Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնայինը համամարդկային արժեքնե՞րն են, թե՞ տնտեսական շահերը. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 28,2022 11:16

Այսօր, առավել քան երբեւէ Հին աշխարհամասը կանգնած է երկընտրանքի առաջ՝ առաջնայինը ժողովրդավարության համամարդկային արժեքները եւ միջազգային հումանիտար ու իրավունքի նորմե՞րն են, թե՞ տնտեսական շահերը, մասնավորապես՝ գազը:

Ադրբեջանաթուրքական զույգի կողմից արցախյան հիմնախնդրի կարգավորման երեք սկզբունքներից մեկի՝ ուժի չկիրառման պահանջի խախտումը եւ Արցախի ժողովրդի դեմ պատերազմական հանցագործությունների բազմաթիվ աղաղակող փաստերը չէին կարող անտեսել քաղաքակիրթ աշխարհը (առաջին հերթին՝ առաջադեմ արժեքների կրող կենտրոն համարվող եվրոպական կառույցները): Վերջիններս որոշակի ուշացումով, բայց իրենց ձայնը բարձրացրեցին թյուրքական կողմի՝ հումանիտար նորմերի եւ միջազգային իրավունքի ոտնահարման բազմաթիվ փաստերի քննադատությամբ:

Սակայն այս տարի գազային ճգնաժամը պաշտոնական Եվրոպային ստիպեց մոռանալ նույն Ադրբեջանի նկատմամբ կիրառած բազմաթիվ որոշումները եւ հորդորները:

Ժողովրդավարական առաջադեմ արժեքների, միջազգային նորմերի՝ մի կողմից, եւ մյուս կողմից տնտեսական շահերի բախումը Եվրոպայում առավել ցայտուն արտահայտվեց օրերս Եվրապառլամենտում Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերյալ նոր զեկույցների նախագծի քննարկման ժամանակ: Այս կառույցի տարբեր երկրների պատգամավորներին զայրացրեց այն փաստը, որ ԵՄ գործադիրի եւ դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներն իրենց խոսքերում եւ ներկայացված կարծիքներում առաջնայնությունը տալիս էին Ադրբեջանի հետ էներգակիրների հարցում համագործակցությանը՝ մոռանալով նույն Եվրախորհրդարանի ընդունած բազմաթիվ բանաձեւերը, որոնցով քննադատում են ժողովրդավարության, հումանիտար եւ այլ համամարդկային արժեքների ոտնահարումն Ադրբեջանի կողմից:

Հիմնահարցը նման սրությամբ բարձրացավ հենց այս կառույցում, քանի որ Ադրբեջանի գործողություններին անդրադառնալու գործիքակազմը հենց նրանն է: ԵՄ-ն կոչված է պահպանելու ու Եվրոպայի սահմաններից դուրս տարածելու այդ առաջադեմ արժեքները, եւ ստացվում է, որ այսօր, իր հիմնական առաքելությանը դեմ գնալով, անտեսում է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները եւ ագրեսիան հարեւան ինքնիշխան պետության նկատմամբ:

ԵՄ գործադիր մարմնի այս գործելաոճն ուղիղ հարված է եվրոպական եւ համամարդկային ողջ արժեքային համակարգին, ինչը ծայրահեղ վտանգավոր է գործող աշխարհակարգի հիմքերի համար: Եվրախորհրդարանի պատգամավորներն այդ մտահոգությունն են բարձրաձայնում, նրանք այսօր ականատեսն են եվրոպական արժեքային համակարգի ենթակայացմանը օրվա քաղաքական-տնտեսական շահերին: Ստացվում է, որ առաջին իսկ ճգնաժամին հանդիպելով՝ Եվրոպան պատրաստ է զոհասեղանին դնել իր հիմնական հենասյունը՝ ժողովրդավարական արժեհամակարգը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31