«Մինչեւ վերջերս մենք Հայաստանի արտաքին հարաբերությունների հետ կապված հստակ ճարտարապետություն ենք ունեցել, ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններ ենք ունեցել, եւ դա մեզ չէր խանգարում բարեկամական հարաբերություններ ունենալ նաեւ Չինաստանի, ԱՄՆ-ի եւ մյուսների հետ։ Հիմա ամեն ինչ փոխվել է ոչ միայն Հայաստանի պատճառով, որովհետեւ մենք պատերազմում պարտվեցինք, այլեւ որովհետեւ սկսվեց ՌԴ-Թուրքիա-Ադրբեջան մերձեցումը եւ ՌԴ-Եվրոպա առճակատումը»,-հայ-ռուսական միջազգային «Լազարյան ակումբի» հերթական հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց․ «Սա մեր առաջ նոր խնդիրներ է դնում։ Դաշնակցի հետ այսօր խոսելու համար հստակ խնդիրներ պետք է դրված լինեն՝ Արցախի հարց, անվտանգություն, բանակի վերականգնում։ Հիմա ատրճանակի դիմաց խաղաղության պայմանագիր ստորագրելն անիմաստ է։ Անկլավների հարցը դիտարկելը եւս հիմարություն է, պետք է հրաժարվել դրանից։ Սյունիքի հարցի վերաբերյալ կասեմ մի բան, որի հետ շատերը չեն համաձայնի։ Ես ոչ միայն դեմ եմ, որ միջանցք լինի, այլեւ դեմ եմ, որ Նախիջեւան-Ադրբեջան ճանապարհը բացվի»։
Վազգեն Մանուկյանը հավելեց, որ Հայաստանն ամբողջությամբ շրջափակման մեջ է, եւ բոլոր ճանապարհները հարեւանների հետ պետք է բացվեն միաժամանակ՝ գտնվելով տվյալ երկրի ինքնիշխանության ներքո միայն․ «Եթե հստակ սահմանենք, թե հիմա ինչ խնդիրներ ունենք, պարզ կլինի, թե ՌԴ-ն ինչով կարող է մեզ օգնել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ