Հանրապետական կուսակցության անդամ Մարգարիտ Եսայանը՝ գնահատելով, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված այսօր Հայաստանում եւ Արցախում ստեղծված քաղաքական իրավիճակը, «Հայելի» ակումբում ասաց. «Եթե այսօր Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահները, բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները, որոնք այս խնդրով մտահոգ են եւ հասկանում են իրական վտանգները, հայտարարություններ են անում, շատ լավ է: Բայց ես մնում եմ իմ համոզմունքին. հայտարարությունները այլեւս ոչինչ չեն տալիս: Պետք է այսօրվա իշխանությանը վիրահատական միջամտությամբ կտրել, հեռացնել ղեկից»:
Այնուհետեւ, դիմելով ժողովրդին ասաց. «Նույնիսկ այն 680 հազարի մեծամասնությունը, որ Նիկոլ Փաշինյանին եւ նրա թայֆային ձայն է տվել, այլեւս հասկանում է ամբողջ խնդիրը: Կան հետազոտություններ, որ հասարակության ճնշող մեծամասնությունը շունչը պահած սպասում է, թե երբ ենք բոլորս միասին Նիկոլ Փաշինյանի ձեռքից վերցնելու այդ կոտրած գրիչը, որ նա չհասցնի իրականացնել ազգակործան ամենավերջին քայլը: Բայց ժողովուրդ ջան, պիտի դուրս գալ, պիտի կենդանի ներկայություն լինի, պետք է բոլորս ձեռք-ձեռքի բռնած կանգնենք փողոցում, հրապարակում: Դանակն արդեն ոսկորին է հասել եւ պետք է մինչեւ տարեվերջ սրանց հեռացնել, քանի դեռ ուշ չէ: Եվ դա մենք անելու ենք միասին: Ինչպես ասում են. «Աստված խոսում է հայերեն» եւ ես դրան հավատում եմ»:
Մարգարիտ Եսայանը հրաժարվեց մեկնաբանել իշխանության կողմից հրապարակ նետվող տարբեր լուրերը, պատմությունները՝ դրանք համարելով անիմաստ զբաղմունք: «Մենք այդպես մտնում ենք մի բանի մեջ, որի մեջ մտնել պետք չէ: Խայծը գցում են, ու սկսում ենք քննարկել: Մենք այլեւս քննարկելու ոչինչ չունենք: Մենք մի բան ունենք անելու. սրանց հեռացնել եւ սկսել նորից կառուցել մեր երկիրը, մեր հայրենիքը»,- ասաց ԱԺ նախկին պատգամավորը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ