ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն այսօր հայ-ռուսական միջազգային «Լազարյան ակումբի» հերթական հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց հայաստանյան գործընկերներին՝ իր հետ կապված այս օրերի արձագանքների համար։
Հիշեցնենք, որ ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելվել է։
Զատուլինը շեշտեց՝ պետդումայի իր գործընկերները Հայաստանին վերաբերվում են հարգանքով, բայց ոչ բոլորն են այդ մասին արտահայտվում այնքան, որքան ինքը․ «Այսօր հայ-ռուսական հարաբերությունների մասին ենք խոսում եւ գործընկերներիս կոչ եմ անում ավելի քիչ շոշափել ինձ հետ կատարվածը»։
Կոնստանտին Զատուլինը նաեւ արձագանքելով Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի այսօրվա ելույթին՝ նշեց, որ նրա մտահոգությունը համընդհանուր է։ Շեշտեց նաեւ, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է հարգել։
Կարդացեք նաև
ՀՀ երրորդ հանրապետության առաջին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն, այնուամենայնիվ, անդրադարձավ Զատուլինի մուտքը ՀՀ արգելելուն․ «Ցավոք այնպես ստացվեց, որ Մոսկվայի գործընկերների հետ տեսակապով ենք այսօր շփվում։ Կոնստանտին Զատուլինի հանդեպ կատարվածը տարբեր կերպ է կարելի գնահատել, բայց դա հիմարություն է՝ քաղաքական հիմարություն։ Սա ավելի կարեւոր է, քան մնացած՝ զգացմունքային որակումները»։
Ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն էլ նկատեց՝ Կոնստանտին Զատուլինն ու Մարգարիտա Սիմոնյանը դեռ պետք է շնորհակալ լինեն, որովհետեւ իրենց՝ ՀՀ մուտքի արգելքի մասին պաշտոնապես տեղեկացվել են, իսկ, ինքն, օրինակ, չի կարողացել պարզել՝ իր մուտքը եւս արգելվա՞ծ է ՀՀ։
Կոնստանտին Զատուլինն արձագանքեց․ «Չգիտեմ՝ Սիմոնյանը ստացե՞լ է փաստաթուղթ այդ մասին, թե ոչ, բայց նույն օրը՝ հոկտեմբերի 25-ին, Երեւանում ՌԴ դեսպանատունը երկու նոտա հղեց՝ մեկը իմ առիթով, մեկը տիկին Սիմոնյանի»։
Միհրանյանը հավելեց՝ դեռեւս ամռանից տեղեկություններ ունի, որ իր մուտքը ՀՀ արգելված է, պարզապես ճշտել չի ստացվել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ