Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ողջ մնալու արվեստը Հայաստանում (ՈՄԱ)

Հոկտեմբեր 28,2022 19:35

ՈՄԱ-ն Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում ուսուցում և պատրաստում է ապագա աշխարհազորայիններին, որոնց գործառույթն է պաշտպանել իրենց բնակավայրերը , ինչպես նաև՝ օգնել արտակարգ իրավիճակների նախարարությանն ու ոստիկանությանը:

Ազգ-բանակ-երկիր-ամրոց. ահա այս կարգախոսով էլ առաջնորդվում է ՈՄԱ-ն:

Պարապմունքներին մասնակցելու տարիքային թույլատրելի շեմը սկսվում է 16-ից, այժմ մարզվողների հիմանական մասի տարիքը 22-ից 37 է, իսկ տոկոսային հարաբերությամբ՝ 55% տղա, 45% աղջիկ: ՈՄԱ-ի մասնակցության կուրսը տևում է 3 ամիս, կան նաև արագացված դասընթացներ:

Այն հարցին, թե որն է ՈՄԱ-ի գլխավոր նպատակն ու առաքելությունը, հիմնադիրներից Վաղինակ Վարդանովը պատասխանում է .

«Մեր հիմնական նպատակը մեր հայրենակիցների գոյատևման մակարդակը բարձրացնելն է , ինչպես նաև մեզ պես կազմակերպությունների տարածումը ամբողջ Հայաստանում» :

19-ամյա սյունեցի Սիրուշ Իսայանը նույնպես մասնակցել է ՈՄԱ-ի դասընթացներին.

«44-օրյա պատերազմից հետո հասկացա, որ յուրաքանչյուրիս պատրաստվածությունն ու մասնակցությունը պարտադիր է երկրի պաշտպանությանը. ես պետք է կարողանամ պաշտպանել եղբորս գերեզմանն ու իմ հայրենի գյուղը», այսպես է մեկնաբանում ՈՄԱ-ին մասնակցելու իր պատճառները Սիրուշը, ում եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ մյուս եղբայրը՝ 24-ամյա Հովհաննես Իսայանը, ՈՄԱ-ի մարզիչներից է.

«Ես շատ եմ սիրում այս գործը, պարապմունքներ անց եմ կացնում Սյունիքի մարզի Տաթև համայնքում, մասնակիցների հոսքը թեև այնքան էլ շատ չէ, բայց դասերն անցնում են շատ արդյունավետ ու ինտենսիվ»:

ՈՄԱ-ն շատ երազանքեր ունի, որոնցից գլխավորը այնպիսի Հայաստան ունենալն է, որի հետ բոլորը հաշվի կնստեն. այնուամենայնիվ, դժվարությունները նույնպես շատ են ու անխուսափելի.

«Մեր գործունեության ընթացքում շատ բարդությունների ենք բախվել, խնդիրներ եղել են գրեթե բոլոր մակարդակներում՝ ֆինանսականից մինչև ֆիզիկական, բայց մեր երազանքները միշտ ուժ են տվել շարունակելու», ասում է Վաղինակ Վարդանովը:

ՈՄԱ-ի մասնակիցներին դասավանդվում է ֆիզիկական մարտավարություն, առաջին բուժօգնություն, ալպինիզմ(լեռնագնացություն), տեղագրություն, կրակային պատրաստություն, դանակի նետում և ինժեներական գործ:

Ֆիզիկական մարտավարության պարապմունքներն անց են կացվում խիստ ու բարդ պայմաններում, իրական դժվարությունների հետ համատեղ: Տղաներն ու աղջիկները մարզվում են միասին և նույն մեթոդներով: Նման միջավայրում իգական սեռի 45% մասնակցությունը և՛ զարմանալի է, և՛ ողջունելի:

«Ինձ դուր էին գալիս այն բոլոր կապտուկները, որոնք առաջանում էին ֆիզիկական պարապմունքներից հետո , դրանց շնորհիվ ես ինձ ավելի ուժեղ ու պիտանի էի զգում», ասում է մասնակիցներից 20-ամյա Անի Գրիգորյանը:

Առաջին բուժօգնության հրահանգիչներից Խաչիկ Դալլաքյանը, հետաքրքիր դեպքերը հիշելիս, մտաբերում է ՈՄԱ-ի արշավներն ու խաղերը.

«Ապրելով Գորիսում՝ չգիտեի, որ մեզ մոտ այնպիսի հրաշք վայրեր կան, ինչպիսիք բացահայտեցի ՈՄԱ-ի արշավների շնորհիվ: Արշավները ուղեկցվում են երգ ու պարով և խաղերով, որոնք վերջում վերածվում են ծեծկռտուքի, իրականում խաղերի միտքը հենց դրանում է կայանում, որպեսզի մասնակիցները սովորեն պաշտպանվել»:

Առաջին բուժօգնության դասընթացը շատ կարևոր է մասնակիցների համար, քանի որ սովորեցնում է օգնել միմյանց, կողմնորոշվել ոչ միայն պատերազմական իրավիճակներում, այլ նաև կենցաղում:

«Հերթական քայլարշավի ժամանակ դիմացս քայլող աղջիկն ընկավ ու կոտրեց ոտքը, մեր ջոկատի հրամանատարի օգնությամբ ես կարողացա առաջին բուժօգնություն ցուցաբերել աղջկան, քանի որ արդեն ավարտում էի իմ մասնակցության կուրսը և ունեի բավականաչափ գիտելիքներ», ասում է Նարե Գալստյանը:

ՈՄԱ գումարտակ

Ողջ մնալու արվեստը նաև ունի ՈՄԱ գումարտակ, որը կազմավորվում է անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունների մասնակցելու համար: Եթե ընդհանուր մասնակիցները ցանկության դեպքում կարող են ներգրավվել, ապա գումարտակը կազմվում է կոնկրետ այն մարտիկներից, ովքեր նախօրոք համաձայնություն են կնքում՝ պարտադիր կերպով մասնակցելու հնարավոր ռազմական գործողություններին: Գումարտակի անդամներին սովորեցվում է այն ամենն, ինչ իրենց անհրաժեշտ է իմանալ առաջընթացում:

ՈՄԱ-ն ստեղծում է անվտանգության նոր համակարգ, որտեղ մարտիկները պետք է ըստ արժանվույն հանդերձավորված լինեն, այդ պատճառով ՈՄԱ-Ն իրականացնում է կանոնավոր դրամահավաք՝ տարածքային պաշտպանության աշխարհազորայիններին անհրաժեշտ հանդերձանք գնելու համար:

Այժմ ՈՄԱ-ի մի գումարտակ գտնվում է Ջերմուկի պաշտպանական դիրքերում:

ՈՄԱ-ն ոչ միայն ֆիզիկական մարտավարություն ու պատրաստվածություն է տալիս մարդկանց, այլ նաև հոգեկան ու մտավոր զգոնություն, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշելու ունակություն և որ ամենակարևորն է՝ սովորեցնում է արվեստ՝ մնալու ողջ և պաշտպանելու հայրենիքը:

Լուսանկարները ՈՄԱ-ի ֆեյսբուքյան էջից:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31