Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբանը պնդում է, որ Արմավիրի տարածաշրջանային քոլեջի տնօրենի դեմ պայքարողները հանցավոր աշխարհի մարդկանց են դիմել

Հոկտեմբեր 28,2022 15:39

ԿԳՄՍՆ «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում» վերջին շաբաթներին իսկական խառնաշփոթ է: Տնօրեն – դասախոսներ հակամարտությունը սկսեց նրանից, երբ այս տարվա մարտին տնօրենի պաշտոնը ստանձնած Անգին Արշակյանը բացահայտեց, որ քոլեջը կոռուպցիայի մեջ է թաթախված ու դրա հետքերով վեց դասախոս ազատեց աշխատանքից:

Հեռացվածները ոչ միայն չհամակերպվեցին նորանշանակ տնօրենի որոշման հետ, այլ սկսեցին պայքարել իրենց աշխատանքի ու քոլեջ վերադառնալու համար: Նրանք, այսպես ասած, իրենց բողոքի ցույցերն իրականացնում են հենց քոլեջում ու դասապրոցեսին զուգընթաց: Հոկտեմբերի 25-ի առավոտյան քոլեջի աշխատակիցներից մեկն անձամբ է ոստիկանություն զանգահարել ու հայտնել, որ նախկին աշխատակիցները մտել են քոլեջ ու տնօրենի աշխատասենյակի դռներին ու պատերին հարվածելով՝ գույքային վնասներ պատճառել:

Տիգրան Հայրապետյան

Վերջին շաբաթներին սա հանցագործության մասին միակ հաղորդումը չէր: Տնօրենի ներկայացուցիչ, փաստաբան  Տիգրան Հայրապետյանն էլ իր հերթին է  հանցագործության մասին հաղորդումներ ներկայացրել:

Առաջին հաղորդումը քոլեջի մի շարք աշխատակիցների կողմից կոռուպցիոն գործարքներ կատարելուն է վերաբերում:  «Կեղծ դիպլոմներ են հանձնվել, մարդիկ չեն սովորել, չեն հաճախել դասընթացներին, բայց դիպլոմներ են ստացել: Այս դեպքով հեռացված  վեց աշխատակիցներն են հիմնական ներգրավվածները: Հեռացվածներից մեկը որդուն ձեւակերպել է ուսանող անվճար հիմունքով, կեղծ կարմիր դիպլոմ ապահովել: Կոռուպցիայի մեջ թաթախված քոլեջ է»,-նկատեց փաստաբանը:

Երկրորդ հաղորդումը վերաբերում է քոլեջից հնարավոր ջրագողության դեպքին կամ ջրի հաշվիչների ցուցիչները փոխելուն, ինչը, ըստ փաստաբանի, հնարավոր է՝  պահակը կատարած լինի: Տիգրան Հայրապետյանի խոսքով, մեկ շաբաթվա ընթացքում 8-10 անգամ ավելի շատ ջուր է ծախսվել, քան նախորդ մեկ ամսվա ընթացքում:

Փաստաբանին հասած տեղեկությունների համաձայն՝ քոլեջում, այսպես ասած, զանգվածային անկարգությունների հետեւում ԿԳՄՍՆ պաշտոնյաներից Կարեն Մանուկյանն է: Վերջինս նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետն է, որը, ըստ փաստաբանի, օգնում ու ուղղորդում է տնօրենի դեմ բողոքող դասախոսական կազմին: Քոլեջում ստեղծված իրավիճակի ու Կարեն Մանուկյանի ներգրավվածության մասին պարզաբանումը կներկայացնենք ավելի ուշ:

Փաստաբանը մի ուշագրավ տեղեկություն էլ հայտնեց՝ ասելով, որ զանգվածային անկարգությունների մասնակիցները դիմել են հանցավոր աշխարհի ներկայացուցիչներին, ինչի առթիվ նույնպես հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել. «Տեսագրություն կա, թե ինչպես են երեկոյան քոլեջ գալիս անծանոթ անձինք, նրանցից մեկը այնպիսի հեղինակություն է, որ գալիս ոստիկանի վրա է փորձում հարձակվել, նրան հանգստացնում են, հեռացնում, նորից է գալիս, վերջում ոստիկանի ձեռքը սեղմում է ու հեռանում: Առաջ ընկնեմ՝ ասեմ, որ Արմավիրի ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին, ոստիկանները ոնց որ գողական բազարի մեջ են մտնում հանցավոր աշխարհի մարդկանց հետ: Այդ հանցավոր աշխարհի մարդիկ իրենց անուններն են ասել: Ինչ-որ մեկը եղել է Արմավիրի Վալոդիկը, տնօրենն ինձ պատմեց, որ այդպես է ներկայացել ու ասել է՝ հանկարծ կնոջս հեռացնեք, կտեսնեք ու սպառնացել»:

Փաստաբանն ասաց, որ քննչական կոմիտեից դեռ չեն ստացել իրենց ներկայացրած հաղորդումների  հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու կամ վարույթի նախաձեռնելը  մերժելու մասին որոշումներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31