Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փաշինյանի զոմբին լինելով՝ պատրաստ եմ ձեռքս մեկնել Քոչարյանին՝ դուք պատրա՞ստ եք ձեր ատելությունը Փաշինյանի հանդեպ վայր դնել եւ ձեռք մեկնել Փաշինյանին»

Հոկտեմբեր 28,2022 14:30

Արցախցի պատգամավորը հերքում է, որ «Էրատո» ջոկատից է եղել, հաստատում է, որ Արայիկ Հարությունյանի արձանը տեղադրելու մասին է ասել ու գովաբանել Փաշինյանին

Օրերս մամուլում մեծ աղմուկ բարձրացրեց Արցախի պատգամավոր, «Ազատ հայրենիք»-ՔԴՄ դաշինքի անդամ Արեւիկ Պետրոսյանի ելույթն ու հայտարարությունը: Նա խորհրդարանում Արցախի Հանրապետության նախագահի հետ փակ հանդիպման ժամանակ առաջարկել էր կանգնեցնել նախագահ Արայիկ Հարությունյանի արձանը՝ ասելով, որ Արցախի խնդրի կարգավորման հարցում նրա գործադրած ջանքերի ու ներդրման համար արժանի է, որ սերունդները Գարեգին Նժդեհի արձանի կողքին տեղադրեն Արայիկ Հարությունյանի արձանը: Բացի այդ, նա գովերգել է նաեւ վարչապետ Փաշինյանին եւ ըստ հրապարակումների, պնդել, թե նա 85 տոկոս վարկանիշ ունի: Խորհրդարանում փորձել են աղմուկ բարձրացնել, հարվածել սեղաններին, ծափերով խլեցնել ելույթը:

Սոցցանցերում Պետրոսյանի արարքը նույնպես տարաբնույթ մեկնաբանութունների տեղիք տվեց, ըստ հրապարակումների, Պետրոսյանը «Էրատո» ջոկատի անդամ է: Մարդիկ գրում էին. «Զարմանալի չի լինի, եթե «Արեւիկ» անունով եւ «Պետրոսյան» ազգանունով անձը, որը, ի դժբախտություն հայ ժողովրդի, պատգամավոր է, վաղը առաջարկի Թալեաթ փաշայի հուշարձանը կանգնեցնել Էրիվան դարձած Երեւանում»:
Այդ արձագանքներից հետո էլ Արեւիկ Պետրոսյանը հետ չի կանգնել իր խոսքից ու ֆեյսբուքյան իր էջում հաստատել. «Նորից պնդում եմ՝ նախագահ Արայիկ Հարությունյանի արձանը մեր սերունդները կանգնեցնելու են Նժդեհի արձանի կողքին՝ արդեն իսկ 2021-2022 թթ. ազգի փրկությանը ուղղված նրա ծառայության համար։ Արայիկ Հարությունյանի կատարածը համեմատելի է Երկրորդ աշխարհամարտից հետո Շ. դը Գոլի՝ Ֆրանսիայի համար կատարածի հետ։ Հավելեմ՝ պատմության դատաստանի առջեւ մեր սերունդները պատասխանատվության են ենթարկելու այն քաղաքական ուժին, որը բերել է ազգը սպիտակ ցեղասպանության։ Այսօր ի շնորհիվ ԱՀ նախագահի՝ Արցախում ապրում է 120000 հայ»: Տեղադրելով իր ու Նիկոլ Փաշինյանի թեւանցուկ նկարը՝ նա գրել էր. «Այն ինձ ոգեւորում է։ Ղարաբաղցուց ասած՝ խե կտորվումք»:

«Առավոտի» հետ զրույցում Արեւիկ Պետրոսյանը նախ հերքեց, որ ինքը «Էրատո» ջոկատի հետ կապ է ունեցել. «Հաշմանդամ լինելով՝ ես չէի կարող լինել ռազմական ջոկատի անդամ: Չեն կարողանում մարսել այն հանգամանքը, որ ես մի անգամ Փաշինյանի հետ չայ եմ խմել»: Ինչ վերաբերում է իր առաջարկին՝ նա ասաց. «Նժդեհը ինձ համար հայրենասիրության վեհ դրսեւորում ունի, իսկ Արայիկ Հարությունյանը, որպես մարդ, շատ հայրենասեր է: Ես ցանկացել եմ ընդգծել Արայիկ Հարությունյանի համեմատությունը: Ինչ վերաբերում է Շառլ դը Գոլի հետ համեմատելուն, կանխագուշակում է: Այս երկու դժվարին, ծանր տարիներին այդ մարդու կառավարումը մեզ հաջողություն է բերել: Այսօր 120 հազար հայ Արցախում ապրելը ես համարում եմ հաջողություն եւ մեծագույն աշխատանք՝ Արայիկ Հարությունյանի կողմից կատարած: Ես նույնիսկ Իլհամ Ալիեւի գործունեությունն եմ Բիսմարկի քաղաքականության հետ համեմատում: Հա, որպես պատմաբան, երբեմն այդ համեմատությունն առաջանում է եւ ես կիսվում եմ: Դուք կարող եք ընդունել, չընդունել կամ քննադատել: Բայց մյուսների դրսեւորած վերաբերմունքը ես համարում եմ տգիտություն: Ես ճանաչում եմ այդ տգետներին»:

Խնդրեցինք մանրամասնել, թե այդ օրը խորհրդարանում, երբ առաջարկել է Արայիկ Հարությունյանի արձանը տեղադրել, ինչ արձագանքներ է ստացել դահլիճից: Նա պատասխանեց. «Ես չեմ առաջարկել, ես ասել եմ՝ սերունդները դնելու են: Սերունդները գնահատելու են ձեր հայրենասիրությունը: Ես համեմատել եմ Արայիկ Հարությունյանի հայրենասիրությունը Նժդեհի հայրենասիրության հետ: Ես չեմ ասել՝ եկեք Արայիկ Հարությունյանի արձանը դնենք, այդպիսի բան չի հնչել: Այդ կանխատեսումը, որ սերունդները գնահատելու են Արայիկ Հարությունյանի հայրենասիրությունը, շատ լավ էլ ընկալվել է: Լավ չի ընկալվել իմ ուրիշ ասածը՝ Փաշինյանի 85% վարկանիշ ունենալու հետ կապված: Նախ, ես նման թիվ չեմ հնչեցրել, խոսքը 65%-ի մասին է եղել ու խոսքը եղել է ՏԻՄ ընտրություններում հաղթանակի մասին եւ եղել է տիկին Փելոսիի կարծիքի մասին, որ անմիջական արտահայտվել է, ասել է՝ ես ձեզ հարգելով եմ եկել Հայաստան: Դա բոլորս ենք լսել: Եվ ես ասել եմ՝ պետք չի սխալ գնահատականներ տալ, անհրաժեշտ է իրական գնահատականը ընկալել՝ այն, ինչ հարգանք ունի Փաշինյանը Հայաստանի հասարակության մեջ: Հա, Փաշինյանի հանդեպ Ղարաբաղում միատեսակ չի վերաբերմունքը: Առաջինը դա կապված է այն տաք տեղերը կորցրածների հետ, որոնք իշխանական բուրգ են կառուցել՝ տաք տեղերը իրանց համար, իրենց երեխաների, նույնիսկ թոռների համար ապահովել, Փաշինյանի իշխանության գալով՝ իրենք զրկվել են իրենց տաք տեղերից: Եվ կա իրական դժգոհություն՝ կապված պատերազմում պարտվելու հետ: Արցախցին չի կարողանում հաշտվել պատերազմում պարտության հետ, իսկ ցանկացած իրադարձության մեղավոր հանդիսանում է ներկա կառավարությունը, ոչ անցյալները, ոչ նախկինները, այլ ներկա կառավարությունն է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար: Ուստի այս օրինաչափ դժգոհությունը Արցախում նրանից է, որ արցախցին պատրաստ չէր պատերազմում պարտվել:

Ամբոխավար օգտագործում են՝ պատրանք ստեղծելով, թե արցախցու մոտ իրենք են հարգանք կրում: Չէ, այդպես չէ: Ես իմ ելույթում ընդամենը դա էի ուզում ասել: Ես քննադատել եմ ատելության քարոզը ու կոնկրետ ատելության դեպքեր եմ նշել, դրսեւորումներ եմ նշել, եթե այդքան խիզախ է այդ մասին գրողը՝ իրեն հորդորողի հետ միասին, թող իմ բերած ատելության դեպքերն էլ լուսաբանեին, հնչեցնեին, բա ինչի դրա մասին չեն խոսում: Ես չեմ ուզում այն, ինչ ասել եմ փակ քննարկման ժամանակ նորից կրկնել, բայց ես նորից ասում եմ, որ պայքարելու եմ այդ ատելության դրսեւորումների դեմ ու մամուլում տգետների գրառումները ինձ չեն կանգնեցնելու»:

Հարցին՝ ձեզ ներկայացնում են, որ Փաշինյանի, այսպես ասած, հերթական «զոմբիներից» եք, առանց ծանրութեթեւ անելու, վերլուծելու՝ գովաբանում եք նրան՝ Արեւիկ Պետրոսյանն արձագանքեց. «Որովհետեւ տգետներ են: Ինձ շատ բան են ասում, ասում են՝ Փաշինյանի ագենտ: Այդ նկարը, որը կար, 2019-ին Շուշիում է, դա է եղել Փաշինյանի հետ իմ միակ հանդիպումը, հետո ես Փաշինյանի հետ անձամբ չեմ հանդիպել: Իրականությունն եմ ասում, դա չի բավարարում մի քանիսին: Իրական գնահատականն եմ ես տվել ամեն բանի, դա իմ կարծիքն է՝ այո, Փաշինյանն ունի ե՛ւ առավելություններ, ե՛ւ թերություններ, բայց խոսքը այստեղ զոմբի լինելու մասին չի, այլ՝ ատելության դրսեւորման: Իմ խոսքը միասնության մասին էր: Երբ որ այդ խոսքը բացվեց, նախագահը կոչ արեց միասնության: Հիմա ես, ձեր ասածով Փաշինյանի զոմբին լինելով՝ պատրաստ եմ ձեռքս մեկնել Քոչարյանին՝ դուք պատրա՞ստ եք ձեր ատելությունը Փաշինյանի հանդեպ վայր դնել եւ ձեռք մեկնել Փաշինյանին: Իմ ասածը դա է եղել՝ եկեք թողնենք այս ատելությունը: Մեր հասարակության մեջ այդ ատելության տարածումը միայն վնասում է: Իրական միասնականությունը լոկ վերացական արտահայտություն չի, մենք հաղթել ենք մեր միասնական լինելով, դա ապացուցված բան է, չէ՞ որ երբ ուզում են ինչ-որ մի բանի համար աղոթել եկեղեցում, ասում են՝ եկեք բոլորս միասին աղոթենք: Ատելության մթնոլորտը որեւէ լավ բանի չի բերի: Ես դրա դեմ եմ խոսել ու չգիտեմ ինչի, որոշ տգետների զայրացրել եմ»:

Հարցին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված իշխանական թեւից կա քննադատություն, որ նա ղարաբաղցի լինելով՝ Ղարաբաղն աչքաթող է արել, եկել Հայաստան, իրենք էլ պնդում են, որ հաղթանակած նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք Ղարաբաղը ծաղկել է, բնակչությունն աճել է, դուք այսպես ասած՝ «ներսից» ի՞նչ եք տեսել, ո՞ր կողմի կարծիքն է ծանրակշիռ՝ Արեւիկ Պետրոսյանը պատասխանեց. «Նախ, կան թվեր, կա վիճակագրություն: Ես չեմ ուզում Ղարաբաղի եւ Հայաստանի տնտեսությունն իրարից անջատել: Հետպատերազմյան կոնյունկտուրայի ընթացքում համաշխարհային տնտեսական զարգացման կոնտեքստում մենք ունեցել ենք տնտեսական վերականգնում, զարգացում, բայց մենք չենք զարգացել դրանով: Ավելին՝ Հրանտ Բագրատյանի կողմից՝ որպես վարչապետ, որպես տնտեսական քաղաքականության պատասխանատու, այդ կառավարության կողմից պատրաստած նախադրյալները Քոչարյանի ժամանակ չեն օգտագործվել: Որպես պատմաբան՝ իմ գնահատականը դա է: Բայց վիճակագրությունն էլ փաստում է այն մասին, որ Հայաստանի բնակչությունը լքել է: Ես հիմա 4 ղեկավարներին էլ մի հարց ունեմ տալու՝ սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, Քոչարյանից, Սերժ Սարգսյանից մինչեւ Փաշինյան, հարգելինե՛րս, ինչի՞ չեք ուզում հայ մարդը ապրի իր հայրենիքում: Բոլորի կառավարության օրոք հայերը լքել են իրենց հայրենիքը: Այ դրա մասին թող մտածեն իրենք: Նստեցեք այդ հարցը քննարկեք, հայ մարդու մասին մտածեք վերջապես: Ես չեմ կարծում, որ Քոչարյանի օրոք մենք բարգավաճում ենք ապրել, այդքան բան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31