Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում դատապարտվում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա

Հոկտեմբեր 28,2022 16:47

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը շրջանառության մեջ է դրել զեկույցի նախագիծ, որում դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին ու զերծ մնալ բորբոքիչ հռետորաբանությունից:

Նախագծում, մասնավորապես, ասվում է, որ Եվրախորհրդարանը «խստորեն դատապարտում է 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքում բազմաթիվ թիրախների վրա և դրա հետևանքները խաղաղության գործընթացի վրա», ինչպես նաև «վերահաստատում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիովին հարգվի»: Ըստ այդմ, ԵՄ-ը պատրաստակամություն է հայտնում առավել ակտիվ ներգրավվելու տարածաշրջանի ձգձգվող հակամարտությունների կարգավորման գործում:

«Եվրախորհրդարանը … շարունակում է անհանգստացած մնալ հայ գերիների՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց ճակատագրով, որոնք կալանավորվել են հակամարտության ընթացքում և դրանից հետո և դեռ պահվում են Ադրբեջանի կողմից, և ողջունում է նրանցից մի քանիսի ազատ արձակումը. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել մնացած բոլոր պահվող անձանց, ներառյալ վերջին ռազմական առճակատումների ժամանակ գերեվարվածներին, և նրանց հետ վարվել համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի»,- ասվում է նախագծի տեքստում:

Փաստաթղթում նշվում է, որ Եվրախորհրդարանը դատապարտում է հրապարակված կադրերը, որոնցում պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ զինծառայողի և անզեն հայ ռազմագերիների խոշտանգումներ, անդամահատումներ և սպանություններ. «Եվրախորհրդարանը կոչ է անում ամբողջական և անաչառ հետաքննել տեսանյութերը՝ բացահայտելու մեղավորներին և պատասխանատվության ենթարկելու իրենց գործողությունների համար»,- ասվում է փաստաթղթում:

Միաժամանակ ըստ զեկույցի նախագծի, Եվրախորհդարանը հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին ամբողջությամբ իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի համաձայնագիրը և հրատապ միջոցներ ձեռնարկել իրենց բնակչությանը խաղաղ գոյակցության նախապատրաստելու համար: Նաև կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին «խուսափել բորբոքող հռետորաբանությունից, որը սպառնում է խաթարել խաղաղության գործընթացը»:

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ի պասիվ դիրքորոշումը 2020թ. պատերազմի ժամանակ և անմիջապես դրանից հետո հնարավորություն է տվել ազդեցություն ձեռք բերել տարածաշրջանային այլ դերակատարների, Ռուսաստանին և Թուրքիային: Հետևաբար, բանաձևի հեղինակները աջակցություն են հայտնում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական նախաձեռնությանը և հորդորում երկու երկրների կառավարություններին ամբողջությամբ ներգրավվել խաղաղության պայմանագրի մշակման գործում:

Բացի այդ, Եվրախորհրդարանը ողջունում ՝ ԵՄ-ի կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում հակամարտությունից տուժած բնակչությանը և կոչ են անում Հանձնաժողովին մեծացնել ԵՄ-ի օգնությունը կարիքավոր մարդկանց, ներառյալ Լեռնային Ղարաբաղում, նպաստել վստահության ամրապնդման ավելի հավակնոտ միջոցառումների իրականացմանը և ուժեղացնել մարդկանց միջև շփումները սահմանի երկու կողմերում գտնվող քաղաքացիների միջև:

Փաստաթղթում նաև կոչ է արվում Ադրբեջանին և Հայաստանին ձեռնպահ մնալ մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության ոչնչացումից և վերականգնել վնասված վայրերը՝ համապատասխան ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և ցուցումներին: Նաև կոչ է արվում երկու երկրներին շուտափույթ թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը այցելել իրենց տարածքներ՝ առանց նախապայմանների:

Ըստ փաստաթղթի՝ Եվրախորհրդարանն աջակցում է «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը: Կոչ է արվում արագորեն իրականացնել հատուկ ներկայացուցիչների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները և բարեխղճորեն ու առանց նախապայմանների ներգրավվել գործընթացում:

Բանաձևի նախագծում անդրադարձ կա նաև հայ-ռուսական հարաբերություններին: Մասնավորապես, կոչ է արվում Հայաստանին «դիտարկել իր անվտանգության ոլորտում գործընկերությունների դիվերսիֆիկացումը, քանի որ երկարամյա ապավինումը Ռուսաստանին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում իր դաշնակիցներին բավարար չէ»:

Փաստաթղթում անդրադարձ կա նաև Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին:

«Եվրախորհդարանը ողջունում է 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք հաստատեցին Հայաստանում ժողովրդավարության ուժը և նրա ժողովրդի աջակցությունը բարեփոխումների օրակարգին: Խրախուսում է կառավարությանը շարունակել բարեփոխումների իրականացումը՝ չնայած միջազգային բարդ համատեքստին և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Կրկնում է, որ ԵՄ-ն ամենամեծ դոնորն է, որն աջակցում է Հայաստանի բարեփոխումների գործընթացին»,- ասվում է փաստաթղթում:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31