Հայաստան ենք եկել դժվար ժամանակահատվածում հայերի կողքին լինելու համար. ասել են Ֆրանսիայի Ազգային ժողովի
պատգամավորները հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: Նրանք տեղեկացրել են, որ «Վերածնունդ» խմբի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Ազգային ժողովում նախատեսվում է ընդունել բանաձեւ, որով որոշակի պատժամիջոցներ են նախատեսվում Ադրբեջանի նկատմամբ, դատապարտվում է ադրբեջանական ագրեսիան, գրավյալ տարածքները վերադարձնելու եւ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու պահանջ է ներկայացվում:
Հայ խորհրդարանականները կարեւորել են վերոնշյալ բանաձեւի ընդունումը: ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն արժեւորել է Ֆրանսիայի հետ դինամիկ հարաբերությունների զարգացումը, մասնավորապես, օրենսդիր մարմինների միջեւ: Պատգամավորը բարեկամական խմբի անունից շնորհավորել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին: Նշվել է, որ առաջիկայում Ֆրանսիայի խորհրդարանում կձեւավորվի Հայաստանի հետ բարեկամական խումբը:
Քննարկվել են տնտեսական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը, համատեղ ծրագրերի եւ երկարաժամկետ կայուն ներդրումների իրականացմանն առնչվող հարցեր: Նշվել է, որ Հայաստանը բարելավում է տնտեսական ու մրցակցային միջավայրը՝ նոր ներդրումներ ներգրավելու համար: Տնտեսության զարգացման տեսանկյունից կարեւորվել են տարածաշրջանային կայունությունը, սահմանների անխախտելիությունը:
Նշենք, որ հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Արթուր Հովհաննիսյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն Խաչատրյանը, Աղվան Վարդանյանը, Տարոն Մարգարյանը եւ Արմեն Չարչյանը, ֆրանսիական կողմից՝ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Գիյոմ Գասպարյանը, Անն-Լորանս Պետելը, Լյուկ Լամիրոն, Մոհամեդ Լաքիլան եւ Սառա Թանզիլին:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ