Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր բնակարանն է վաճառել Վիգեն Սարգսյանն ԱՄՆ-ում թանկարժեք գույք գնելու համար՝ Աբովյան փողոցի՞, թե՞ Հյուսիսային պողոտայի . «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 28,2022 11:35

ՀՀ պաշտպանության նախկին՝ «նախահեղափոխական նախարար» Վիգեն Սարգսյանի՝ ԱՄՆ-ում թանկարժեք գույք՝ բնակարան գնելու փաստը վերջին օրերին մեծ աղմուկի ու բուռն քննարկման առիթ է դարձել։

Հատկապես ո՞ր բնակարանն է վաճառել Վիգեն Սարգսյանը՝ Աբովյան փողոցի՞, թե՞ Հյուսիսային պողոտայի 

Անդրադառնանք նախկին նախարարի պարզաբանման այն հատվածին, որտեղ վերջինս շեշտում է, թե երեք տարի վարձով բնակվելուց հետո կնոջ հետ կայացրել է ծանր որոշում՝ վաճառելու 2013 թվականին ձեռք բերած բնակարանը։

Վիգեն Սարգսյանի հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա 2013 թ-ին վաճառել է իրեն պատկանող երկու գույք՝ բնակարանն ու ավտոտնակը համապատասխանաբար 72.8 միլիոն եւ 7.2 միլիոն դրամով եւ նույն տարում էլ 47 միլիոն եւ 3 միլիոն դրամով կրկին բնակարան եւ ավտոտնակ է գնել: Կարելի է ենթադրել, որ այդ ժամանակ Վիգեն Սարգսյանը փոխել է բնակության վայրը, քանի որ նույն գործարքն արտացոլված է նաեւ նրա կնոջ՝ Լուսինե Գալաջյանի՝ նույն տարում լրացրած հայտարարագրում:

2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորած Վիգեն Սարգսյանը ԿԸՀ էր ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Հայտարարագրում որպես հաշվետու ժամանակաշրջան է նշված 2017 թ․նոյեմբերի 1-ից մինչեւ 2018 թ․ հոկտեմբերի 31-ը:

Վիգեն Սարգսյանը հայտարարագրել է 2 բնակարան Հյուսիսային պողոտայում՝ 159.8 քմ, եւ Աբովյան փողոցում՝ 117 քմ, 2 ավտոտնակ Հյուսիսային պողոտայում՝ 24 քմ, Աբովյան փողոցում՝ 35 քմ, որպես տրանսպորտային միջոց՝ «Տոյոտա Կորոլա» (2017 թ.) ավտոմեքենա։ Հաշվետու ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են 9 միլիոն 424 հազար դրամ եւ 85 հազար դոլար: Գումարը ստացվել է 4 աղբյուրից. պաշտպանության նախարարությունից ստացած աշխատավարձից, «Լույս» հիմնադրամից ստացած աշխատավարձից՝ մոտ 5 միլիոն 400 հազար դրամ, եւ Աբովյան փողոցի վրա գտնվող «Ալեքսանդր» հյուրանոցից ստացած վարձավճարից, որը կազմել է 4 մլն դրամ։ ՀՀԿ նախընտրական շտաբի հավաստմամբ՝ հյուրանոցը Վիգեն Սարգսյանին վճարել է իր աշխատակցին տրված վարձով բնակարանի գումարը: Իսկ այ 85 հազար դոլարը Վիգեն Սարգսյանը նվիրատվություն է ստացել ոմն Արամ Հովհաննիսյանից:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Վիգեն Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 5 միլիոն 925 հազար դրամ, 6100 եվրո եւ 45 հազար դոլար:

Նշենք, որ, ըստ ԿԸՀ ընտրողների ռեգիստրի, Վ․ Սարգսյանը հաշվառված է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ Պ. 5 32 հասցեում, իսկ նրա կինը՝ Լուսինե Գալաջյանը՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ Պ. 5 31 հասցեում։

Ենթադրում ենք, որ Սարգսյանը վաճառել է Աբովյան փողոցում գտնվող իր բնակարանը, որը, ինչպես նշեցինք, ձեռք էր բերել 47 մլն դրամով։ Թե ի՞նչ գնով է այն վաճառել, որ կարողացել է 2 մլն դոլարանոց գույք գնել ԱՄՆ-ում, կամ արդյո՞ք միայն Երեւանի բնակարանի վաճառքից գոյացած գումարով է գնվել հիշյալ գույքը, թե՞ դրան գումարվել է նաեւ Սարգսյանի՝ ԱՄՆ-ում կատարած աշխատանքից ստացվող «կայուն եկամուտը», թերեւս պետք է պարզեն պատկան մարմինները։

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31