«Չի եղել ակումբի որեւէ հանդիպում, որի ընթացքում Արցախի հարցը չշոշափվի։ Եվ դա հասկանալի է, քանի որ Արցախը հանդիսանում էր եւ հանդիսանում է առանցքային դեր կրող։ Դժվար է թերագնահատել Արցախի դերը՝ տարածաշրջանում կանխատեսելի աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծելու հարցում, այդ թվում՝ Ռուսաստանի համար»,-հայ-ռուսական «Լազարյան ակումբի» հերթական հանդիպման ժամանակ այսօր տեսակապի միջոցով հայտարարեց Արցախի հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը։
Նա շեշտեց, որ այսօր պատմության բեկումնային շրջան ենք ապրում․ «Մեր երկրներն ու ժողովուրդները բախվում են անվտանգային լրջագույն խնդիրների։ Լուրջ ընտրության առաջ ենք՝ մեր կենսագործունեության մեջ կտրուկ փոփոխություններ մտցնել կամ չնկատելով փոփոխությունները՝ պատրաստվել այլ ուժային կենտրոնների կողմից մեր համար նախապատրաստածին։ Դա կունենա վտանգավոր հետեւանքներ։ Կարելի է առանց չափազանցնելու պնդել, որ նժարին բոլորիս ապագան է։ Նման հետեւանքները թույլ չտալու համար պետք է դրսեւորել ակտիվ քաղաքականություն ու սկզբունքայնություն»։
Բակո Սահակյանը շեշտեց Թուրքիայի դերը․ «Նա ՆԱՏՕ-ի անդամ է եւ հստակ հայտարարում է, որ պատերազմում սատարել է Ադրբեջանին եւ օգնել։ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է՝ միջազգային իրավունքի համաձայն։ Փոքրիկ Արցախը ՆԱՏՕ-ի անդամ երկրի եւ միջազգային ահաբեկիչների առաջ էր հայտնվել 2020թ․-ին։ Հիմա Արցախը ծանր վիրավոր է։ Իսկ մեր թշնամիների նպատակը՝ արցախահայաստանյան պետականությունը ոչնչացնելու վերաբերյալ, անթաքույց է։ Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխել փորձող եւ Ռուսաստանին տարածաշրջանին դուրս մղել փորձող ուժերը նպատակ են դրել Լեռնային Ղարաբաղի ոչնչացումը։ Սա անթույլատրելի է։ Քանի կա հնարավորություն, համատեղ ջանքեր է պետք գործադրել։ Պետք է բացառել այն սխալները, որոնց հետեւանքներն անուղղելի կլինեն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ