Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն սեպտեմբերի սկզբին տվել է իր համաձայնությունը՝ աշխատել ՌԴ ներկայացրած հիմնական սկզբունքների հիման վրա». Փաշինյան

Հոկտեմբեր 28,2022 10:29

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու հայտարարել, որ համաձայնություն են տվել ռուսական կողմի բազային առաջարկներին: Այս մասին նա գրել է թվիթերի իր էջում։

Գրառման մեջ ասվում է. «Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ ՌԴ-ի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների և պարամետրերի հիման վրա ու պատրաստ է դա վերահաստատել Սոչիում: Հուսով ենք, որ Ռուսաստանը սատար կկանգնի սեփական առաջարկություններին»:

Հիշեցնենք, որ պատասխանելով հայ – ադրբեջանական բանակցային գործընթացի մասին հայ փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հարցին, Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը հավանություն կտա Հայաստանի համար ընդունելի ցանկացած տարբերակին, սակայն իր կողմից որևէ ճնշում չի բանեցնի:

Պուտինի փոխանցմամբ, Ռուսաստանը տարիներ շարունակ երկխոսություն է վարել հայկական կողմի հետ և առաջարկել է Ղարաբաղի խնդիրը կարգավորել մի տարբերակով, ըստ որի Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձներ 7 շրջաններից 5-ը: «Հայաստանը հսկողություն ուներ Ադրբեջանի 7 շրջանների նկատմամբ: Մենք ասում էինք՝ գնանք հարաբերությունների բարելավման: Կան երկու խոշոր շրջաններ՝ Քելբաջարը և Լաչինը, ինչ-որ փուլում վերադարձրեք Ադրբեջանին մնացած 5 շրջանները, դրանք պետք չեն, դատարկ են, մարդիկ հեռացել են, նրանց փաստորեն վտարել են այնտեղից: Ինչո՞ւ պահել, ոչ մի իմաստ չկա: Իսկ Ղարաբաղի հետ կապի համար այդ երկու շրջանները՝ հսկայական, ի դեպ, միանգամայն բավական են, դա նաև արդար կլիներ՝ փախստականները կվերադառնային: Դա լավ քայլ կլիներ նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար: Բայց հայկական ղեկավարությունը գնաց իր ճանապարհով, և դա հանգեցրեց այն վիճակին, որն այսօր է հաստատվել», – ասել է Ռուսաստանի նախագահը:

Անդրադառնալով կարգավորման տարբերակներին, Պուտինն ասել է՝ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ այդ պայմանագիրն, իհարկե, անհրաժեշտ է:

«Եվ մենք աջակցում ենք խաղաղ կարգավորումը, ինչպես և սահմանազատումը և սահմանի խնդրի ամբողջական կարգավորումը: Մենք դրա կողմնակիցն ենք, իսկ թե ո՞ր տարբերակն ընտրել՝ դա հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության գործն է: Ցանկացած դեպքում, որ տարբերակն էլ ընտրվի՝ եթե այն կբերի խաղաղության, մենք կողմ կլինենք», – ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Նա ընդգծել է, որ Մոսկվան այս հարցում մտադիր չէ որևէ բան պարտադրել կամ թելադրել հայկական կողմին:

«Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը համարում են, որ պետք է ընտրել խաղաղության պայմանագրի տարբերակներից մեկը, որքան ես գիտեմ, «վաշինգտոնյանը» ենթադրում է Ադրբեջանի ինքնիշխանություն ամբողջ Ղարաբաղի վրա: Դե եթե Հայաստանն այդպես է համարում՝ խնդրեմ: Մենք կսատարենք հայ ժողովրդի ցանկացած որոշմանը: Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը համարում են, որ Ղարաբաղն ունի յուրահատկություններ, որ հարկ է դրանք հաշվի առնել և ներառել ապագա խաղաղ պայմանագրում, ապա դա էլ է հնարավոր, բայց անպայման դա պետք է համաձայնեցնել նաև Ադրբեջանի հետ: Դա շատ բարդ, հիրավի, շատ ծանր հարց է», – նշել է Ռուսաստանի ղեկավարը:

Նրա խոսքով՝ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը և դաշնակիցը, ուստի Ռուսաստանը, նկատի առնելով նաև Ադրբեջանի շահերը, կողմնորոշված կլինի դեպի այն առաջարկները, որոնք ինքը Հայաստանը կներկայացնի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31