Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է սփյուռքում Հայաստանն ընկալելու ձեւաչափը

Հոկտեմբեր 28,2022 14:00

Սկիզբը՝ «Առավոտի» 15.10.2022 եւ 21.10.2022 համարներում

Հայկական սփյուռքն իր տարատեսակությամբ ու ընդարձակ աշխարհագրական ընդգրկումով շարունակական ուսումնասիրության կարիք ունի: Սփյուռքն ունի Հայաստանի կարիքը, եւ Հայաստանի համար էլ այն արտաքին աշխարհի հետ կապող, միացնող կարեւոր կամուրջ է:

Համաշխարհային հայության հետ աշխատանքում առանձնացնում եմ հինգ ուղղություններ.
1) հայկական ինքնության ամրապնդումը,
2) հայատյացության դեմ արդյունավետ ու շարունակական պայքարը,
3) Հայաստանում սփյուռքը ճանաչելի դարձնելը (գործառույթ, որը, կարելի է պնդել, շատ թերագնահատված է),
4) սփյուռքային (հայկականի հետ) կապ չպահպանող եւ միայն ծագումով հայերի շրջանում հայկական ինքնության արթնացման գծով աշխատանքները,
5) Հայաստան ֆիզիկապես վերադարձած (հայրենադարձված) հայերի ինտեգրացիային ուղղված աշխատանքը:

Սփյուռքի հետ տարվող աշխատանքը ենթադրում է հստակ ռազմավարություն եւ այդ ուղղությամբ քաղաքականությունը մշակող ու իրականացնող մարմնի գոյություն (նախարարության մակարդակով): Հաշվի առնելով սփյուռքի ծագումը, կազմն ու տարածվածությունը, ապա կարելի է պնդել, որ եթե աշխարհում կա երկու պետություն, որոնք ունեն նման կառույցի կարիք, մեկը Հայաստանն է: Նման կառույցի աշխատանքի արդյունավետությունն էլ ավելի բարձր լինելու համար կարեւոր է, որ աշխատանքի ուղղությունները լինեն ոչ թե ըստ աշխարհագրական տարածաշրջանների (ինչպես, օրինակ, նախկին Սփյուռքի նախարարությունում էր), այլ ֆունկցիոնալ` ըստ թվարկածս հինգ ուղղությունների:

Մեկ այլ խնդիր է, որ մենք Հայաստանից դուրս ապրող ծագումով բոլոր հայերին համարում ենք սփյուռքահայ: Եզրույթը պիտի վերաբերի նրանց, ում մոտ առկա է վերադարձի որեւէ դրսեւորում, լինի ֆիզիկական, վիրտուալ, թե երեւակայական, եւ ոչ նրանց, որոնք հայկականի հետ որեւէ կապ չեն պահում: Վերադարձի տարր ունեցող հայերի շրջանում նպատակահարմար է աշխատանքներ տանել ամրապնդելու հայկական ազգային ինքնությունը ու Հայաստանի հետ կապը: Իսկ ոչ սփյուռքային եւ միայն ծագումով հայերի մոտ կարեւոր է արթնացնել հայկականի հետ կապը, նպաստել նրանց սփյուռքահայ դառնալուն՝ վերադարձի տարրը ստեղծելով:

Որոշակի վստահությամբ կարելի է պնդել, որ Հայաստանի ու սփյուռքի միջեւ կա վստահության խնդիր: Գոյություն ունեցող անվստահության հիմքը միմյանց ոչ բավարար ճանաչելն է, եւ սա էլ իր հերթին միմյանցից ոչ իրատեսական ակնկալիքների արդյունք է: Սփյուռքը լավ ճանաչելը հայկական պետության կողմից նրան աջակցության կարեւոր նախապայման է: Իսկ սփյուռքը այդ աջակցությունն ունի հետագայում էլ պահպանվելու եւ ամրապնդվելու համար:

Անվստահության շղթան երկկողմանի հարաբերություններում ազդեցիկ խանգարող հանգամանք է: Աշխարհասփյուռ հայությանը Հայաստանում լավ ճանաչելի չէ` հաշվի առնելով այն, որ համայնքներից յուրաքանչյուրը տարբերվում է թե կեցության վայրով, թե արմատներով, եւ թե ձեւավորման անցած ճանապարհով: Յուրաքանչյուր համայնք առանձնահատուկ է թե իր բնակության վայրով, թե արմատների տարածքով, եւ դա պետք է լավ իմանալ: Առանձնակի կարեւոր է այդ բնակության վայր հասնելու ճանապարհի ուսումնասիրությունը, որն էլ ավելի կնպաստի վերադարձի (հայկականի հետ կապի) ամրապնդմանը: Նույնիսկ նույն երկրում գործող համայնքներն են տարբերվում միմյանցից: Կարեւոր է, հասկանալ ո՛չ միայն, թե որտեղ են սփռված հայերը, այլ տեսնել, թե ինչպես են հայտնվել այդտեղ, արմատը եւ ճանապարհը: Նման ճանաչումը ավելի արդյունավետ է դարձնում սփյուռքի եւ նրա կոնկրետ համայնքների հետ աշխատանքը եւ, առհասարակ, սփյուռքի ներգրավումը:

Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը եւ ինտերնետը գործնականում հասակակից են: Սա նշանակում է, որ 30-35 տարեկան եւ ավելի երիտասարդ մարդկանց համար ինտերնետը միշտ գոյություն է ունեցել: Միեւնույն ժամանակ, այդ տարիքի հայերի համար անկախ Հայաստանն էլ է միշտ գոյություն ունեցել եւ այլեւս բաղձալի երազանք չէ: Ընկալման տեսակետից սա կարեւոր հանգամանք է երիտասարդության շրջանում սփյուռքը որպես ցանց դիտելու եւ ոչ` որպես միմյանցից կտրված գաղութների հավաքածո:

Սփյուռքի ներգրավման ձեւաչափ է դառնում սփյուռքի համար Հայաստանը որպես պատկանելության տարածք դարձնելը: Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը հայության միայն փոքր մասի համար է հանդիսանում պատմական հայրենիք: Արմատների բերումով՝ շատերը այլ տարածքներ ունեն իրենց հիշողության մեջ որպես նախնիների բնօրրան, որոնք, ցավոք, կորսված են: Սակայն, որպես հայկական քաղաքակրթությունը ներկայացնող ինքնիշխան միավոր` հայկական պետություն, վերջինս կրում է պատասխանատվություն Հայկական բարձրավանդակում հայկական քաղաքակրթության պահպանման համար: Սա նաեւ ենթադրում է համաշխարհային հայության համար հայապահպանման առաջատարի դերի ստանձնում:

Կարեւոր է ինչպես զգայական, այնպես էլ` պրագմատիկ շարժառիթներով դրդված սփյուռքային վերադարձի (հայկականի հետ կապի) ապահովում, հիմնականում` Հայաստանը տնտեսական գործունեության կենտրոն դարձնելու միջոցով: Որպես զգայական շարժառիթի ամրապնդման ուղղություն է, օրինակ, դեռահասների հետ տարվող հետեւողական աշխատանքը, այցելությունները Հայաստան, որպեսզի հենց այդ տարիքում ձեւավորվի պատկանելության զգացումը Հայաստանի նկատմամբ, քանի դեռ խորը չի արմատավորվել բնակության վայրի հետ կապվածությունը, որտեղ նա հայտնվել է հանգամանքների բերումով եւ ոչ իր կամքով:

Հայաստան պետության համար վճռական նշանակություն է ստանում Հայաստանի ընկալումը սփյուռքում` այն, որ աշխարհում յուրաքանչյուր հայ իրեն ընկալի որպես հայկական պետության ԴԱՇՆԱԿԻՑ, որ հայկական ինքնությունը կրելով ընկալի, որ իր եւ հայկական պետության շահերը համընկնում են: Նման պայմանը էլ ավելի կնպաստի, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը Հայաստանը իրենց պատկանելության տարածք ընկալեն:

Վահագն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Միջազգայնագետ (ք.Հոնկոնգ)

«Առավոտ» օրաթերթ
27.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31