Լրահոս
Օրվա լրահոսը

2025-ից պարտադիր համընդհանուր ներառական կրթություն. իրավիճակը 2022-ին

Հոկտեմբեր 28,2022 20:50

Հայաստանում համընդհանուր ներառական կրթությունը հռչակվել է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության նպատակն է կրթությունը բոլորի համար դարձնել մատչելի, մասնակցության հավասար հնարավորություն տալ և ապահովել անհրաժեշտ որակ։ Համաձայն այս սկզբունքների՝ ՀՀ Ազգային ժողովը 2014թ. ընդունել է «Հանրակրթության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը։ Ըստ որի՝ մինչև 2025թ. օգոստոսի 1-ը հանրապետությունում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ։

Ներառական կրթության կիրառումն ու ազդեցությունը բազմաշերտ է. չկա միակողմանի և ընդհանուր կարծիք։ Արդեն տարիներ շարունակ Կապանի N6 հիմնական դպրոցում ընդունվել է ներառական կրթություն, դպրոցում այժմ կրթություն է ստանում 450-ից հատուկ կարիքներ ունեցող 13 աշակերտ։ Դպրոցի անգլերենի ուսուցչուհիներից Մառա Ծատրյանը ներառական համակարգը մեկնաբանում է և’ լավ, և’ վատ։ Ըստ նրա՝ շատ դժվար է 20-ից ավել աշակերտի մեջ ներառել երեխային, լինում են վարքային առումով շատ բարդ երեխաներ, որոնց հետ անհնար է դաս անել։

«Այսօր մի աղջիկ իմ ժամին թուղթ էր ուտում, չգիտեի՝ դաս անել, թե նստել իր կողքին։ Կարծում եմ՝ կարելի է ուսուցչի գործը չավելացնել, չէ՞ որ մեզ դրա համար չեն վարձատրում» ,- ասում է ուսուցչուհին , իսկ դրական կողմերին անդրադառնալիս նշում, որ միակ լավ բանը երեխաների ինտեգրումն է, երբ այլևս չեն մատնանշում իրենց, ինչից երջանիկ են զգում նաև ծնողները, բացի այդ հաճելի է նաև տեսնել աշակերտների սերն ու հոգատարությունը հատուկ կարիքներ ունեցող դասընկերների հանդեպ։

Հնարավոր ռիսկերի հետ կապված՝ կիրառվելու է երեխայի կարիքների արձագանքման եռաստիճան համակարգ։ Օրենքի կիրառման արդյունքում երեխաները մանկավարժական աջակցություն կստանան 3 մակարդակում՝ հանրակրթական դպրոցում, տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից։

Որքանո՞վ են ներառական կրթությանը տեղյակ ու պատրաստ ապագա մանկավարժները։ Երևանի N20 դպրոցում, որը ևս ներառական համակարգի մեծ փորձ ունի, պրակտիկայի են հաճախում Խ. Ա.-ի անվան մանկավարժական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողները, ովքեր գրեթե ամեն անգամ առնչություն են ունենում նման երեխաների հետ։ Անկախ այն հանգամանքից, որ այցելում են նույն դպրոցը և շփվում են նույն երեխաների հետ, պրակտիկանտների մեկնաբանությունները տարբեր են.

«Ես որևէ բացասական վերաբերմունք չունեմ, որևէ մեկին չեմ առանձնացնում, պրակտիկայի ընթացքում սիրով փորձում եմ ճանաչել բոլորին, կարծում եմ, սա կարևոր է լավ մասնագետ դառնալու համար», – ասում է Միլենա Սիմոնյանը։

«Դասամիջոցին երեխաներից մեկը եկավ ու ուժեղ փաթաթվեց ինձ, ես շատ զարմացած ու վախեցած էի, չգիտեմ, կարծում եմ՝ դժվար կլինի աշխատել», – ասում է Անահիտ Սարգսյանը։

Պրակտիկանտների հետ զրույցից կարելի է եզրակացնել, որ ներառական կրթության ընդունումն ու հեշտությամբ իրականացումը մեծամասամբ կախված է նաև ուսուցչի անհատականությունից, բնավորությունից ու անձնային հատկանիշներից։ Արդյո՞ք մանկավարժներ պատրաստող համալսարաններն ու քոլեջները ունեն կոնկրետ առարկա , որը ուղղված է ներառական կրթությանը. պատասխանն է ոչ։

Այն հարցին, թե ՆԿ-ը կարողանում է կատարել իր առաքելությունը, հոգեբան և կրթության փորձագետ Վահագն Կոստանդյանը պատասխանում է, որ միանշանակ նկատելի են առաջընթացները, բայց լայն իմաստով դեռ կան խնդիրներ՝ կապված հատուկ պատրաստված մասնագետների հետ։ Մասնագետների նվազ թիվը խոչընդոտներ է առաջացնում, քանի որ եղածները չեն հասցնում աշխատել բոլոր ուղղություններով։ Ներառական կրթությանը լիարժեքորեն իր նպատակին հասցնելու համար պետք է ծրագրի շատ ավելի լուրջ կոնկրետացում, որովհետև ծրագիրը այժմ գլոբալ է և տեղ-տեղ հաշվարկված չեն մարզերի, քաղաքների և դպրոցների առանձնահատկությունները։

Կան ծնողներ, ովքեր ինչ-ինչ վախերից և կարծրատիպերից ելնելով, դեմ են ներառական կրթությանը. այս խնդրին անդրադառնալիս հոգեբանն ասում է.

«Պետք է հասկանալ, որ կրթությունը բոլորի համար է, և պետք է հասարակության մեջ իրականացնել լուրջ կրթական ու սոցիալական աշխատանքներ, որոնց շնորհիվ մարդիկ կծանոթանան կրթական համակարգին և խորապես կհասկանան, թե ինչի համար է այս ամենն ու ինչ նշանակություն ունի»։

Ներառական կրթության յուրաքանչյուր առաջընթաց նվաճում է, և որքան շատ լինեն հատուկ վերապատրաստված ուսուցիչները, այնքան պրոդուկտիվ ու արագ կլինեն առաջընթացները։ Խնդրի հնարավոր լուծումներից կարող է լինել աշխատավարձի աճը, այսինքն եթե այն ավելի բարձր լինի, ապա շատերը կձգտեն վերապատրաստվել, քանի որ կա մեծ պահանջարկ, սակայն նվազ քանակ։

Իսկ ինչպիսի՞ դպրոցում են իրենց ավելի լավ զգում հատուկ կարիքներ ունեցող աշակերտները. Վահագն Կոստանյանը ասում է.

«Երկար տարիներ կրթության փորձագետ աշխատելով կարող եմ ասել, որ ճնշող մեծամասնությունը ավելի լավ է զգում ինտեգրված, երբ զբաղեցնում է նույն հարթակը ու կապ ստեղծում մյուս աշակերտների և ուսուցիչների հետ» ։

Կապանցի Թամարա Հովեփյանն, ով ոտքերի հաշմանդամության խնդիր ունի, 5 տարի սովորել է միջնակարգ դպրոցում, իսկ հետո կրթությունը շարունակել է Կապանի N3 հատուկ դպրոցում։ Տարբերությունների մասին խոսելիս նշում է, որ հատուկ դպրոցում հնարավորություններն ավելի շատ էին, կարողանում էր տարբեր խմբակների հաճախել, բացի այդ հատուկ դպրոցում ուշադրություն էր դարձվում յուրաքանչյուրին, իսկ մյուսում՝ առավելապես լավ սովորողներին։

Հայաստանում պետական ներառական հաստատության կարգավիճակ առաջինը շնորհվել է Երևանի N27 միջնակարգ դպրոցին 2007թ.։ ՆԴ-երի թվի ավելացման դինամիկան 2007-2012թթ-ին 10-ից հասել է 98-ի։ Սա նշանակում է, որ տարիների ընթացքում ավելանում են համընդհանուր ներառական կրթությամբ դպրոցները, որոնք ժամանակի և փորձի ընթացքում իրենց նպատակն ու առաքելությունը կիրականացնեն լիարժեքորեն՝ հենվելով նաև պետության և համապատասխան մարմինների օժանդակությանը։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31