Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում հոկտեմբերի 16-ին հնչեց Վերդիի Ռեքվիեմը՝ Դմիտրի Խվորոստովսկու ծննդյան 60-ամյակի առիթով։ Դիրիժորական վահանակի մոտ էր Վալերի Գերգիեւը, մենակատարները՝ օպերային ճանաչված անուններ Իրինա Չուրիլովան, Եկատերինա Սեմենչուկը, Սերգեյ Սկորոխոդովը եւ Իլդար Աբդրազակովը։
Վերջին օրերին արեւմտյան մամուլը ողողված է կյանքի օրոք լեգենդ դարձած օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկուն նվիրված հոդվածներով, որոնցում ափսոսանքով դոմինանտում է հետեւյալ միտքը. «Անարդարացիորեն կարճ կյանք… եւ չմարող հիշողություն»։ Արդեն հինգ տարի է՝ օպերային աստղը ապրում է երկնային կյանքում։ Այժմ Խվորոստովսկու անունը տրվել է Կրասնոյարսկի օպերային թատրոնին, որտեղ նա ընդամենը իր առաջին մեկ-երկու քայլերն է արել։ Ամեն օր հարյուրավոր մարդիկ նստում են Խվորոստովսկու ինքնաթիռը ու եթե մեկնում են Կրասնոյարսկ, ապա հասնում են աշխարհահռչակ երգչի անունը կրող օդանավակայան։ Բայց զարմանալի մի հանգամանք. Ռուսաստանում երգչին գործնականում երբեք չեն տեսել օպերային բեմերում՝ ընդամենը մի քանի էպիզոդիկ ելույթներ, այն էլ՝ կարիերայի հենց սկզբում։ Փոխարենը՝ աշխարհի լավագույն օպերային թատրոնները՝ Մետրոպոլիտեն-օպերա, Վիեննայի պետական օպերա, Լոնդոնի Քովենթ Գարդեն… դարձան նրա հիմնական հասցեները։ (Երգիչն ավելի քան 20 տարի ապրել է Լոնդոնում)։ Կարելի է ենթադրել, որ հավանաբար հենց այս հանգամանքը անհանգստացրել է կամ պատճառ է դարձել արվեստագետի կողմից «Խվորոստովսկին եւ ընկերները» նախագծի իրականացմանը Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում։ Այդ ընկերները համաշխարհային օպերային աստղեր Ռենե Ֆլեմինգը, Սումի Ջոնը, Սոնդրա Ռադվանովսկին, Բարբարա Ֆրիտտոլին, Ջոնս Քաուֆմանը, Մարչելո Ջորդանին, Ռամոն Վարգասին, Մարսելո Ալվարեսին,… էին, որոնց հետ երգիչը բազմիցս հանդես է եկել տարբեր թատրոններում եւ նրանք առաջին անգամ էին լինում Ռուսաստանում։ Ասում են՝ բառի իսկական իմաստով՝ ոչ թե միայն Մոսկվայի, այլ ողջ Ռուսաստանի օպերասերները անհամբեր սպասել են 2016թ. դեկտեմբերին «Բոլշոյ» թատրոնում Վերդիի «Դոն Կառլոս» օպերային ներկայացման մեջ Դմիտրի Խվորոստովսկու դեբյուտին։ Բայց գլուխ բարձրացրած հիվանդությունը խանգարել է այդ իրադարձության կայացմանը։
Ժամանակին «Առավոտի» հետ զրույցներում մեր անվանի տենոր Գեղամ Գրիգորյանը տարբեր առիթներով շատ էր հիշատակում Խվորոստովսկու անունը։ Եվ երբ հետաքրքրվեցինք, թե ե՞րբ նրան կտեսնենք Երեւանում, Գեղամ Միհրանիչը կեսկատակ-կեսլուրջ ասել էր՝ դրա համար տարիներով հերթ է պետք պահել։ Եվ երբ նրան հիշեցրինք, որ Խվորոստովսկին եղել է Երեւանում, բայց ոչ հյուրախաղով, մեր զրուցակիցը զարմացել էր՝ ի՞նչ է, իրավունք չունե՞մ հյուր ընդունելու։
Մասնագետները երգչի ձայնը բնութագրում են բացարձակ լիրիկական։ Բայց մի տարօրինակ բան կա. հետեւելով նրա արվեստին, տեսնում ենք, որ նա միշտ ձգտել է ամենեւին ոչ լիրիկական, այլ բացառապես դրամատիկ, ուժեղ եւ ողբերգական կերպարների, օրինակ՝ Վերդիի օպերաներում՝ Սիմոն Բոկանեգրա, Ժերմոն, Ռենատո, Յագո եւ այլն։
Կարդացեք նաև
Դմիտրի Խվորոստովսկին իր վերջին հարցազրույցում լրագրողի հարցին՝ ձեզ ավելի շատ հարազատ են ողբերգակա՞ն, թե՞ լավատեսական կերպարները, պատասխանել էր. «Ողբերգական։ Ինձ համար ամենաընդգծվածը ալիքներն են, իմպուլսները, որոնք սովորաբար կապված են ողբերգության հետ։ Կամ գուցե այն պատճառով, որ ռուս մարդու համար ողբերգականն ամբողջությամբ կամ ամբողջովին կապված չէ այլ զգացմունքային բաղադրիչների հետ, այն ցնցում է՝ սթրեսի հզոր մղում»։ Հետաքրքրությանը, թե ինքն իրեն հաջողա՞կ մարդ է համարում, երգիչը պատասխանել էր. «Այո, կյանքում ես հաջողակ եմ, չնայած շատ փորձությունների միջով եմ անցել։ Դա հաստատ է։ Ես հասկացա, որ մինչ հիվանդությունը, մեծ հաշվով, գրեթե երբեք չեմ տառապել… Ուզում եմ ասել, որ Աստված մեզ առաջնորդում է կյանքի շրջադարձերով, բայց ես չեմ հավատում նրան։ Աստված չի կարող իմանալ եւ մտածել մեզանից յուրաքանչյուրի մասին։ Մենք մենակ ենք։ Համոզված եմ, որ հետմահու կյանք չկա եւ չի էլ կարող լինել։ Մեզ տրվում է միայն մեկ կյանք, որը մենք պետք է ապրենք առանց քաշքշուկների, փորձելով հետք թողնել եւ երջանիկ լինել… Բայց, մեկ բայց կա. երբ մարդը հիվանդ է, նա միայնակ է մնում հիվանդության հետ եւ ես բացառություն չեմ։ Ամենածանր պահերին նայում եմ երեխաներիս ու կնոջս, գիտակցում եմ, որ գալու է այն օրը, որ պետք է նրանց թողնեմ ու հեռանամ, այ դա սարսափելի է…»։
Վերջերս ռուսաստանյան Կուլտուրա TV-ով հեռարձակվում էին Կրասնոյարսկում կայացած Դմիտրի Խվորոստովսկուն նվիրված փառատոնային համերգները։ Երեք համերգում տեղի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, մենակատարներն էին օպերային ճանաչված դեմքեր, այդ թվում՝ համաշխարհային աստղ, սոպրանո Ալինա Շագիմուրատովան։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.10.2022