Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ Կրեմլի «եղբայրական» գրկում խեղդվելիս

Հոկտեմբեր 28,2022 12:00

Դուք էլ մեզ «ճնշեք Արեւմուտքի նման», բայցեւ հայտարարեք, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք եւ Ռուսաստանը դատապարտում է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության շարունակական խախտումները

 

Օրերս Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում հայտնվեց այդ գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որում ծավալուն անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ ընթացող զարգացումներին:

«Մեզ չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալից միտումները, որտեղ Արեւմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները։ Տեսնում ենք՝ ինչպիսի աննախադեպ ճնշման է դրսից ենթարկվում եղբայրական Հայաստանը: Մեր երկրների ու ժողովուրդների դարավոր կապերին վնաս հասցնելու ձգտումներում քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Բազմաթիվ հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ եւ լրատվամիջոցներ, որոնք գործում են Վաշինգտոնի եւ Բրյուսելի թելադրանքով, վրեժխնդիր կերպով ձգտում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Հայաստանը նոր Ուկրաինա դարձնելու հարցում պետական քարոզչությամբ արդեն 4 տարի հետեւողական քաղաքականություն տանող այդ երկրի ԱԳՆ ներկայացուցիչն այնուհետեւ համոզմունք է հայտնել, թե Մոսկվայի եւ Երեւանի միջեւ «վեճ գցելու արտաքին ուժերի փորձերը հաջողություն չեն ունենա»։ «Մենք տրամադրված ենք ամրապնդելու Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը եւ բազմակողմ համագործակցությունը, ինչը թույլ կտա մեզ համատեղ հաղթահարել առկա մարտահրավերները։ Մենք երկխոսություն ենք զարգացնում ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ուղղություններով։ Առեւտուրն աճում է ռեկորդային տեմպերով: Լուրջ ծրագրեր են իրականացվում եւ մշակվում տրանսպորտի եւ լոգիստիկայի, ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Ռուսական տասնյակ խոշոր ընկերություններ պատրաստ են շարունակել ներդրումները Հայաստանի տնտեսությունում։ Մենք հաջողությամբ լուծում ենք հանրապետության էներգետիկ եւ պարենային անվտանգության ամրապնդման խնդիրները։ Ճյուղավորված կապեր են պահպանվում գիտական, կրթական եւ մշակութային ոլորտներում։ ԵԱՏՄ-ին մասնակցությունը զգալի օգուտներ է բերում Երեւանին»:

Ապա շարունակել է. «Արեւմուտքի անպարկեշտ եւ լկտի մոտեցումը կարելի է նկատել նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում: Հաշվի չի առնվում խնդրի ո՛չ տարածաշրջանային առանձնահատկությունը, ո՛չ էլ հատուկ զգայունությունը։

Վաշինգտոնի եւ Բրյուսելի իրական նպատակները ամենեւին փոխզիջումային եւ հավասարակշռված լուծումների մշակումը չէ, այլ ինքնափիարը եւ Ռուսաստանը Անդրկովկասից դուրս մղելը»։ Այնուհետեւ ՌԴ ԱԳՆ-ի տեքստով դժգոհում են. «Հաճախակի են դարձել Եվրամիության, ԵԱՀԿ-ի եւ Ֆրանսիայի քողի տակ արեւմտյան էմիսարների ժամանումները Հայաստան։ Առաջ են մղվում հապճեպ հորինված նախաձեռնություններ, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի ողջ բնակչության շահերը։ Սա հղի է հավասարակշռության խախտմամբ, որը ձեռք է բերվել դժվարին պայմաններում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա։ Զուգահեռաբար շրջանառվում են անհիմն մեղադրանքներ, թե իբր Մոսկվան չի կատարում Հայաստանի նկատմամբ իր անվտանգության պարտավորությունները։ Այս կապակցությամբ ցանկանում ենք հիշեցնել, որ հենց մեր երկիրն էր, որ կանգնեցրեց պատերազմը 2020թ. նոյեմբերին, ուղարկեց խաղաղապահներ, որոնք խաղաղություն եւ կայունություն բերեցին տարածաշրջան եւ մինչ օրս վճռական ներդրում ունեն Բաքվի եւ Երեւանի միջեւ զինված միջադեպերի կարգավորման գործում: Արտաքին ուժերի փորձերը՝ հասնելու ռուսական խաղաղապահ զորամիավորման դուրսբերմանը, ուղղված են Հարավային Կովկասի ապակայունացմանը»:

Կարելի է, իհարկե, կետ առ կետ, փաստարկված Զախարովայի անունից հրապարակված անխտիր բոլոր գնահատականները ջախջախել՝ ներկայացնելով «եղբայրական Հայաստանի» նկատմամբ ռուսական քաղաքական էլիտայի գործած բոլոր մեղքերը սկսած 2007-2008թթ.-ից, երբ Կրեմլում որոշում կայացվեց Ադրբեջանին զինել այն դեպքում, երբ Ադրբեջանը երբեք չէր թաքցնում Հայաստանը ոչնչացնելու իր նպատակները:

Բայց արդեն անիմաստ է ռուսաստանցի որեւէ տրամաչափի պաշտոնյանի լրջորեն հակադարձելը, որովհետեւ պարզ է, թե նրանք ինչու են հանդես գալիս այս կամ այն տեքստով: Երբ Կրեմլը մտադիր է ճնշում գործադրել որեւէ երկրի իշխանության նկատմամբ՝ նրանք դրանում նախօրոք մեղադրում են Արեւմուտքին: Երբ Կրեմլում որոշում են կայացնում որեւէ երկրում քաոս ստեղծել՝ նրանք դրանում նախօրոք մեղադրում են Արեւմուտքին: Վաղուց Կրեմլում այլ «ձայնասկավառակ» չունեն:

Այնպես որ, «եղբայրական Հայաստանին» Արեւմուտքի «ճիրաններից» փրկելու Զախարովայի անունից տարածված «հուզիչ» տեքստին արժե միայն ժպիտով վերաբերվել ու ժպիտով էլ հակադարձել՝ համաձա՛յն ենք, դուք էլ մեզ «ճնշեք Արեւմուտքի նման», որքան հնարավոր է «աննախադեպ», բայց նաեւ հայտարարեք, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք եւ Ռուսաստանը թույլ չի տա, կամ գոնե՝ դատապարտում է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության շարունակական խախտումները: Այսպիսի «ճնշումից», վստահաբար, Հայաստանում որեւէ իշխանություն դժվար թե հրաժարվի:

Եվ վերջապես, վատ չէր լինի, եթե Ռուսաստանը մեզ թողներ մեր՝ ամենաանկեղծ թշնամիների հետ դեմ հանդիման: Ադրբեջանն ու Թուրքիան գոնե բաց հայտարարություններով են սպառնում եւ չեն թաքցնում իրենց թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, նրանք այս առումով, մաքսիմալ անկեղծ են, դեր չեն խաղում՝ ի տարբերություն «եղբայրական» Ռուսաստանի: Հետեւաբար, Հայաստանին պետք չէ լրացուցիչ «աջակցություն» թուրք-ադրբեջանական տանդեմին՝ Ռուսաստանի իրագործմամբ: Եթե Ադրբեջանի ու Թուրքիայի վերջնական նպատակը իսկապես Հայաստանի բնաջնջումն է, ապա այդ նպատակի իրագործման հարցում ՌԴ իշխանությունների կողմից՝ «երակ մտնելու» կեցվածքն, ավելորդ է՝ անկախ դրսեւորման եղանակներից ու ընտրած միջոցներից:

Իսկ եթե ավելի լուրջ, ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված հայտարարության ի հայտ գալը վկայում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում վաղուց առկա խորը ճգնաժամի մասին: Սա իսկապես խորքային հարց է, Հայաստանի իշխանությունների համար Ռուսաստանի հետ հարաբերությունները պայթունավտանգ կետից դեպի հանդարտեցում տանելու հարցում մեծ ջանքեր են պահանջվելու, եւ որ ավելի կարեւոր է՝ իմաստություն, որը հազիվ թե նրանց մոտ գոյություն ունի:

Մի բան փաստ է, Հայաստանը «խեղդվում» է Կրեմլի «եղբայրական» գրկում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ամենամտահոգիչը նաեւ այն է, որ մենք չենք պատկերացնում ողջ խորությամբ, թե ինչի են ընդունակ ռուսական այսօրվա իշխանությունները: Թերեւս, դա չի պատկերացնում նաեւ ռուս հասարակությունը:

Ռուսաստանում, ցավոք, այնպիսի մթնոլորտ չէ, որը թույլ կտար, որպեսզի ռուսաստանցի փորձագետները, վերլուծաբաններն ու քաղաքական գործիչներն իրենք հարցեր ուղղեին ռուսական ռազմաքաղաքական էլիտային: Իսկ նման հարցեր վաղուց են հասունացել ու կուտակվել: Օրինակ՝ դեռ որքա՞ն է պաշտոնական Մոսկվան շարունակելու տարբեր երկրների առաջնորդների «հակառուսական» տրամադրությունները պատճառաբանելով՝ իր իսկ քաղաքականությամբ այդ երկրների ժողովուրդներին տրամադրելու Ռուսաստան պետության դեմ ու ՌԴ-ի ու տվյալ երկրի հասարակությունների միջեւ ատելություն սերմանելու…

Միխեիլ Սաակաշվիլին վաղուց Վրաստանում իշխանություն չէ, սակայն Ռուսաստանը դեռ այսօր էլ շարունակում է պայքարել Սաակաշվիլիի ստեղծած Վրաստանի դեմ ու Սաակաշվիլիի հանրահայտ կարմիր փողկապի դեմ: Սաակաշվիլին վաղուց իշխանություն չէ Վրաստանում, իսկ վրաց ժողովրդի մոտ առկա բացասական վերաբերմունքը ՌԴ-ի հանդեպ որոշակիորեն պահպանվել է: Ինչո՞ւ է այդպես…

Ուկրաինայի դեպքում ամեն ինչ սկսվեց Մայդանից, շարունակվում է մինչ այսօր՝ ռուսական «հատուկ օպերացիայով» Ուկրաինայում: Զելենսկին էլ մի օր կհեռանա իշխանությունից, սակայն ուկրաինացի ժողովրդին քանի՞ տասնամյակ է անհրաժեշտ լինելու, որպեսզի ներեն Ռուսաստան պետությանը, անկախ նրանից, թե այդ երկիրն ով կղեկավարի ապագայում…

Նիկոլ Փաշինյանն էլ մի օր կհեռանա իշխանությունից, բայց 2020թ. 44-օրյա պատերազմի, նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ի հայտ գալու ու ռուս-ադրբեջանական տանդեմի համաձայնությունների վերաբերյալ առաջացած հարցերի պատասխանները մեր ապագա սերունդները, վստահաբար, կունենան:

Ինչ վերաբերում է հայաստանյան քաղաքական դաշտին, ապա այստեղ էլ մխիթարական ոչինչ չկա: Ի դեպ, Կոնստանտին Զատուլինին (որը տարիներ շարունակ հանդես է եկել ԼՂ խնդրի փաթեթային լուծման օգտին, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախության ճանաչում եւ ԼՂ-ի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանին, եւ որը ՌԴ-ում մնացել էր միայնակ, ով հրապարակավ հայտարարում էր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում) ՀՀ-ում անցանկալի անձ հայտարարելու մասին տեղեկությունների ի հայտ գալուց հետո քաղաքական «քնից» հանկարծակի արթնացած հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունից որեւէ մեկը ինչո՞ւ վերջին 2 տարիներին այդպես էլ հրապարակավ չպատռեց նաեւ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված, Պուտինի մշակած ու կողմերին ներկայացրած համատեղ փաստաթուղթը, որով Մոսկվան, Բաքուն ու Անկարան 2 տարի է, ինչ Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» են պահանջում: Որովհետեւ համաձա՞յն եք այդ ծրագրին… Որովհետեւ, պարզապես այդ ծրագիրը կցանկանայիք հենց դուք իրականացնել՝ հլու-հնազանդ Կրեմլի հրահանգներն իրագործելո՞վ…

Հետեւություն. Հայաստան պետության շահը այսօրվա ընդդիմության համար եւս երկրորդական-երրորդական հարց է. չորս տարի է՝ ռուսական իշխանական քարոզչամեքենան ստորացնում, նսեմացնում է Հայաստան պետությունը ռուսական պետական մեդիայում: Դա մեր ընդդիմադիրները տեսնում են, բայց այդ փաստի եւ դրա պատճառների մասին խոսելու հարցում, փաստորեն, նրանք կաշկանդված են: Նրանց թույլ է տրված խոսել այն ամենի մասին ու անել այն, ինչ դուրեկան կլիներ լսել ու տեսնել բացառապես ՌԴ իշխանություններին: Նրանց այս մղումը գուցե ինքնաբուխ է, բայց դրանից իրադրությունը պակաս ցավալի չի դառնում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 27.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31