ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանը «Հայելի» ակումբում վերլուծելով հոկտեմբերի 31-ին կայանալիք Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպումից առաջ «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահի արած հայտարարությունն՝ ասաց. «Այն, ինչ ասաց Վլադիմիր Պուտինը, նորություն չէր ոչ մեկիս համար: Մենք՝ բոլորս բոլոր սկզբունքներից ու բանակցություններից վաղուց տեղյակ ենք, որ բանակցություններն ընթանում են այն տրամաբանությամբ, որ դրանք պետք է ավարտվեն Արցախի կարգավիճակի որոշմամբ, սահմանների ամրագրմամբ եւ որոնք լինելու են ամենաարցախանպաստ որոշումները:
Մենք լավ տեղյակ ենք, որ քննարկվում էր ընդամենը հինգ շրջանների հանձնելը, երկու շրջանների՝ Լաչինի եւ Քարվաճառի պահպանումը որպես անվտանգության գոտի: Ընթացքում պետք է գնար հանրաքվեի խնդիրը, մինչ այդ լուծվեր Արցախի կարգավիճակի խնդիրը, որ Ադրբեջանը պարտավոր էր ի գիտություն ընդունել Արցախի ժողովրդի ինքնորոշումը եւ կարգավիճակը եւ ի վերջո ընդուներ դա: Այս շրջանակներում էր ընթանում Սերժ Սարգսյանի բանակցային ամբողջ ֆորմատը:
Վլադիմիր Պուտինն ասաց. այո, դա եղել է եւ իրենք նույնպես դա առաջարկել են: Բայց հիմա հայ ժողովուրդն ինքը եւ Հայաստանի այսօրվա իշխանությունը պետք է որոշի, թե որ ուղղությամբ է գնում: Եվ ասաց, որ երկու տարբերակին էլ չի միջամտելու: Բայց դիվանագիտական խոսքում նաեւ ենթատեքստ կա: Երբ մի կողմից ասում է, թե Հայաստանի այսօրվա իշխանությունը եթե ընդունում է Ադրբեջանի ցանկությունը, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի սուվերեն տարածքի կազմում, ինքը ոչինչ չի կարող անել: Բայց եթե Հայաստանի այսօրվա իշխանությունը եւ ժողովուրդը, շեշտում եմ՝ ժողովուրդը, ընդունում է, որ այս խնդիրը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման, սուվերենության իրավունքը, այլ լուծում ունի, այդտեղ կարող է իր աջակցությունը հայտնել: Սա շատ կարեւոր դիվանագիտական նրբություն է»,-ասաց տիկին Եսայանը՝ նկատելով, որ Պուտինի խոսքում Արցախը հայկական պահելու հնարավորության ակնարկ կար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ