«Նման բան ասողը գլուխը պատով է տալիս։ Բա որ նախկինները տվել էին, Ադրբեջանն ինչպե՞ս էր 2016թ․-ին ասում, որ միջազգային հանրությունը ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը։ Բա որ նախկիններն էին տվել, Փաշինյանն ինչպե՞ս էր Շուշիում տրնգի պարում»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ նախկին իշխանությունը «մադրիդյան սկզբունքներով» Արցախն արդեն իսկ թողել էր Ադրբեջանի կազմում՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա հարցադրում արեց․ «Բա ո՞նց էր ասում, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, դա ի՞ր շնորհիվ էր․․․եթե նախկինները տվել էին, Ալիեւը ո՞նց էր ասում, որ երեսուն տարի իրենք պարտված են եղել։ Նույն Նիկոլն է ասել, որ կազանյան փաստաթուղթը լավագույն ժառանգությունն է։ Մի անգամ էլ, երբ Նիկոլն ասաց, թե համանախագահները, այդ թվում՝ ՌԴ-ն, մեզանից պահանջում են հինգ շրջաններ հանձնել, Պոպովը թարս ապտակ տվեց եւ տեղադրեց փաստաթուղթ այն մասին, որ բանակցությունները վարվել են Արցախին միջանկյալ կարգավիճակ տալու, հետո նոր հինգ շրջանից դուրս գալու, Լաչինն ու Քարվաճառը հայկական վերահսկողության տակ պահելու, պարտադիր հանրաքվեի վերաբերյալ, որում պետք է արտահայտվեր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ակնարկին, թե Սերժ Սարգսյանին հարցրեք՝ ի՞նչ գնով կանգնեց ապրիլյան պատերազմը, Շարմազանովը նշեց․ «Հիվանդագին, տգետ պնդումներին փաստով պատասխանեմ։ Ապրիլյանի ժամանակ գեներալ Խաչատուրովը հայտարարել է, որ պատերազմը կանգնեցվել է ՌԴ ԳՇ պետ Գերասիմովի միջնորդությամբ՝ Ադրբեջանի խնդրանքով։ Մինչեւ օրս Ադրբեջանն ու ՌԴ-ն դա չեն հերքել։ Կանգնեցվել է, որովհետեւ Ադրբեջանը չի հասել իր նպատակներին, պարտվել է, հազարից ավելի զոհ է ունեցել։ Եւ այդ մասին ասել է հենց Նիկոլ Փաշինյանը։ Պատերազմի արդյունքը Սանկտ-Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածություններն էին, որոնք Նիկոլ Փաշինյանը չկարողացավ անգամ մեկ տոկոսի չափով անել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ