«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի ստեղծագործական կազմը վստահեցնում է՝ երևանյան շոուն, որն անցկացվելու է դեկտեմբերի 11-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հիշարժան է լինելու. լուսավոր, գեղեցիկ և համապատասխան բոլոր միջազգային չափանիշներին: Մրցույթի շրջանակում հյուրերը ոչ միայն ելույթներով կներկայացնեն իրենց յուրահատուկ շոուները, այլև հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին:
Մրցույթի հաղորդակցության ղեկավար Աննա Օհանյանը նշեց, որ մրցույթի այս տարվա խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիք է. «Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը։ Շեշտը դնելով փոքրիկներին ուրախություն և զվարճանք բերող այս անվերջ շրջապտույտի վրա՝ ընտրել ենք հոլը, որն իր այս տարատեսակով խիստ հայկական է, բայց միաժամանակ ծանոթ խաղալիք աշխարհի բոլոր երեխաներին իր այլ վարիացիաներով: Հոլը զարդարված է ազգային նախշերով։ Այդ նախշերը Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։ Հոլի հավերժական շարժիչն իր թելերն են, որոնք այստեղ ոչ պատահականորեն նմանեցված են հայկական դրոշի գույներին՝ ստանալով նեոնային գունային լուծումներ, որոնք խորհրդանշում են տեխնոլոգիական Հայաստանի մեր տեսլականը»:
Մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանն էլ նշեց, որ հոլի կոնցեպտն արտացոլված է նաև բեմում. «Հանրային հեռուստաընկերությունը և Եվրոպական հեռարձակողների միությունը շաբաթներ առաջ սոցիալական հարթակներում հրապարակել են եվրատեսիլյան բեմի կոնցեպտը: Բեմն ստանալու համար ներքին մրցույթ է անցկացվել, որի շրջանակում հայ դիզայներներն առաջարկել են բեմի իրենց տարբերակները: Մեր թիմի համար սկզբունքային էր հայ դիզայներներին իրենց գաղափարները ներկայացնելու հնարավորություն տալը: Ուրախ ենք, որ հաջողվել է, և բեմի կոնցեպտը մեծ արձագանք է գտնել մեր եվրոպական գործընկերների շրջանում: Բեմը յուրաքանչյուր պատվիրակի թույլ կտա սեփական հրաշքը ստեղծել բեմի վրա, քանի որ այն տեխնիկապես շատ ճկուն է»:
Հայաստանը հյուրընկալում է 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ»-ը, ինչը շատ պարտավորեցնող է: «Դեկտեմբերի 4-ից սկսած մեր քաղաքում եվրատեսիլյան տարատեսակ միջոցառումներ են լինելու թե՛ քաղաքացիների, թե՛ պատվիրակությունների համար: Մրցույթի մասնակիցներին հնարավորություն ենք տալու ծանոթանալ մեր երկրի մշակույթին: Նրանք այցելելու են թանգարաններ, այլ մշակութային հաստատություններ ու տեսարժան վայրեր»,-ասաց Ծերունյանը: Նշվեց, որ շոուի վրա աշխատում են թե՛ հայ, թե՛ միջազգային մասնագետները:
Կարդացեք նաև
Մրցույթի ստեղծագործական մասի պատասխանատու Անուշիկ Տեր-Ղուկասյանն էլ վստահեցրեց՝ Հայաստանի շոուն չի զիջելու մինչ այդ մրցույթի ընթացքում կազմակերպված որևէ շոուի. «Ելույթ կունենա «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան և կներկայացնի իր նոր երգը: Հայաստան են հրավիրվել նաև մրցույթի բոլոր հաղթողները, որոնք կկատարեն իրենց երգերը: Հաղորդավարները ևս մրցույթով են ընտրվել: Նրանք երեքն են լինելու, սակայն նրանց անունները հայտնի կդառնան նոյեմբերին»:
Մրցույթի տոմսերը վաճառվելու են առցանց հարթակում: Տոմսերը կարժենան 5-30 հազար դրամ: Երկրպագուները կարող են տոմսեր գնել և ներկա լինել նաև դեկտեմբերի 10-ին կայանալիք շոուին: Այն նույն շոուն է, որը կլինի դեկտեմբերի 11-ին, սակայն նախատեսված է միայն ժյուրիի անդամների համար: Այն եթեր է հեռարձակվում ոչ թե հեռուստադիտողների, այլ բոլոր երկրներում մրցույթի ժյուրիի անդամների համար:
Ասուլիսի ընթացքում հայտարարվեց նաև, որ այս տարվա պատվիրակը 14-ամյա Նարեն է, ով ընտրվել է նախապես հայտարարված բաց մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել Հայաստանից և տարբեր երկրներից:
Նարեն նշում է, որ իր գլխավոր երազանքը մեծ բեմում երգելն է, և այն արդեն իրականություն է դառնում. «Երգը, պարը իմ օրվա անբաժան մասն են: Ես մեծանում եմ ոգեշնչվելով տաղանդավոր արտիստների ստեղծագործություններով: Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել հենց այս տարի, երբ մրցույթն իմ երկիրն է հյուրընկալում: Ուրախ եմ, որ հանդիպելու եմ տարբեր երկրներից երեխաների իմ հայրենիքում` նրանց ցույց տալով Հայաստանն իր ամբողջ գունապնակով»: