Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախահայությունը պետք է իմանա՝ Փաշինյանն իրենց պատրաստվում է հանձնել Ադրբեջանին»․ Անդրանիկ Թեւանյան

Հոկտեմբեր 28,2022 17:18

«Ասվեց բաներ, որոնք մեզ հայտնի էին, եւ որոնք, սակայն, հերքվում էին իշխանության կողմից։ Կուզեմ հասարակությանը տեղեկացնել, որ 44-օրյա պատերազմը կարող էր տեղի չունենալ, եթե Փաշինյանը չընտրեր պատերազմի ճանապարհը։ ՌԴ ղեկավարն ամրագրեց, որ պատերազմը կարող էր չլինել, եթե բանակցային գործընթացը փակուղի չմտցվեր»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարություններին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

Ըստ նրա, Պուտինի խոսքերից ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է վաշինգթոնյան փաստաթղթին, ըստ որի՝ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում․ «Սա Փաշինյանին հնարավորություն է տալու հետո ապաստանել արեւմտյան որեւէ երկրում։ Պուտինը նաեւ ասաց, որ դա ՀՀ-ի որոշումն է, եւ ոչ թե ՌԴ-ի եւ արեւմուտքի։ Ուստի Փաշինյանն ինքն է նախաձեռնել Արցախն Ադրբեջանին հանձնելը, եւ եթե հայ ժողովուրդը սրա հետ համակերպվի, ՌԴ-ն ոչինչ չի կարող անել։ Սրանով մեզ ուղերձ են հղում, որ ժողովուրդը պետք է արտահայտի դիրքորոշում»։

Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը հավանություն կտա Հայաստանի համար ընդունելի ցանկացած տարբերակին, սակայն իր կողմից որևէ ճնշում չի բանեցնի:

Անդրանիկ Թեւանյանը շեշտեց՝ եթե առաջիկայում քաղաքական փոփոխություններ չլինեն, պետականության կորստի առաջ ենք կանգնելու։ Ինչ վերաբերում է փաստին, որ հոկտեմբերի երեսունին Արցախում հանրահավաք է սպասվում, Թեւանյանը նկատեց․ «Դա արցախահայության իրավունքն  է, որովհետեւ արցախահայությունը պետք է իմանա՝ իրենց Փաշինյանը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին։ Դա շատ կարեւոր հավաք է, դրան պետք է բոլոր քաղաքական ուժերը մասնակցեն, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանը։ Հայաստանյան բնակչությունն էլ պետք է իմանա՝ սուտ է, թե Արցախը հանձնելով մենք կունենանք խաղաղություն։ ՀՀ-ի գոյությունը վտանգված է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31