Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Բայրաքթարներ» և ծանր կորուստներ»․ ադրբեջանցի գնդապետը մահվանից առաջ բացահայտել է պատերազմում Բաքվի հաջողության գաղտնիքը. «Ազատություն» ռ/կ

Հոկտեմբեր 27,2022 23:45

Մի քանի օր տևած լռությունից հետո ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու փորձագետները սկսեցին արձագանքել 44-օրյա պատերազմի մասին ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկի՝ Բեռլինում գործող Meydan TV կայքի հրապարակված ձայնագրությանը՝ պնդելով, որ գաղտնալսման ի հայտ գալն, ինչպես նաև ձայներիզում տեղ գտած փաստերը պետք է լրջորեն հետաքննվեն։

Պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակի դժվարությունների մասին բացահայտումների հեղինակը Առաջին բանակային կորպուսի հրամանատարի նախկին տեղակալ, գնդապետ Բաբեկ Սամիդլին էր։ Ըստ Meydan TV-ի, ձայնագրությունն արվել է ռազմական գործողությունների ավարտից մի քանի օր անց և գնդապետ Սամիդլիի մահվանից մի քանի օր առաջ։ Ադրբեջանցի սպան զոհվել էր 2020-ի նոյեմբերի 23-ին Մատաղիսում` ականի պայթյունից։

«Եթե վերցնենք տանկերը, հրետանին ու ականանետերը, ապա անձնակազմի հարաբերակցությունը [մեր և հայերի միջև] մեկը մեկին էր, չնայած այն հանգամանքին, որ հարձակվող կողմը պետք է եռապատիկ առավելություն ունենա», – ձայնագրության մեջ նշում է ադրբեջանցի գնդապետը՝ պնդելով՝ թե՛ 2020-ի հուլիսին՝ Տավուշի դեպքերից և թե՛ 44-օրյա պատերազմից առաջ Գլխավոր շտաբի ղեկավարությունը Իլհամ Ալիևին սխալ տվյալներ էր զեկուցում՝ միտումնավոր կերպով նվազեցնելով հայկական զորքերի քանակն ու կարողությունները։

«Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Այազ Հասանովը ճնշում էր գործադրում մեզ վրա։ Նա ստիպում էր մեզ հակառակորդի մասին սխալ, կրճատ տեղեկություններ տրամադրել, միայն թե կարողանան Գլխավոր հրամանատարին զեկուցել, որ առավելությունը մեր կողմն է, և մենք պատերազմին պատրաստ ենք։ Եվ սա չնայած նրան, որ կորպուսի հրամանատարներն ասում էին՝ 140 տանկով մենք [հայերի] 140 տանկերի դեմ հարձակման անցնել չենք կարող։ Մենք գոնե 250 տանկ պետք է ունենանք, [վերադաս սպաները] սակայն, ստիպում էին կրճատել այդ թիվը։ Մեր կորպուսի հրամանատարն, օրինակ, հրաժարվեց և [Այազ Հասանովը] նրան սկսեց վիրավորել՝ ասելով՝ «գնա պամպերս հագիր, դու վախկոտի մեկն ես», ասում է գնդապետ Սամիդլին։

Ըստ ադրբեջանցի զինվորականի, իրադրությունը ռազմաճակատում փոխվեց միայն այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման մշակմանը միացան թուրք զինվորականները՝ ստեղծված կացությունն ուղղակի զեկուցելով Թուրքիայի նախագահ Էրդողանին։

Այդ թուրք զինվորականներից մեկին գնդապետ Սամիդլին ձայնագրության մեջ ներկայացնում է որպես Բախտիյար փաշա։ Խոսքն, ըստ ամենայնի, Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետ Բախտիյար Էրսայի մասին է, որը մի շարք աղբյուրների վկայությամբ՝ պատերազմի ողջ ընթացքում եղել է Ադրբեջանում։ Բուն ռազմական գործողությունների ընթացքում, ըստ ադրբեջանցի զինվորականի, գոնե այն հատվածում, որտեղ ինքն է կռվել (դա, հիշեցնենք, Մարտակերտի շրջանն է) հայերը առավելություն են ունեցել հրետանային կրակի տեսանկյունից։

«Թշնամի D20 հաուբիցներ ուներ, որոնց կրակի հեռահարությունը 30 կիլոմետր է։ Իսկ մենք ավելի շատ D30 և D44 հաուբիցներ ունեինք, որոնք առավելագույնը 15 կիլոմետր էին կրակում։ Ժամանակին Բելառուսը վաճառում էր այդ D20-ները, մերոնք, սակայն, գերադասեցին Ռուսաստանից D30 առնել, բելառուսներն էլ D20 հաուբիցները ծախեցին Հայաստանին», – պատմում է Սամիդլին։

Բացի այդ զինվորականը պնդում է, որ գոնե իր հրամանատարության տակ գործող ստորաբաժանումներում հանդերձանքի և հատուկ միջոցների լուրջ պակաս կար։

«Կապի միջոցներով մենք ապահովված էինք 49 տոկոսով, զրահաբաճկոններով՝ 62 տոկոսով։ Ողջ կորպուսում ընդամենը յոթ հատ GPS տեղորոշիչ կա», – նշում էր Սամիդլին։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31