Այսօր հայ-ռուսական «Լազարյան» ակումբի նիստին ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը հարց ուղղեց Հայաստանում իր ընկերներին, մասնավորապես՝ Վազգեն Մանուկյանին՝ կա տեսակետ, որ այն, ինչ կատարվեց 2020-ին, ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնության արդյունքն է՝ ընդդեմ Հայաստանի, սա պաշտոնական մարմինները հաստատո՞ւմ են եւ դա՞ է պատճառը, որ Հայաստանը իրեն զգում է անպաշտպան ու քաղաքական վեկտորի փոփոխության է գնում. «200 տարի համարում էին, որ ամեն ինչ լավ է եղել՝ ՌԴ-ի հետ կապված, իսկ հիմա գնահատում են, որ 200 տարի միայն վատ է եղել եւ հիմա միայն ԱՄՆ-ի վրա պետք է հույս դնել, նրանք կարող են իրական երաշխիք դառնալ»:
Երկրորդ հարցը, որն ուղղեց Միհրանյանը, հետեւյալն էր՝ Պուտինը «Վալդայ ակումբի» քննարկմանը ասաց, որ Ղարաբաղի հարցը ՌԴ-ի համար փակված չէ, դա նաեւ ասել էր Լավրովը, ռուս խաղաղապահների տեղակայումը, իր կարծիքով Փաշինյանի ու նրա թիմի թիկունքին հարված էր, որովհետեւ նրանք 30 տարի ասում էին, որ Ղարաբաղը բեռ է, պետք է դրանից ազատվել, թվում էր ամեն ինչ ստացվել է, բայց հանկարծ ռուս խաղաղապահները կանգնեցրեցին այդ գործընթացը. «Երբ ՌԴ նախագահն ուզում էր անմիջապես կանգնեցնել այդ ռազմական գործողությունները, այդ ժամանակ ՀՀ վարչապետն ասում էր՝ ո՞նց կարող էի կանգնեցնել, այդ ժամանակ իրեն կասեին դավաճան, կհանեին, պետք էր շատ մարդ սպանել, այդ վախը խորացնել հայ հասարակությունում, որ հայ հասարակությունը հուսահատ պատրաստ լիներ ընդունել ցանկացած աղետալի գործողություն, որը կանեին ներկայիս ՀՀ իշխանավորները: Շատ կարեւոր է, որ եթե Հայաստանը հրաժարվում է Ղարաբաղի հարցի քննարկումից ու պատրաստ է հանձնել Ղարաբաղը «վաշինգթոնյան տարբերակով», կներեք, ՌԴ-ն չի կարող այդ հարցը ինքնուրույն քննարկել՝ առանց Հայաստանի: Չնայած ես մտածում եմ, որ եթե Ղարաբաղն ու ՌԴ-ն միմյանց հետ պայմանավորվեն, այդ ժամանակ հնարավոր է եւ առանց Հայաստանի, ինչի՞ է պետք Ղարաբաղին նման Հայաստանը»:
Միհրանյանն ասաց, որ ՀԱՊԿ-ում ՌԴ-ի դիրքորոշումը իրեն դուր չի եկել. «Ինչպես կարող է Հնդկաստանի ներկայացուցիչն ասել, որ Ադրբեջանի ներխուժումը երեք տեղերից ագրեսիա է, դրա մասին ասում են ֆրանսիացիները, դրա մասին ասում է ԱՄՆ-ն․ ասում է, որոնք ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը չեն, բարեկամ երկրներ չեն, իսկ ՌԴ-ն ձեւ է բռնում, որ այդ հարցը իրեն որեւէ կերպ չի առնչվում: Նույնիսկ Փելոսին է ասում, որ դա վատ է, երբ ՀՀ սուվերեն տարածք է ներխուժում Ադրբեջանը, իսկ այստեղ իբր փորձագետներն ասում են՝ նա հիմար է, ոչ մի բան չի հասկանում, դա Ղարաբաղում է եղել, որեւէ կերպ Հայաստանի տարածքի հետ կապ չունի: Դա հեռարձակվում է Առաջին ալիքով: Խեղճ լրագրողը որպես փորձագետ հարց է տալիս, պատասխանում է, թե՝ Փելոսին աշխարհագրություն պիտի սովորի: Ես կարծում եմ, որ ՌԴ-ն պետք է հստակ դիրքորոշում ունենա: Եթե հայտարարվեց, որ Ղարաբաղը պաշտոնապես Ադրբեջանի մաս է, ոչինչ անել չենք կարող, դրա շրջակա տարածքների հետ կապված բանակցություններ են գնում, Հայաստանը չնեղացավ դրանից, հիմա ի՞նչ, ՌԴ-ն վախենում է, որ Ադրբեջա՞նը կնեղանա: Ակնհայտ է, չէ՞, որ դա ՀՀ տարածքն է, ամբողջ աշխարհը դա գիտի»:
Անդրադառնալով Զանգեզուրի միջանցքին, Միհրանյանն ասաց, որ եթե ՀՀ իշխանությունները լավ հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ, պետք է նրանց միջոցով ճնշում գործադրեն Վրաստանի վրա, որ այդ «արարածները» բացեն երկաթուղային ճանապարհը, որովհետեւ պատժում են Հայաստանին հենց այնպես:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, նրա խոսքով, դա ձեռնտու չէ Հայաստանին, ոչինչ չի տալու նաեւ ՌԴ-ին. «Ստացվում է, որ միայն երկու պետությունների է ձեռնտու, մենք պիտի ջանք թափենք մեծ Թուրանի ծրագրի իրագործման համա՞ր: Հասանք տեղ: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ դա ձեռնտու է ՌԴ-ին, հանցագործ է ուղղակի»:
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ իսկապես Հայաստանում խոսում են այն մասին, որ 2020-ի պատերազմը ռուս-թուրքական համաձայնության պատճառով է: Դա ՀՀ ներկայիս իշխանությունների տեսակետն է նաեւ. «ՌԴ-ն ամեն անգամ մղում է այդ մանր ժուլիկություններին, դրա համար ավելի հեշտ է հասարակ, շարքային մարդկանց համոզել, որ իրենք ճիշտ են: Երբեմն այնպիսի տպավորություն է, որ ՌԴ-ն դիտմամբ է անում, որ ՀՀ-ում նման տրամադրություններ ստեղծվեն: ՌԴ-ն էլ պետք է պատասխանի՝ ինչո՞ւ է այդպես անում»:
Տնտեսագետ Աշոտ Թավադյանն էլ իր ելույթում ներկայացրեց, թե ինչպես է ՀՀ-ում ընկալվում ՌԴ-ի գործունեությունը. «ՌԴ-ում ասում են՝ Ադրբեջանն ու Թուրքիան գործընկերներ են, իսկ Հայաստանը պարզ է, որ դաշնակից է, բայց Ադրբեջանն ու Թուրքիան առաջին կարգի գործընկերներ են, իսկ Հայաստանը դաշնակից է երրորդ սորտի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ