Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ` ասել եմ, թե չէ»

Հոկտեմբեր 28,2022 12:30

Երիտասարդ բանաստեղծի պոեզիայի ուրվագիծը

Ժամանակակից պոեզիայի ընթացքը միագիծ չէ։ Թեման, գեղարվեստական ոճը, ինքնատիպությունն ու լեզվի արտահայտչականությունը հաճախ չեն համադրվում, այլ դառնում են երկրորդային ու երրորդային։

Վերջերս Ծաղկաձորում, Գրողների ստեղծագործական տանը, Հայաստանի գրողների միության երիտասարդ գրողների ամենամյա հավաքի ժամանակ նվեր ստացա ծնունդով գյումրեցի, երիտասարդ բանաստեղծ Լեւոն Բեժանյանի «Չգիտեմ` ասել եմ, թե չէ» անդրանիկ գիրքը, որի առաջին բանաստեղծական շարքը եւս կրում է նույն խորագիրը։

Լեւոն Բեժանյանի բանաստեղծություններում կյանքն իր բոլոր տարրերով, վառ գույներով է արտահայտված։ Հեղինակի պատկերավոր մտածողության արդյունքում հիշողությունը դառնում է տող, ասելիք, իր մեջ ստեղծելով կյանքի շարունակությունը։ Իսկ այդ կյանքի շարունակությունը հայրենի քաղաք Գյումրին է, աշխարհը` մե՛կ փոթորկոտ, մե՛կ` անհուն լռությամբ։ Սակայն Լեւոնի տողը լռության մասին չէ, այլ սիրո («Սեր չկա բառում անմարմին, սեր չկա բառում աղմկող»)։

Լեւոնին հաջողվում է տաք ու շարժուն պատկերներ ստեղծել.

Բոյով է մեր բակի բարդին,
Հիշում է կարոտս սոված.
Հացոտ են ձեռքերը տատիս։

Եվ ապա պատասխան վերոնշյալ տողերին.

Չգիտեմ` ասել եմ, թե չէ,
Հավերժ է մեր բոյով բարդին,
Հիշում եմ կարոտս` թողած
Տատիս տան գունավոր պատին։

Անկեղծությունն ապահովում է նրա պոեզիայի բնականությունը:

Բանաստեղծի ներքին ձայնը սիրո աշխարհի հետ դարձյալ ինքնատիպ ու պատկերաստեղծ տողեր է առաջ բերում.

Չգիտեմ` ասել եմ, թե չէ,
Շուրթերս տվել եմ ջրին,
Որ քաղցր լինի ծարավդ,
Որ կուլ տաս համբույրը իմ։

Սա դարձյալ լիրիկական մեծ լիցք է։

Եվ
Ջերմ է գյումրեցու հոգին`
Ցավի հետ հավերժ բարեկամ,
Ցավի հետ հավերժ մտերիմ…

Գյումրվա ակնթարթը Լեւոնը վերածում է պոեզիայի` ռիթմիկ, տարողունակ ասելիքով։ Այս առիթով հիշենք ֆրանսիացի գրող, ռեժիսոր Ժան Կոկտոնի այն խոսքերը, թե «Պոետը չի հորինում. նա լսում է»։ Լեւոնի համար սա նույնպես ստեղծագործական սկզբունք է դարձել։

Բառը ճանապարհ է, մինչեւ նրա միջով չես անցնում ամբողջությամբ, այսպես ասած, «տեղ չես հասնում»։ Լեւոնն անցնում է այդ ճանապարհով։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31