Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացվում է, որ ռուսներին քշելով՝ մնում ես թուրքերի տիրապետության տակ»․ Վազգեն Մանուկյան

Հոկտեմբեր 28,2022 14:56

«Վլադիմիր Պուտինն Արցախի հարցի վերաբերյալ երեկ ասաց այն, ինչն արդեն իսկ հնչել էր․ մնում է հին վիճակը։ Բոլոր բանակցությունների ժամանակ խոսքը գնում էր տարածքներ՝ Արցախի անկախության ճանաչման դիմաց սկզբունքի մասին։ Իր անդրադարձը նշանակում է, որ ռուսական ծրագրում Արցախի հարցն այժմ չի քննարկվում, հետ է դրվում։ Սա նշանակում է, որ ՌԴ-ն չի հրաժարվում Արցախի հարցի հետագա քննարկումից, ինչը ես դրական եմ համարում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՌԴ նախագահի՝ Արցախի հարցի վերաբերյալ հոկտեմբերի 27-ի հայտարարություններին՝ ասաց ՀՀ երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը հավանություն կտա Հայաստանի համար ընդունելի ցանկացած տարբերակի, սակայն իր կողմից որևէ ճնշում չի բանեցնի:

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ եթե ճանաչենք Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը մեր հարցում, ապա ենթադրելի է, որ Ռուսաստանը համաձայն չէ արեւմտյան այն առաջարկի հետ, որը ՀՀ-ի համար ենթադրում է Արցախից հրաժարում եւ Ադրբեջանի կազմի մեջ ճանաչում։

Անդրադառնալով ՀՀ-ում հնչող հակառուսական հայտարարություններին՝ Վազգեն Մանուկյանն ասաց․ «Այդ կերպ մտածողներն ասում են, որ Ռուսաստանը վստահելի չի, որովհետեւ ընկերացել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Դրանից բխում է, որ ըստ նման նախադասություններ ասողների՝ Թուրքիան եւ Ադրբեջանը թշնամի են։ Տրամաբանորեն հետեւում է, որ այդ պատճառով ՌԴ-ին այստեղից պետք է դուրս քշել։ Ուստի մնում ես մենակ այդ թշնամիների դեմ։ Ասում են, թե արեւմուտքը կգա եւ այդ տեղը կզբաղեցնի։ Արեւմուտքն ուզում է Թուրքիային պոկել ՌԴ-ից, ուստի շահագրգռված է թուրքական շահերն առաջ տանելու հարցում։ Թուրքիան շատ լավ կարողանում է «խաղալ» ՌԴ-ի եւ արեւմուտքի միջեւ, բայց, ի վերջո, իր հակասություններն ո՞ւմ հետ են լինելու՝ ՌԴ-ի, թե արեւմուտքի։ ՌԴ-ի, որովհետեւ Թուրքիայի պանթուրանական ծրագրերը կապված են այս տարածաշրջանի հետ։ Ստացվում է, որ ռուսներին քշելով՝ մնում ես թուրքերի տիրապետության տակ։ Եթե Թուրքիայից կախված ես լինելու, էլ ի՞նչ ինքնիշխանություն, ի՞նչ անկախություն»։

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ Թուրքիան շահագրգռված է Սյունիքը վերցնել եւ սկզբում գուցե բավարարվի միայն «միջանցքով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31