Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամերիկյան կողմի այդ փաստաթղթով Արցախը թողնում են Ադրբեջանի կազմում»․ Իշխան Սաղաթելյան

Հոկտեմբեր 28,2022 17:38

«Մեր պայքարը կանգ չի առել եւ չի առնելու։ Արցախի հանրահավաքից անմիջապես հետո մենք կարձագանքենք եւ կներկայացնենք պայքարի ձեւերն ու մեթոդները, որոնք պատկերացնում ենք առաջիկայում։ Վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք։ Սեղանին կա հստակ փաստաթուղթ՝ թվագրված սեպտեմբերի 27-ով։ Ամերիկյան կողմի այդ փաստաթղթով Արցախը թողնում են Ադրբեջանի կազմում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով շրջանառվող փաստաթղթին, ըստ որի՝ ՀՀ-ն հրաժարվելու է Արցախից։

Նրա խոսքով՝ ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, իրենց համար անընդունելի է՝ լինի ամերիկյան, ռուսական, հնդկական թե չինական։ Սաղաթելյանը «ձեռք առնելիք» որակեց իշխանության հավաստիացումը, որ առաջիկայում Ստեփանակերտն անձամբ է երկխոսելու Բաքվի հետ․ «Այդտեղ անգամ մանեւրելու տեղ չկա։ Միայն Նիկոլն ու իր թիմը կարող են նման ժուլիկություններ անել։ Հանձնում են, հետո՝ արդարանում, խոստումներ տալիս»։

Ինչ վերաբերում է Փաշինյանի այսօրվա պնդմանը, որ համաձայնություն են տվել ռուսական կողմի հիմնարար առաջարկներին, Իշխան Սաղաթելյանը դա «աշխարհաքաղաքական ճողվածք» որակեց․ «Բրյուսելում ասում է մի բան, Մոսկվայում՝ այլ բան։ Այսպես երկիրը գավառական ժուլիկությամբ սարքում է աշխարհաքաղաքական մրցակցության համար մանրադրամ։ Նիկոլի առաջարկածը, որն իբրեւ թե միջազգային աջակցությամբ ծրագիր է, Արցախի հանձնումն է, որը բերելու է հայկական պետականության կորուստ։ Ովքեր ասում են, թե Արցախը տանք, Երեւանը պահենք, պետական դավաճաններ են։ Թուրքը Ջերմուկ հասավ այն բանից հետո, երբ տվեցինք Բերձորը»։

Իշխան Սաղաթելյանի բնորոշմամբ՝ ընդդիմությունը դեմ չէ խաղաղությանը և, այդ թվում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցություններ վարելուն, բայց խաղաղությունը չպետք է լինի հայրենազրկման, Արցախը կորցնելու գնով․ «Տպավորությունը, թե ընդդիմությունը պատերազմ է ուզում, այդպես չէ։ Մենք արժանապատիվ խաղաղություն ենք ուզում, պատրաստ ենք պայքարել, եւ դրա համար ներուժ կա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31