Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ հանձնակատարն առնվազն Չավուշօղլուի հրահանգներն է կատարում»․ Իշխան Սաղաթելյան

Հոկտեմբեր 28,2022 18:35

«Երբ Թուրքիայի հետ բանակցությունները նոր էին սկսվում, ասում էինք, որ չառանձնացնեն, որ Թուրքիան Ադրբեջանից առանձին չի վարի քաղաքականություն, բայց իշխանությունն արդարանում էր, թե Թուրքիայի հետ առանձին է հարաբերություններ պարզում։ Թուրք-ադրբեջանական տանդեմը սպառնալիք է մեր գոյության համար։ Խաղաղության անվան տակ փորձում են Արցախում իրականացնել նոր ցեղասպանություն»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հայտարարությանը, թե Հայաստանի հետ հարաբերություններում «ֆուտբոլային երկխոսություն 2» են ցանկանում գործարկել, որ կարգավորումը կախված է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելուց՝  ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մենք երբեք չենք ասում, թե Թուրքիայի հետ չպետք է խոսել։ Երկուսի հետ էլ պետք է։ Արեւմուտքի հետ էլ, դաշնակցի հետ էլ, Իրանի հետ էլ։ Բայց քննարկման առարկա պետք է լինի ՀՀ-ի եւ Արցախի շահը։ Կան կարմիր գծեր, որոնք չի կարելի հատել։ Անճարությունը, որ ասում են՝ բանակ չունենք, զենք չունենք․․․ եկեք հասկանանք, որ ոչ մի բան չեն արել դա ունենալու համար։ Երկու տարում անգամ նորմալ փորած խրամատ չունենք՝ ոչ թե որովհետեւ հնարավորություն չկա, այլ որովհետեւ իշխանությունն իրականացնում է թշնամու ծրագիրը։ Հետեւաբար, «ինչպես»-ի պատասխանը կա։ Սրանք հակառակն են անում, հետեւաբար, սրանցով ոչ մի հնարավորություն չի լինելու»։

Անդրադառնալով հոկտեմբերի 28-31-ին կայանալիք համաշխարհային  համահայկական գագաթնաժողովին, որին ՀՅԴ համահայկական կառույցները չեն մասնակցում, Իշխան Սաղաթելյանը կարծիք հայտնեց, որ գագաթնաժողովը սփյուռքը պառակտելու, լարվածություն ստեղծելու նպատակ ունի․ «Էժան, մանր քայլերով ոչ թե համախմբում են, այլ պառակտում։ Այդ հանձնակատարի քայլերն ու գործողություններն ադրբեջանական կամ թուրքական որեւէ դեսպանի կամ հանձնակատարների քայլերից չեն տարբերվում։ Երբ նպատակ ես դրել քանդել հարյուրամյա ավանդական կառույցների գործունեությունը, առնվազն Չավուշօղլուի հրահանգներն ես կատարում, որն անընդհատ ասում է, որ հայկական սփյուռքն իրենց համար սպառնալիք է։ Որեւէ լուրջ կազմակերպություն այդ գագաթնաժողովին չի մասնակցում։ Երկու վեհափառները եւս բոյկոտել են»։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն օրերս ասել է․ «ՀՅԴ-ն 25 տարի եղել է տարբեր կոալիցիաների անդամ, դրանք եղել են գողության, թալանի, Հայաստանի դատարկման տարիներ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31