Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ պիտակը դառնում է «փաստարկ»

Հոկտեմբեր 28,2022 10:00

Անցած շաբաթ տեղի ունեցավ զարհուրելի մի դեպք, որը, ինչպես բոլոր փոքր ու մեծ իրադարձությունները, «կորավ» լրահոսի մեջ: Երկու պատանիներ, որոնք, ըստ ամենայնի, իրար հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ էին, միասին ինքնասպանություն գործեցին։ Հասարակական արձագանքը կանխատեսելի էր: Մեծահասակներն այլեւս անհույս են, եւ ինքնասպանների նկատմամբ ատելությամբ լի դատողությունները դրա ապացույցն են: Իսկ երեխաներին, մանկապարտեզից սկսած, պետք է սովորեցնել, որ եթե մարդը քեզնից կամ մեծամասնությունից ինչ-որ ձեւով տարբերվում է, ապա դա չի նշանակում, որ նա քեզնից վատն է, եւ դու պետք է միավորվես մեծամասնության հետ՝ նրան հետապնդելու համար: Այդ կանոնը պետք է տարածվի կյանքի բոլոր ոլորտների վրա՝ անձնական կյանքից սկսած՝ քաղաքականությամբ եւ կրոնով վերջացրած:

Ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում, մարդիկ, իրենց դիրքորոշումը «հիմնավորելու» համար, կիրառում են հայհոյական, ծաղրական բառեր կամ պիտակներ, որոնց իմաստը հասկանալի է միայն իրենց համախոհներին, բայց համընդհանուր, ստույգ նշանակություն չունեն: Օրինակ՝ երբ հաշվենկատ, հավասարակշռված քաղաքականության կողմնակցին անվանում են «ռուսի ստրուկ», դրանից հետո այլեւս կարիք չկա բանավիճելու. ստրուկի հետ ի՞նչ բանավիճես: Բայց այդպիսին է մեր հասարակական խոսույթում կիրառվող գրեթե ցանկացած հասկացություն: Երբ ասում ենք Հայ Դատ (որպես ինչ-որ լավ բան, ոչ թե՝ որպես պատմական երեւույթ), ի՞նչ նկատի ունենք: Երբ ասում եք «հայդատականություն», «ոչմիթիզհողականություն»՝ որպես բացասական երեւույթ, խորանո՞ւմ ենք դրա իմաստի մեջ: Ամենահեշտն, իհարկե, մերժելն ու ծաղրելն է:

Երբ ասում ենք «սփյուռքահայ», ո՞ւմ ենք պատկերացնում՝ ո՞ր երկրում ապրող հային, երբվանի՞ց այդ երկիր տեղափոխված հայրենակցին: Երբ ասում ենք «Ռուսաստան», մենք ո՞ւմ նկատի ունենք՝ Պուտինի՞ն: Իսկ ինչո՞ւ ոչ հանճարեղ ռուս գրողներին կամ կոմպոզիտորներին: Ինչո՞ւ ոչ, օրինակ, «Նովայա գազետայի» խմբագիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մուրատովին: Պետական (եւ, իմ կարծիքով, խելահեղ) որոշումներն ընդունողն, իհարկե, Պուտինն է, բայց արդյո՞ք այս կամ այն երկիրը կարելի է բնութագրել միայն պետության կողմից վարվող քաղաքականությամբ: Այս տեսանկյունից պետք է մոտենալ «հակառուս» եւ «ռուսամետ» բառերին, որոնք եթե չեն ճշգրտվում, ապա դարձյալ ձեռք են բերում քարոզչական պիտակների կարգավիճակ: Նույնը՝ երբ «ղարաբաղցի» ասելով, նկատի ունեն միայն Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին:

Անհանդուրժողականությունը, ռասիզմը կամ ֆանատիզմը հիմնված են այս կամ այն երեւույթի պարզունակ, միակողմանի, մակերեսային մեկնաբանության վրա: Վերցնում են մեկ, հաճախ՝ պատահական հատկանիշ եւ այդ հատկանիշով «հագեցնում» են երեւույթի իմաստը: Այդպիսով բարդ, բազմակողմանի հասկացության փոխարեն ստանում ենք պիտակ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31