար հետ նախաճաշել:

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Հայաստանն ու Ռուսաստանը բնական դաշնակիցներ են, որը չունի այլընտրանք: Դրա հիմքում քրիստոնեական գաղափարախոսությունն է. «ՀՀ-ի ու ՀՀ ժողովրդի, հայկական Արցախի համար գլխավոր մարտահրավեր է թուրք-ադրբեջանական տանդեմը: Հայ-ռուսական միությունը չունի այլընտրանք, քանի որ հայ հանրությունը գիտի՝ ՌԴ-Ադրբեջան, ՌԴ-Թուրքիա միություն չի կարող լինել: Մենք չէ, որ պիտի ասենք ՌԴ-ին ում հետ բարեկամանալ, ում հետ՝ ոչ, բայց պատմությունն ապացուցել է, որ Թուրքիան ու ՌԴ-ն Անդրկովկասում դաշնակիցներ չեն կարող լինել: Չեմ ասի թշնամիներ են, բայց հաստատ՝ մրցակիցներ: Պետք է պատմությունից դասեր քաղենք ոչ միայն մենք, այլ նաեւ մեր ռուս գործընկերները»:

Նրա հավաստմամբ՝ այս իշխանությունները Բոլթոնի ծրագրով ձեռքերը լվացել են Արցախից, ամեն ինչ անում են ազգային արժեքների դեմ, ՀՀ պետականության ու հայ-ռուսական դաշնակցության դեմ. «Պետք է հասկանալ՝ կա՞ն կարմիր գծեր, թե՞ ոչ; Մինչեւ 44-օրյա պատերազմը  ՌԴ-ն ուներ կարմիր գծեր, դա՝ ուժի չկիրառումն էր եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը; Դրանք երկու սկզբունքներից էին 3-ից: 44-օրյա պատերազմից հետո ես ուզում եմ հասկանալ՝ այդ սկզբունքները, որոնց մասին հայտարարում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մնացե՞լ է, թե՞ չէ; Մեզ համար կարմիր գիծ է ՀՀ պետականությունը, տարածքային ամբողջականության վերականգնումը, ՀՀ անկախությունը եւ ՀՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիիրավ իրացումը: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Արևմուտքի դաշնակցությանը, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունները չունեն այլընտրանք: ՀՀ-ում պետք է հասկանան՝ ՌԴ-ն ու Թուրքիան կարո՞ղ են լինել դաշնակիցներ, թե՞ չէ: Մենք 3 սպառնալիք ունենք՝ Էրդողանը, Ալիեւը եւ Փաշինյանի թիմը»:

Խոսելով խաղաղության պայմանագրի այսպես կոչված «վաշինգթոնյան տարբերակի» մասին՝ նա հայտարարեց, որ դա հակահայկական փաստաթուղթ է ու ով կգնա դրան, կդավաճանի ՀՀ շահը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31