ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Արփենիկ Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀՊՏՀ ՀԵՐԹԱԿԱՆ ԶԱՎԵՇՏԸ
Քայլ առ քայլ մսխվում և ցեխին է հավասարեցվում տասնամյակների ընթացքում մեծ համբավ և ճանաչում ձևավորած բուհիս կերպարը:
Մեծ ցավով այսօր տեղեկացա, որ ՀՊՏՀ-ից՝ ուսման վարձը չվճարելու պատճառով, դուրս է մնացել 44-օրյա պատերազմի մասնակից, ավարտական կուրսի ուսանող Հայկ Դալլաքյանը, որը պատերազմ էր մեկնել որպես կամավոր և հաշմանդամություն ստանալուց հետո այլևս չէր կարողացել աշխատել ու վճարել ուսման վարձը:
Կարդացեք նաև
Ակամայից հիշեցի, որ մեր բուհի ղեկավարությունը, հատկապես Դիանա Գալոյանի «իշխանության» օրոք, մշտապես հպարտանում է հսկայական եկամուտներով և խնայողություններով, աշխատողների, մասնավորապես՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերի բարձր մակարդակով: Հիշեցի նաև այն լավագույն ժամանակները, երբ մեր ուսանողներից մեկը, դարձյալ վարձի մի մասը չմուծելու պատճառով հայտնվել էր նման իրավիճակում, մեր ամբիոնի դասախոսներով գումար հավաքեցինք և նա կարողացավ ավարտել բուհը:
Գետինը ճաք տա և ընկնեն այդ փոսը նրանք, ովքեր այս լուսավոր դարում մեր երկիրը սեփական առողջության գնով պաշտպանած երիտասարդին ոգևորելու, խրախուսելու, օժանդակելու փոխարեն դուրս են թողել մի բուհից, որտեղ հենց ուսանողների վճարների հաշվին դասախոսների աշխատավարձն անցել է հազար $-ից, իսկ ռեկտորը նույնիսկ չի փորձել որևէ դրական լուծում գտնել:
Սա այն բացառիկ դեպքն է, որ խորհուրդ եմ տալիս լսել Վարդան Ղուկասյանի 26.10.2022թ.-ի ելույթը, որպեսզի գրածս ավելի «գունագեղ» ընկալելի լինի:
Իսկ ՀՊՏՀ ռեկտորը թիմ-թիմ է խաղում: