Լրահոս
Օրվա լրահոսը

Բունդեսթագն արտոնում է քրեական պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանությունը ժխտողներին. «Ազգ»

Հոկտեմբեր 28,2022 11:51

Անցած հինգշաբթի ուշ երեկոյան, ժամը մոտավորապես 23-ին Բունդեսթագը քրեական օրենսգրքում փոփոխություն է մտցրել՝ ավելի խստացնելով «ազգերի, ժողովուրդների միջեւ թշնամանք, ատելություն հրահրելու, գրգռելու» (Volksverhetzung) հանցագործության համար նախատեսված պատիժը: Որպեսզի Հայաստանում ընկալելի լինի գերմաներեն եզրույթը, որի հստակ թարգմանությունը չգտանք բառարանում, այն ներկայացրել ենք իմաստային նշանակությամբ: Սա ՀՀ ՔՕ-ի 329-րդ հոդվածն է՝ «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»:

Հոկտեմբերի 23-ին գերմանական taz-ը անդրադառնալով այս փոփոխությանը` «հապճեպ եւ ոչ թափանցիկ» է որակել Բունդեսթագի որոշումը՝ ընդգծելով, թե դրա մասին չեն ազդարարել, պարզապես մեկ օր առաջ իրավական հարցերի հանձնաժողովը քննարկել է, իսկ հաջորդ օրը սոցիալ դեմոկրատները (SPD), ազատ դեմոկրատները (FDP), կանաչները եւ քրիստոնյա դեմոկրատական, քրիստոնյա սոցիալական միության (CDU CSU) անդամները կողմ են քվեարկել, Ձախերն ու «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) աջակողմյան կուսակցությունը՝ դեմ:

Մինչ այս փոփոխությունը, ԳԴՀ-ում պատժելի էին բոլոր տիպի ոճիրները, ինչպես նաեւ Հոլոքոսթի ժխտոմն ու ոճրի նսեմացումը (ՔՕ 130 հոդված, 3-րդ կետ): Այժմ 130-րդ հոդվածը համալրվել է 5-րդ կետով, ըստ որի պատժելի են նաեւ «այլ ցեղասպանությունների առերեւույթ ուրացումն ու կոպիտ նսեմացումը, ինչպես նաեւ ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ ոճիրները»:

Կարծում ենք, գերմանական լրատվամիջոցներում այս նյութը դեռ կարծարծվի, քանզի շատ ջուր կտա քաղաքական ջրաղացին: Մեր երեկվա որոնումներում չգտանք ակնկալած օրինակը՝ Ադրբեջանի կեղծիքը, ազգամիջյան թշնամանքի հրահրումը, ցեղասպան անցյալի ու ներկայի ժխտումն այն պարագայում, երբ, հիշեցնենք, Բեռլինում Ադրբեջանի դեսպանությունը «Հայաստանը ահաբեկչական պետություն է», «Ղարաբաղը Ադրբեջան է» եւ այլ ակնհայտ ատելավառ պաստառներ կախ էր տվել հրապարակավ՝ իր դեսպանության պարիսպներից՝ ի տես անցորդների:

Մեզ հակադարձողներ կլինեն, թե Ադրբեջանի դեսպանության տարածքը համարվում է այդ երկրի տարածքը, նրանց հակաճառենք՝ պաստառները կախված էին պարիսպների դրսի մակերեսին, ուստի դրանք դուրս են Ադրբեջանի տարածքից: Ծանուցել ենք նաեւ, որ ԳԴՀ արտգործնախարարության, ինչպես նաեւ ՆԳՆ խոսնակները հստակ պատասխանից խուսափելով հղում արեցին, թե հարցի պատասխանի ճիշտ հասցեն Բեռլինի տեղական իշխանություններն են: Կառավարությունը խուսափում է ստույգ պատասխանից, Բունդեսթագը, մեր ենթադրությամբ, հնարավորություն է տալիս:

Հուսանք եկել է Ադրբեջանի դեսպանին քրեական պատասխանատվության ենթարկելու ժամանակը: Նաեւ նրա ղեկավարին՝ Իլհամ Ալիեւին: Կառարկեն, թե նրանք ԳԴՀ քաղաքացիներ չեն, անձեռնմխելի են: Իսկ նրանց ատելությունն արտահանվում է, չէ՞, Գերմանիա է գալիս նաեւ: Հայերի հանդեպ ատելության ամենօրյա ռեկորդային հրահրումը նրանց չպիտի՞ զրկի պաշտոնեական անձեռնմխելիությունից: Մնացածը նրանց մանր ձկներն են: Կանդրադառնանք:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31