Հոկտեմբերի 27-ին «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի դահլիճում «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ.հանուն նոր Միության» Շարժումը եւ Հայաստանի հականացիստական ճակատը հրավիրել էին կլոր սեղան «Առաջ Արցախ»` նվիրված Արցախի հարցի ներկա վիճակին ու զարգացումներին եւ հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցող գործընթացներին:
«Առաջ Արցախ» կլոր սեղանի հայտարարությունը
Արցախյան հիմնահարցի եւ հայ–ռուսական հարաբերությունների վերաբերյալ
Մենք` Արցախի Հանրապետությանը եւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին աջակցող կլոր սեղանի մասնակիցներս հայտնում ենք մեր վճռականությունը պաշտպանելու Արցախի ինքնորոշման իրավունքը, զարգացնելու հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ եղբայրական հարաբերությունները եւ ամրապնդել մեր պետությունների միջեւ դաշնակցային միասնականությունը:
Այսօր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որը հանդիսանում է հավաքական Արևմուտքի տարածաշրջանային հենակետը և Թուրքիայի կցորդ հանդիսացող Ադրբեջանը վարում են չհայտարարված պատերազմ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, նպատակ են հետապնդում ռազմական ագրեսիայի միջոցով զավթել ինքնիշխան Հայաստանից տարածքներ` առավելագույն վնաս հասցնելով Հայաստանի պետականությանը, ստիպում են հրաժարվել Արցախից և պարտադրում են ստորագրել կապիտուլացիոն ակտ։ Այդ ուժերի վերջնանպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, զրոյացնելով նրա ռազմական, տնտեսական ներկայությունը Հայաստանում և տարածաշրջանում, իսկ մոտ ապագայում տնտեսական էքսպանսիայի միջոցով Հայաստանը ամբողջապես կախվածության մեջ պահելը Թուրքիայից և Ադրբեջանից, վերջնարդյունքում՝ հավաքական Արևմուտքից։
Կարդացեք նաև
Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով մեր ժողովուրդը ունի տասնյակ հազարավոր զոհեր և վիրավորներ, հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ դարձել են փախստական, ոչնչացվել և ավերվում են դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի շենքեր, եկեղեցիներ, կրիտիկական ենթակառուցվածքներ, գործարաններ և արտադրական այլ միավորներ:
Թուրքիայի կողմից Կիպրոսի, Սիրիայի, Իրաքի, Լիբիայի տարածքների նկատմամբ ռազմական ագրեսիա իրականացնելը, Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների դեմ նույնատիպ գործողություններ կատարելը և Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությանն հրապարակային կեցվածքը` զավթել տարածքներ Իրանի Իսլամական Հանրապետությունից, ունեն մեկ հիմնական ծնող պատճառ` դա կայսերապաշտական նկրտումներն են, որոնք դրսևորվում են Թուրքիայի կողմից Թուրան անվանումով նոր խալիֆաթության և Ադրբեջանի կողմից Մեծ Ադրբեջան պետության ստեղծման մարմանջով։
20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցավ թուրքական նացիզմի հերթական դրսևորումը՝ Հայոց ցեղասպանության կազմակերպումը և իրականացումը։ Նույն գաղափարաբանությամբ և գործիքակազմով հերթական ոճիրը կազմակերպվեց և իրականացվեց 1988-89թթ.Ադրբեջանում՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, հայաշատ այլ բնակավայրերում։
Թուրք-ադրբեջանական նացիզմի համատեղ դրսևորումը տեղի ունեցավ 2020 թ.սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին արցախահայության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի, բնակավայրերի հրետակոծմամբ, հրթիռակոծմամբ, զանգվածային ոչնչացման զինատեսակների օգտագործմամբ, խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություններով և կոտորածներով։
Հավաքական Արևմուտքի և թուրքական աշխարհի արշավանքը դեպի Արեւելք բացի ռազմականից ունի նաեւ քաղաքակրթական և էթնիկ բաղադրիչ: Արեւմտաթուրքական տանդեմը նպատակ է հետապնդում ոչնչացնել հայ էթնոսին, ձևախեղել վերջինիս ինքնությունը, հարվածել արևելաքրիստոնեական քաղաքակրթության արժեքային համակարգ կրող Հայաստանին, իրավական և տեղեկատվական- քարոզչական ոլորտներում թիրախավորել «ավանդական ընտանիք» կառույցը, Հայ Առաքելական եկեղեցին, ազգային ավանդույթները և պարտադրում են ընդունել արևմտյան «ժողովրդավարական» հակամարդկային արժեքները:
Հատկանշական է, որ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների, թե Եվրոպական Միության և թե ԵՄ անդամ Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակային կերպով միայն նոր են սկսել դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիան, միաժամանակ պետական մակարդակով ավելի ընդլայնելով առևտրա-տնտեսական և ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ։
Ակնհայտ է, որ ամերիկյան ու եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վերջերս հաճախակի հնչող այսպես կոչված, «հայանպաստ» հայտարարությունները որեւէ կերպ չեն փոխում իրականությունը եւ նպատակ չունեն իրականում աջակցել Հայաստանին դիմագրավելու թուրք-ադրբեջանական ագրեսիային, ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը, լուծելու մեր առջեւ կանգնած անվտանգային, տնտեսական եւ ժողովրդագրական ճգնաժամային խնդիրները:
Վերջին շրջանում Արևմուտքից հնչող իբր հայանպաստ հայտարարությունները նպատակ ունեն ընդամենը մոլորեցնել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Արցախում բնակվող մեր հայրենակիցներին, շփոթեցնել նրանց, նպատակ հետապնդելով նախ թշնամացնել Ռուսաստանի հետ և հետո չեզոքացնել վերջինիս ռազմական և տնտեսական ներկայությունը Հայաստանում և Արցախում։
Հասկանալի է նաև այն իրողությունը, որ Արեւմուտքի համար Հայաստանը, ինչպես նաեւ Ուկրաինան ընդամենը մանրադրամ են Ռուսաստանի եւ Իրանի դեմ օրեցօր ծավալվող ագրեսիվ ծրագրերը կյանքի կոչելու համար։
Հայաստանի իշխանությունները, ինչպես նաեւ վերջինիս ֆինանսավորմամբ և ուղղորդմամբ գործող բազմաթիվ լրատվամիջոցներ լծվել են հավաքական Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի համար խիստ շահեկան հակառուսական ու հակաարցախյան նենգ ու ստահոդ քարոզչությանը, ինչը հանդիսանում է Արցախից հրաժարվելու ու ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականության վերջին փուլի տեղեկատվական ապահովումը:
Այսօր, երբ Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից կարող է ենթարկվել ռազմական հերթական ագրեսիայի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու պետականության կորստի հեռանկարով և նոր ցեղասպանության կրկնությամբ, երբ վտանգված է Արցախում հայ բնակչության ֆիզիկական գոյությունը, եթե ՌԴ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը հավաքական Արևմուտքի, Ադրբեջանի և Թուրքիայի ցանկությամբ և պարտադրանքով դուրս գա տարածաշրջանից, մենք գնահատում ենք, որ իրավիճակը կարող է անշրջելի դառնալ և սպառնում է Հայաստանի, Արցախի պետականությունների կորստով։
Գնահատելով այս իրողությունները, մենք, ներքոստորագրյալներս հայտարարում ենք.
1.Պատրաստ ենք մեր բոլոր հնարավորություններով պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը, հայ ինքնությունն ու ազգային արժեհամակարգը, Արցախի մեր հայրենակիցների ազատ և անվտանգ ապրելու իրավունքը,
2.Լի ենք վճռականությամբ էլ ավելի ամրացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները,
3.Բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից իրականացված ջանքերը հայ-ադրբեջանական սահմանում եւ Արցախի շուրջ կրակի դադարեցման ուղղությամբ,
4.Միաժամանակ դիմում ենք ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին գործուն միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից 2020թ.նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կետերի կատարման ընթացքում խախտումները բացառելու, ինչպես նաև ստեղծել գործուն մեխանիզմներ կանխելու Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի նկատմամբ պատրաստվող ցանկացած ռազմական ագրեսիա և Հայաստանի ու Արցախի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական օկուպացիոն զորքերը դուրս բերելու համար,
5.Խստիվ դատապարտում ենք հավաքական Արեւմուտքի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող սադրիչ հայտարարությունները, իրականացվող ճնշումները եւ ՀՀ ներքաղաքական կյանքի վրա միջամտության գործողությունները, որոնք միտված են մեր տարածաշրջանից դուրս մղելու Ռուսաստանի Դաշնությանը,
6.Անընդունելի ենք համարում ՀՀ իշխանությունների կողմից Արցախը Ադրբեջանին հանձնելու ու հայաթափելու քաղաքականությունը, որը կարող է կյանքի կոչվել Վաշինգթոնի և Բրյուսելի կողմից պատրաստված և վերջիններիս վերահսկողության ներքո ստորագրվելիք այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» վաշինգթոնյան տարբերակը,
7.Համոզված ենք, որ տարածաշրջանում իրական խաղաղություն, կայունություն ու զարգացում կարող է ստեղծել ՌԴ միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից 2020թ.նոեմբերի 9-ի, 2021 թ․ հունվարի 11-ի և 2021 թ․ նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրի դրույթների անվերապահ կատարումը,
8.Խստիվ դատապարտում ենք ՀՀ իշխանությունների, Արեւմուտքի ու Թուրքիայի կողմից վերահսկվող ու նրանց պատվերով գործող հայաստանում գործող քաղաքական, լրատվական ու հասարակական շրջանակների հակաարցախյան ու հակառուսական հիստերիայի բարցրացումը, ՌԴ-ի մասնակցությամբ միջպետական կառույցներից ՀՀ-ին հանելու նախաձեռնությունները: Դատապարտում ենք հայ ժողովրդի բարեկամ Կոնստանտին Զատուլինի հանդեպ ՀՀ իշխանությունների վերաբերմունքը:
9.Կարող ենք փաստել, որ Արցախի շուրջ անվտանգության ապահովման առաքելությունը իրականացնող ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների տարածաշրջանից դուրս գալուն զուգընթաց ամբողջովին կհայաթափվի Արցախը: Հետեւապես կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության ռազմա-քաղաքական ղեկավարությանը ավելացնել իր ռազմական ներկայության ծավալները Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում, միաժամանակ արդիականացնելով միջպետական պայմանագրային բազան ռազմական և ռազմատեխնիկական, ինչպես նաեւ ինֆորմացիոն անվտանգության ոլորտներում:
10.Դիմում ենք Հայաստանի ու Արցախի նախկին Նախագահներին, Հայ Առաքելական եկեղեցուն, բոլոր կուսակցություններին, բոլոր գիտական հաստատություններին, ԲՈՒՀ-երի ամբիոններին, բաց, հստակ, թափանցիկ ձեւով դիրքորոշում ներկայացնելու առաջարկով: Եկել է խնդրի լուծման վերջնական պահը եւ պետք է բոլորս ասենք` կո՞ղմ ենք, որպեսզի բրյուսելյան պրոցեսը կամ վաշինգտոնյան «խաղաղության պայմանագիրը» ստորագրվի, թե` ոչ: Այսօր դա է ջրբաժանը` կո՞ղմ ես, թե դեմ վաշինգտոնյան «խաղաղության պայմանագրին»,
11.Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական իրողությունները փոխելու, այն է՝ Արցախի պետականության կորուստը և Արցախի բնակչության զանգվածային արտագաղթը կանխելու նպատակով, որպես խնդիրների լուծման այլընտրանքային տարբերակ, առաջարկում ենք Արցախի Նախագահին եւ Արցախի ԱԺ-ին դիմել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով, Արցախն ընդունել Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության կազմի մեջ։