Հայաստանը չճանաչեց Ղարաբաղը: Հայաստանը ընդհանրապես իր վրա վերցրեց Ղարաբաղը ներկայացնելը բանակցություններում ու Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից: Դա, իմ կարծիքով, ինչպես էլ բացատրեն, սխալ էր Հայաստանի կողմից: Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչվեր, բայց որպեսզի դա անընդհատ արյունահեղության, ռեւանշի տեղիք չտար, ինչ-որ հաջողության հասներ, իհարկե, պետք էր ՀՀ-ի կողմից ժեստ, պետք է տարածքներ տային՝ բացառությամբ Լաչինի, Քելբաջարի հատվածները, որոնք կերաշխավորվեին ՀՀ-ի կապը ԼՂ-ի հետ»,- այսօր ռուս-հայկական «Լազարյան» ակումբում իր ելույթում ասաց ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
Անդրադառնալով պատերազմին՝ նա ասաց, որ Ղարաբաղը բեռ էր այն խմբի համար, որոնք 2018-ին իշխանություն վերցրեցին ՀՀ-ում, Ղարաբաղը հայրենիք էր ընդդիմության առաջնորդների համար ու դրա համար կասկածի տակ էր: ՀՀ իշխանությունները, նրա խոսքով, սկսեցին ստորացնել ռազմական այն գործիչներին, որոնք Հայկական բանակի հպարտությունն էին ու երաշխիք էին հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանման. «Ես չեմ տեսնում ՌԴ-ի որեւէ սխալ՝ այդ իրավիճակի հետ կապված»:
Նրա դիտարկմամբ, այդ պատերազմը կանխելու համար ՌԴ-ն մեծ ջանք է գործադրել, որովհետեւ ինչի՞ն էր պետք, որ իր ռազմավարական դաշնակիցը պարտվի պատերազմում: Նա հիշեցրեց, որ այդ ԱՄՆ դեսպանատունն էր հայտարարություն տարածել, որ դուրս գան իր քաղաքացիները այդ տարածքներից, որ չտուժեն:
Զատուլինի համոզմամբ, ՌԴ-ն ոսկերչական աշխատանք է կատարել՝ փորձելով կանգնեցնելով պատերազմը ավելի վաղ, քան ադրբեջանական ուժերը կմտնեն Շուշի ու տեղակայելով ռուս խաղաղապահներին ու դա առաջին հերթին Պուտինի աշխատանքն է. «Սոչիի ծովափերում պլակատների վրա գրված է՝ խեղդվողին փրկելու գործը խեղդվողի վրա է, այսինքն, խեղդվողի գործն է: Եթե ՀՀ-ում եկել են իշխանություններ՝ մի քանի ընտրություններով հաստատված, ո՞նց կարելի է կատարվածի ողջ պատասխանատվությունը դնել ՌԴ-ի իշխանությունների վրա: Ես սա չեմ ասում այն մարդկանց, որոնք պայքարել են դրա դեմ, պայքարել են, բայց մեծամասնության քվեին չեն արժանացել, դա փաստ է»:
Կարդացեք նաև
Զատուլինն ասաց, որ ՌԴ նախագահը պրագմատիկ է, ՌԴ-ն էլ ամեն ինչ անում է, որ հակամարտության երկրորդ ճակատ չբացվի, որովհետեւ արդեն հայրենական պատերազմ է՝ ՌԴ-ի գոյատեւման. «Ես սեպտեմբերին եղել եմ ՀՀ-ում, հանդիպել մարդկանց, որոնց կարող եմ վստահել: ՌԴ-ին քննադատում են, որ երբ Ադրբեջանը ՀՀ-ի տարածք էր մտել 3 կմ, 5 կմ, 8 կմ, ՌԴ-ն անմիջապես չհայտարարեց պատերազմ Ադրբեջանին ու անմիջապես չուղարկեց այնտեղ զինված ուժեր ու անմիջապես միջուկային ռումբ չնետեց Բաքվի վրա, երբ 8 կմ Ադրբեջանը վերցրել էր ՀՀ տարածքից: Իրականում ես այն կարծիքին էի, որ պետք էր հայտարարվեր, որ դա ագրեսիա է, ինչը չարվեց: ՌԴ-ն ամենակարող չէ, սխալներ անում է՝ ելնելով նրանից, որ գոնե ոչ պաշտոնապես, առանց հայտարարելու ադրբեջանա-թուրքական կողմից հասկացվածության հասնի»:
Կոնստանտին Զատուլինը, անդրադառնալով այն հարցին, թե ում է ձեռնտու միջանցքի բացումը, ուշագրավ բան պատմեց հայ օլիգարխներից մեկի հետ իր մասնավոր զրույցը հանրայնացնելով. «Անունը չեմ տա բավականին խոշոր օլիգարխի ու քաղաքական գործչի, որն անձամբ ինձ ասում էր, որ այո, ստեղծվել է ունիկալ հնարավորություն, որ Անդրկովկասում ամեն ինչ վերադառնա ՌԴ-ին, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները լավանան, ինչքան էլ Հայաստանը շրջափակման մեջ լինի, մենք հիմա կոմունիկացիաներ կբացենք…Շատ ոգեւորված էր նա, փող էր աշխատել, իսկ մարդը, որը փող է աշխատում, նա անհամեմատ ավելի խելացի է նրանցից, ովքեր փող չեն աշխատում: Դա ինձ ասում էր ոչ թե ադրբեջանցին, դա ինձ ասում էր հայը, որը ես վստահ եմ, Հայաստանին լավն է ցանկանում, բայց ունի այդ տեսակետը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ