Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմակի օգտագործման տոպրակներ ենք ցուցադրական բաժանելու. ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար

Հոկտեմբեր 28,2022 16:08

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 4-ին Հայաստանի մայրաքաղաքում և տարբեր մարզերում քաղաքացիներին ցուցադրաբար կբաժանվեն բազմակի օգտագործման տոպրակներ, այս մասին այսօր հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը՝ «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի մեկնարկին:

«Պետությունը միայն արգելող չէ, այլ նաև դրա հետ կապված որոշակի միջոցառումներ ցուցադրող է և կարծում եմ՝ բոլորս ենք հասել այն պահի, երբ այս տոպրակների և պլաստիկ շշերի արտադրության հետ կապված պատրաստ ենք մի օր վերջ դնենք այդ գործընթացներին: Պլաստիկ շշերի և արտադրողի մասով ասեմ, որ մենք ՝ մեր գործընկերների հետ ունենք մշակված ռազմավարություն և վերջնական փուլի են հասնում ուսումնասիրությունները՝ հասկանալու համար, թե երկիրը որ ուղղությամբ է ուզում շարժվել, քանի որ այդտեղ ևս ունենք պետություն-մասնավոր համագործակցություն, հետևաբար մասնավորը կարող է միանալ պետության նախաձեռնությանը շահույթի առկայության դեպքում: Ուստի մենք պետք է փորձենք այն ուղղությունն ընտրել, որ ներդրողի համար, ըստ էության, շահութաբեր լինի»,-նշեց փոխնախարարը՝ հավելելով,որ ՇՄՆ-ն աջակցում և պատասխանատվություն է վերցնում թափոնների կառավարման ծրագրի իրագործման հարցում:

Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի թափոնների կառավարման ոլորտը՝ բարձրացնելով թափոնների էկոլոգիապես համահունչ կառավարման կարողությունները, աջակցել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը երկրում ներդնել արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ, աջակցություն տրամադրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Սևան քաղաքում և այլ համայնքներում ներդնելու սկզբնաղբյուրում թափոնների տարանջատման համակարգ:

«Այս ծրագրում որպես թիրախ Սևանի ընտրությունը բոլորովին պատահական չէ, Սևանն այսօր Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում ամենաակտիվ իրականացվող ծրագրերում կետային առումով կարևոր նշանակություն ունեցող համայնք է: Հաշվի առնելով ամառային զբոսաշրջության շրջանում շրջակա միջավայրի վրա ձևավորվող մեծ ճնշումներն ու վտանգները մենք Սևանի ընտրությունն արել ենք հենց այս շարժառիթից ելնելով: Հասկանալի է, որ տեսական և պիլոտային լուծումները, որ այս ծրագրի ընթացքում կունենանք՝ պետք է իմպլիմենտացիա լինեն որևէ համայնքում և այդ առումով Սևանն ամենահարմարն է»,- նշեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նա կարևորեց այն հանգամանքը, որ պետությունը Հայաստանում ամերիկյան համալսարանի հետ իրականացրել է մի շարք ծրագրեր, որտեղ կիրառվել են ոչ միայն համալսարանի գիտական փորձն ու հնարավորությունները, այլ ներգրավվել են նաև ուսանողները՝ իրենց նոր գաղափարներով: «Մշակութային այս էլեմենտը կարևոր նշանակություն ունի: Ամերիկյան համալսարանի «Յակոբեան կենտրոնի» հետ մեր համագործակցությունը պատմություն ունի, հատկապես բնապահպանական կամ ոչ կենցաղային թափոնների կառավարման առումով»,-ասաց Տերտերյանը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը կարևորեց, որ Հայաստանի ամերիկյան համալսարանը փորձում է հասնել պետություն-մասնավոր համագործակցությանը՝ նաև միջազգային գործընկերների հետ. «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն ծրագիրը հենց այդպիսի օրինակ է, ինչպես նաև մեզ համար փորձ է ամբողջ երկրով տարածելու և լայն հանրությանը ներգրավելու համար. այս ծրագիրը ոչ միայն եզակի է իր մոտեցմամբ, այլ նաև եզակի է, քանի որ աշխատում ենք մի երկրի հետ, այս դեպքում Շվեդիայի, որն արժևորում է թափոնների կառավարումը և վերամշակումը. Սա տարբեր ձևերով նպաստելու է Հայաստանին»,-նշեց նա :

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31